Ինչով է վտանգավոր պատմական Հայաստան-իրական Հայաստան հակադրությունը

Ինչով է վտանգավոր պատմական Հայաստան-իրական Հայաստան հակադրությունը

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ունեցած ելույթում վերստին արծարծել է պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հակադրության հարցը։ Առնվազն տարօրինակ է, որ գործադիրի ղեկավարի համար սեւեռուն միտք է դարձել պատմական Հայաստան-իրական Հայաստան դիլեման, այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքի բովանդակային ծալքերի մեջ խորանանք, ապա կարող ենք ասել, որ, կամա թե ակամա, Հայաստանի գործող վարչապետը մոլորության մեջ է։ Նա պատմական Հայաստան է որակում հայկական ինքնությունը, որը մերժում է իրական Հայաստանով։ Պատմական Հայաստանը հայկական ինքնության մի մասն է՝ այն հայրենիքը, որտեղ ձեւավորվել է հայ ժողովուրդը եւ որի մի մասնիկի վրա էլ ապրում է հիմա։ Սա անվիճելի եւ անվիճարկելի հարց է։

Մերժելով պատմական Հայաստանը՝ Փաշինյանը, ըստ էության, մերժում է նաեւ, իր իսկ բառերով ասած՝ իրական Հայաստանը, որովհետեւ իր պատկերացրած իրական Հայաստանն այդ նույն պատմական Հայաստանի մոտ 1/10 մասն է հանդիսանում։

Մերժելով պատմական Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է Ադրբեջանի այն թեզը, թե հայերն այս տարածաշրջանում եկվոր են, եւ Հայաստանը, ըստ էության, ստեղծվել է Ռուսաստանի կամքով` ընդամենը մի 100-150 տարի առաջ։ Սա շատ վտանգավոր եւ մերժելի թեզ է։ Պատմական Հայաստանը մեզ հետ է` ուզենք կամ չուզենք, եւ մեզ հետ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում թեկուզ մեկ մարդ իրեն համարում է Հայոց ցեղասպանությունը վերապրածի շառավիղ։

Ի վերջո, պատմական Հայաստանը մեր պատմական հիշողությունն է, այն ավելի շատ էթնո-պատմական կատեգորիա է, քան քաղաքական, եւ հատկապես՝ երբեւէ դրա տակ այլ ենթատեքստ որոնել հնարավոր չէ, ինչպես, օրինակ, Ալթայը կամ Կենտրոնական Ասիան շատ թուրքեր համարում են իրենց պատմական հայրենիքը։ Փաշինյանը, պատմական Հայաստանի հանդեպ ունեցած իր ողջ մերժողականությամբ հանդերձ, խորհրդային գաղափարախոսության կրիտերիաների մի փոքր խստությունն իսկ չունի, որտեղ պատմական Հայաստանի մասին հիշատակումն արգելվել է, նույնիսկ եղել են ժամանակներ, երբ ազգայնականություն է այն որակվել ու հալածվել։ 

Սակայն, միաժամանակ, նույն խորհրդային իրականությունում հասկացել են, որ «պատմական Հայաստան» հասկացությունը ո՛չ քաղաքական հասկացություն է, ո՛չ այլ տեսակի եւ կապ ունի պարզապես հայկական էթնոսի էթնոպատմական հիշողության հետ, որից հետո էլ խորհրդային ժամանակների ակադեմիական պատմական հրատարակություններում «պատմական Հայաստան» կամ «Արեւմտյան Հայաստան» եզրույթները կիրառվել են։
Ու նաեւ՝ Փաշինյանը պետք է ուշ կամ շուտ հասկանա, որ ազգային ինքնության հենասյուներից մեկը խորտակել փորձելով, ոչ մի բանի չի հասնելու, որովհետեւ չունի եւ չի ունենալու դրան փոխարինող հենասյուն, որը կառաջարկի։ Այլ խոսքով ասած, եթե նույնիսկ խիստ կարճաժամկետ հեռանկարում նա հաջողության հասնի եւ իր ծրագրերն իրականացնի՝ պատմական Հայաստանի հողակտորները հոժարակամ թշնամուն զիջելով, միեւնույն է, նրա ուժերից վեր է էթնոսի գենետիկ պատմական հիշողությունը սրբագրելը կամ խմբագրելը։