Մեր գյուղի կտուրից

Մեր գյուղի կտուրից

Հիշու՞մ եք Լեոնիդ Հուրունցի «С крыши моего села» գիրքը: Հրապարակախոսի նրա հայացքն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը դիտարկել էր հայրենի Նոր շենի անցյալով եւ ներկայով: Հոյակապ ընդհանրացում է: Երկրորդ օրն է՝ գյուղում եմ: Երբ վեց տարի առաջ սկսեցի հիմնանորոգել հայրական մեր տունը, ոչ ոք կորոնավիրուսի մասին չգիտեր: Մի մեծ վտանգի՝ պատերազմի վերսկսման, տագնապ կար, եւ մեր հարեւանուհին, որ 94-ի հունվարի  6-ին որդի է կորցրել, մյուսներին ասել էր. «Եթե սրանք քաղաքից եկել, տուն են նորոգում, ուրեմն մի բան գիտեն՝ էլ կռիվ չի լինի»:

Նրա լավատեսությունը, ցավոք, չարդարացավ, եւ Ապրիլյան պատերազմին մասնակցեց պահեստազորային նրա կրտսերը: Հետո եկավ թոռան ծառայության ժամանկը: Զորակոչի է սպասում մյուսը: Մենք, ինչպես գյուղում են ասում, պատը-պատին հարեւան ենք: Կյանքը փոխվել է, առավոտյան սուրճ բոլորն են խմում: Իմ գյուղի կտուրից դա մեծ գրչի արժանի պատկեր է՝ ինչպես է հարեւանուհին սկուտեղի վրա շարում սուրճի բաժակները, կենտրոնում՝ քացրեղենի սկահակ: Գյուղում հիմա ոչ ոք հարեւանին բարձրաձայն չի կանչում: Զանգում են բջջայինով կամ ֆեյսբուքով են գրում ասելիքը: Եւ սուրճը եփում են գազօջախի վրա:

Միայն վառարաններն են մնացել: Շատ չէ՝ մի հինգ-տասը տարի հետո, կտեղադրեն ջեռուցման սարքեր: Մեր գյուղի կտուրից աշխարհը գեղեցիկ է: Մի երկու-երեք տարի առաջ գրող Մերուժան Տեր-Գուլանյանին ցույց տվեցի տան երկրորդ հարկի պատշգամբից բացվող պատկերը, սքանչացավ: Իմ աչքով՝ արտառոց ոչինչ չկա: Նույն կրաքարե ժայռերն են, նույն ձորը, նույն քերծամագիլ սոսենին: Մեր տնջրին՝ իր նշանավոր աղբյուրով, եւ կիրճը, որտեղ հուլիս-օգոստոսին կապտաթեւ վայրի աղավնիներ են պատահում: Տնամերձ ունենք, մի քանի ածու կարտոֆիլ ենք ցանել, մի –երկու մարգ՝ կանաչեղեն, ստեպղին: Անցյալ տարի ծառեր էինք տնկել, մի տասը հատ բռնել է: Պուճուրիկ սալորենին ծաղկել է, բայց ձյուն է եկել: Պտուղը կբռնի՞: Ի՞նչ իմանաս: Հարեւան Յաշան ասում է՝ չորս աստիճան սառնամանիք էր,ծաղիկը փչացավ:- Գյուղ  է: Մեկի աչքը մյուսի ծառի վրա է: Նույնն է կորոնավիրուսի տագնապը: Մեկ էլ՝ որ նախագահի ընտրությունը բարով-խերով լինի: Պատշգամբից Կաչաղակաբերդն է, Խոխանաբերդը: Սարերում ձյուն կա: Սառը քամի է փչում: Իմ գյյուղի կտուրից աշխարհն անհանգիստ է: