Եռագիծ. Պիկասո, Սուպո, Ապոլիներ

Եռագիծ. Պիկասո, Սուպո, Ապոլիներ

Պաբլո Պիկասո

 

22 մարտի 1936թ.

ահա հացի փշրանքները նրա մատներում այնքան նրբորեն դրված, երկնքի եզրին այնքան կապույտ, խոր շնչող, ասես ծովային խեցի երկնքի փոխարեն, սրնգահարը թեւերը թափահարում է ծաղկած գարնան ամեն կաթիլով, որը նրա զգեստը վերածում է ծվենների, եւ պատուհանն ուռչում է, լցնում սենյակը, տանում օդում սավառնող նրա երկար մազերը

28 հոկտեմբերի 1935թ․

եթե ես մտածում եմ ինչ-որ լեզվով ու գրում եմ, որ «անտառում շունը գնում է նապաստակի հետքերով», ու ուզում եմ թարգմանել այդ ամբողջն ուրիշ լեզվի, պիտի ասեմ՝ «սպիտակ փայտե սեղանը մխրճում է թաթերն ավազում ու մահանում սեփական հիմարությունը հասկանալու վախից»

4 նոյեմբերի 1935թ․

I
այս երեկո
ես տեսա
ինչպես վերջին հանդիսատեսը
դուրս եկավ Գավոյի դահլիճից
համերգից հետո.
այնուհետեւ ես գնացի քիչ հեռու այդ փողոցով ծխախոտի կրպակ լուցկի գնելու

II
հայելին խցանե փեղկում - նետված է ծովի ալիքներում - լոկ վայրկենական բռնկումն ես դու տեսնում - ամպ ու երկինք - քո բաց բերանը պատրաստ է կլանել արեւը - բայց թող տեւականորեն անց կենա թռչունը - միայն թե մի պահ ապրեմ քո հայացքում - հիմա նա արդեն կորցրել է աչքերը - ընկել է ջուրը - կույր է - եւ որքան ծիծաղ կա - արդ - միթե նրանից չեն ալիքներն այս

16 դեկտեմբերի 1935թ․

միայն գույն.
մեղուն կրծում է սանձը.
միայն բույր.
թռչունը թափահարում է իր 
մանգաղը
պարզապես տեսնելու համար, թե ինչպես են նրանք դեսուդեն նետվում բարձի վրա.
սերը հալեցնում է ծիծեռնակի թռիչքի մետաղյա ռելսը.
սոսկ մի բարակ մազ

 

Ֆիլիպ Սուպո

Պես

Գիշերվա ու անդորրի, 
արշալույսի ու լռության պես
ես սպասում եմ, 
սպասում եմ, 
իսկ դու չես գալիս․
քայլում եմ լույսի մեջ․
աղոտ լույսի, օրվա մեջ,
քո անունն ու հայացքը,
վազում եմ գիշերվա միջով
դեպի մենություն,
դեպի անսահմանություն
դու էլ չես գա․
ես սպասում եմ, սպասում
գիշերվա, անդորրի, 
լուսաբացի ու զղջումի պես։

Դեպի գիշեր

Ուշ է եւ արդեն
ստվերում ու քամու մեջ
ճիչ է բարձրանում գիշերվա հետ
Ես ոչ ոքի չեմ սպասում, 
ոչ ոքի
հիշողություն չէ անգամ
Ժամն անցել է վաղուց
բայց այս ճիչը, որ տանում է քամին
եւ որսում իր առաջ
գալիս է ավելի հեռվից
երազից վեր
Ես ոչ ոքի չեմ սպասում
ու ահա գիշերը պսակված հրով 
լուռ մեռելների բոլոր աչքերից
Եվ այն ամենը, ինչ պիտի կորչի, այն ամենը, ինչ կորած է, 
պետք է վերգտնել
երազից վեր
ցայգին մոտ։

 

Գիյոմ Ապոլիներ 

Մեկնումը

Եվ գունատ էր դեմքերը նրանց
Ու հեկեկանքը բեկված
Նման մաքուր փաթիլների ձյան
Նման ձեռքերիդ համբույրներիս տակ,
Ընկնում էին տերեւներն աշնան։

Հրաժեշտը

Պոկեցի այս ցախի ճյուղը 
Հիշիր՝ մեռավ աշունը
Երկրի վրա մենք իրար էլ չենք տեսնի
Ժամանակի բույր ցողուն ցախի
Հիշիր, որ քեզ սպասում եմ հավետ։


Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ