Առաջնորդն է «ձեւավորում» զանգվածների վճռականությունը

Առաջնորդն է «ձեւավորում» զանգվածների վճռականությունը

«Դժվար ժամանակները հերոսներ չեն ստեղծում,- ասել է Բոբ Ռայլին,- հենց այդ ժամանակներում է բացահայտվում մեր միջի հերոսը»: Վիքիպեդիայում այդ անունով երկու հայտնի ամերիկացի է առկա՝ մեկը դերասան, իսկ մյուսը ԱՄՆ Ալաբամա նահանգի 52-րդ նահանգապետը: Չիմացա, թե մեջբերվածը ում խոսքն է, բայց դրանից դրա արժեքը չի նվազում: Այսօր մեր երկրում հենց այդպիսի ժամանակներ են, և հասարակությունն ունի նման մարդկանց կարիքը: Մնում է, որ դրանք բացահայտնվեն՝ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ առաջին, երկրորդ և երրորդ ազատամարտերի ընթացքում: Որովհետև այսօր Հայաստանը վերածվել է ոչ պակաս ազատամարտի դաշտ: Կասեի նույնիսկ, որ ավելի, քան ազատամարտի, որովհետև մենք բախվել ենք պետականությունը կորցնելու վտանգին: Ի դեպ, մեջբերված խոսքը համարժեք է մեկ մարդու մեջ Աստծո և սատանայի առկայության արձանագրմանը: Հանգամանքներից (գենետիկա, դաստիարակություն, արտաքին պայմաններ և այլն) կախված՝ ձևավորվում է կա՛մ հասարակությանը պիտանի անձնավորություն և կա՛մ անպետք մեկը: Այսօր մեզ անհրաժեշտ է հենց մարդկային առաջին տեսակը: Եվ այն ձևավորվում է մայրաքաղաքի փողոցներում ու հրապարակներում:

Ասվածի համատեքստում դիտարկենք ԱԱԾ նախկին տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր, «Դիմադրության» շարժման ղեկավարներից մեկի՝ Արթուր Վանեցյանի ելույթից մեկ հատված. «Ժողովուրդն է որոշելու, թե երբ պիտի փոխվի այս իշխանությունը, երբ ժողովուրդը վճռական դուրս եկավ, մենք առաջնորդելու ենք այդ պայքարը»: Հարգելով հանդերձ Արթուր Վանեցյանին, հատկապես՝ Ազատության հրապարակ դուրս գալու նրա նախաձեռնության համար, պետք է չհամաձայնվեմ մեջբերված խոսքի՝ ժողովրդի վճռականականության վերաբերյալ հատվածին: Ժողովուրդը մեկ անգամ արդեն վճռականորեն և որ ամենակարևորն է՝ ինքնակամ, դուրս էր եկել նոյեմբերի 10-ի գիշերը: Եվ այդ գիշերն ինքը կարիք ուներ առաջնորդության, սակայն այդպիսիք, դժբախտաբար, չգտնվեցին: Իսկ ինքնակամությունն էլ, բնականաբար, պայմանավորված էր եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրողին ՄԵՐԺԵԼՈՒ վճռականությամբ: Սակայն վճռական պահը բաց էր թողնվել, և իրատեսական չէ երկրորդ անգամ սպասել նույն երևույթի գալստյանը: Այսօր արդեն առաջնորդողները պետք է տանեն նրան վճռական պայքարի: Ինչը նշանակում է, որ փողոցում գտնվող ժողովրդի վճռականությունը պայմանավորված է շարժման ղեկավարների վարքագծով:

Ինչ մնում է մարդկանց քանակին, ապա դա ոչ մի նշանակություն չունի Նիկոլի համար: Նիկոլը Սերժ չի, որ կամովին հրաժարվի պաշտոնից: Դրան գումարած՝ ինքը չունի Սերժի ճակատագիրը, որպեսզի պաշտոնից հրաժարվելուց հետո ազատ շրջի քաղաքում: Այնպես որ, մարդկանց ահռելի քանակաությամբ անգամ Նիկոլին հնարավոր չէ հեռացնել, եթե այդ զանգվածը չդիմի կոնկրետ գործողությունների: Իսկ կոնկրետ գործողությունների դեպքում մարդկանց ահռելի քանակ պետք չէ: Պետք է ընդամենը մոտիվացված բազմություն և այն ղեկավարող ուժ, որը չի ընկրկի դիմացի բիրտ ուժի առջև: Ուժերի դիմակայության պայմաններում հաղթում է ոչ թե քանակը, այլ հաղթանակի հաստատակամությամբ պայքարի գնացող ուժը՝ համապատասխան ղեկավարով: Եթե դա չլինի՝ քանակն ինքնուրույն որակի չի վերածվելու: Ինչ մնում է շենք գրավելու փորձի անհաջողության դեպքում ընդդիմության բոլոր առաջնորդներին մեղադրանք առաջադրելուն և ձերբակալելուն, ապա դա նորմալ է: Եթե Նիկոլը որոշել է ոչ մի դեպքում չհեռանալ, ապա շարժում նախաձեռնողները պետք է պատրաստ լինեն նաև ձերբակալվելու: Սակայն դրանով շարժումը չի կասեցվի, եթե մարդիկ տեսնեն, որ ղեկավարների մի խմբին փոխարինելու է գալիս մյուս խումբը և առաջնորդում է նրանց: Այդ դեպքում և՛ հերոսներ կծնվեն և՛ կրկին առաջ կգա բողոքավոր զանգվածի վճռականությունը: Այլ տարբերակի դեպքում այն միշտ կլինի սպասողական վիճակում՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին է այսօր շարժման ղեկավարությունը:

Հ.Գ. Սրանով ներկայացնում եմ իմ ներդրումը շարժման հետագա ընթացքի վերաբերյալ այսօրվա քննարկմանը: Ինչ մնում է շարժման մարտավարությանը, ապա Ջին Շարփից ավելի լավ ոչ մեկը չի կարող խորհուրդներ տալ այդ առումով: