Ռոմանտիկ պահի ավարտը

Ռոմանտիկ պահի ավարտը

Հայաստանյան հասարակության բազմաթիվ արատներից մեկն էլ կոռուպցիան է: Երբ երկիրդ հարուստ է բազմաբնույթ ռեսուրսներով (մարդկային, տարածքային, ընդերքի, ջրային և այլն), ապա այդ հիվանդությունն ունենալով՝ կարող է դիմանալ բավական երկար: Եթե ռեսուրսներն անբավարար են, ապա, ինչպես ցույց տվեց կյանքը, երկու-երեք տասնամյակում կանգնում է լուրջ խնդիրների դեմ հանդիման: Նախկինները տեսական մակարդակում գիտակցում էին դրա վտանգավորությունը և մշակում ու ընդունում էին հակակոռուպցիոն ռազմավարություններ: Բայց քանի որ այդ իշխանությունն ինքն իր դեմ չէր կարող իրապես պայքարել՝ դրանց իրականացումը հիմնականում վեր էր ածվում իմիտացիոն գործընթացի: Եվ քանի որ հակակոռուպցիոն պայքարը միջազգային, իմա՝ արևմտյան, պահանջներից մեկն էր վարկեր տրամադրելու առումով, ապա այստեղ բավարարվում էին օրենսդրական բարեփոխումներով: Չնայած հասկանալի էր, որ այդ բարեփոխումներն աստիճանաբար կյանք էին մտնելու (երբեմն նաև մտնում էին), և ժամանակի ընթացքում գրանցվելու էին դրական արդյունքներ: Եվ երկրի քաղաքացիներն էլ դանդաղորեն կընդունեին խաղի նոր կանոնները, և ենթադրաբար մի քանի տասնամյակ կամ սերունդ անց Հայաստանը կվերածվեր նվազագույն կոռուպցիոն մակարդակ ունեցող երկրի: Այսպիսին էր պետական կառավարման համակարգի մտայնությունը, և գործող իշխանությունը շարժվում էր հենց այդ սցենարով:

Սակայն պարզվեց, որ նախկին իշխանություններին տրված չէր այդ մի քանի տասնամյակը, և նախկիններից վերջինը մերժվեց համարյա ազգովի: Եվ փողոցի ուժով վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը հայտարարեց կարճ ժամանակահատվածում (հիշենք՝ կախարդական փայտիկի օգնությամբ) կոռուպցիայից զերծ երկիր կառուցելու մասին: Քաղաքական պայքարի երկարատև փորձ ունեցող, սակայն զարմանալիորեն քաղաքականապես չհասունացած Փաշինյանին թվաց, թե իր մի խոսքը բավական է, որպեսզի ոչ միայն ժողովուրդ հավաքվի Ազգային ժողովի բակում, կամ դատարաններ արգելափակվեն, այլև համակարգային կոռուպցիայում թաթախված մի ողջ պետություն ազատվի այդ ախտից: Ասվածը համոզիչ դարձնելու համար մեկ ուրիշ երևույթ հիշեցնեմ՝ 2018-ին (թե՞ 2019-ին) դաժան ինչ-որ սպանությունից ազդված՝ Փաշինյանը հայտարարեց, թե ժողովրդավարական երկրում (թե՞ բաստիոնում) նման արարքներն այլևս չպետք է կրկնվեն: Իհարկե, դրանք շարունակվում էին կրկնվել, և նրա խոսքը մնաց ավազի վրա գրված: Իսկ վարչապետի կարգավիճակում քաղաքական հասունացման հետ մեկտեղ կյանքի կոչվեցին կոռուպցիոն նույն երևույթները, որոնք առկա էին նախկինների օրոք: Այդպես ավարտվեց փողոց փակողների առաջնորդի «ռոմանտիկ հեղափոխականության» դարաշրջանը: 

Կոռուպցիայի գծով «ռոմանտիկ» դարաշրջանի ավարտն ուղղակիորեն հաստատվել է նաև Կոռուպցիայի ընկալման ինդեքսի 2022 թվականի արդյունքներով: 2018 թվականից հետո տեղի ունեցած առաջընթացն ավարտվել է անցյալ տարի. նախորդ երկու տարվա համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 3 կետով՝ հավասարվելով 46 միավորի (ամբողջականը 100-ն է, ինչը ցույց է տալիս կոռուպցիայիզ ազատ լինելը): Կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսը ներկայացնող «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը լուրջ խնդիր է համարել իրավական համակարգի կողմից ընտրովի մոտեցում կիրառելը, դատական համակարգի անկախության վիճակը, պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողությունները: Իսկ ամենակարևորը եզրակացությունն է՝ «Անկումը կարող է շարունակվել»: Որպես այդ կազմակերպության շուրջ երկու տասնամյակի աշխատակից և անդամ կարող եմ ասել, որ անկումը ոչ թե կարող է շարունակվել, այլ այն ուղղակի չի կարող չշարունակվել: Չի կարող չշարունակվել, քանի որ տվյալ ոլորտում այդպիսի արդյունք պետք է գրանցի այն ուղին, որով ներկայումս ընթանում է գործող իշխանությունը:

Բնականաբար, հակառակ կարծիքի է պատերազմում պարտություն կրած, սակայն, այնուամենայնիվ, վերընտրված Փաշինյան Նիկոլի իշխանությունը: Նրա ներկայացուցիչներից Աղազարյան Հովիկն (Ազագային ժողովի քպկական «ազգընտիր»), օրինակ, վստահ է, որ Հայաստանում համակարգային կոռոպցիա չկա: Որ առանձին դեպքերն էլ իշխանության կողմից միանշանակ բացասական վերաբերմունքի են արժանանում: Եվ չնայած մամուլում անընդհատ շրջանառվող՝ Ալեն Սիմոնյանի եղբոր, Տիգրան Ավինյանի, Հրաչյա Հակոբյանի, Սուրեն Պապիկյանի և այլ անունների դեպքերում չի կարող չլինել կոռուպցիոն ռիսկ, սակայն դրանք չեն վերածվում կոռուպցիայի: Լսելով դաշնակցականից քպկականի վերածված Աղազարյանին՝ հերթական անգամ դեժավյուի զգացում ապրեցի: Նախկինները ևս, երբ գործող իշխանություն էին, ասում էին, թե իրենք վերացրել են համակարգային կոռոպցիան, կամ հասնում են դրա վերացմանը, իսկ եղած դեպքերն էլ ընդամենը առանձին դրսևորումներ են: Ի դեպ, այդ առումով իմ դեժավյուն ավելի «տարիքով» է, քանի որ նման բան էր ասվում խորհրդային իշխանության տարիներին: Թեև այն ժամանակ խոսվում էր ընդամենը դրա առանձին դրսևորումների՝ կաշառքի, պետական միջոցների վատնումի և այլ երևույթների մասին: 
Որպես վերջաբան. մեր դեպքում կոռուպցիան կարող է հասցվել նվազագույնի այն ժամանակ, երբ Նիկոլի իշխանությունը փոխարինվի հայրենասեր և նվիրված հայաստանցիներով (և ոչ միայն), որոնց նպատակը պետք է լինի ոչ թե 1-2 միլիոնանոց աշխատավարձը, այլ Հայրենիքի հզորացումն ու բարգավաճումը: