Ներհայեցողական դիտումներ. Աշոտ Հովսեփյան

Ներհայեցողական դիտումներ. Աշոտ Հովսեփյան

«ԽԱՅՏԱԲՂԵՏ ՔՐՈՆԻԿՈՆ ՄԱՐԴՈՑ ՈՒ ԿԵՆԴԱՆՅԱՑ» ժողովածուից

ԿՅԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝
ՀԱՐՅՈՒՐ ԱՆԱՐԺԵՔ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ՈՉ ԱՆՀԱՅՏ ՓԱՍՏԵՐԻ ԴԻՄԱՑ

1. Միայն Աստված կարող է մխիթարել մեր կոտրված սրտերը, Նա է շնորհների բաշխիչը:
2. Ողորմած հոգի տատս, Աստված հոգին լուսավորի, ասում էր. «Ով ինչ անի, իրեն կանի»։
3. Չես հարվածում դու, հարվածում են քեզ։ Չգրված օրենք է։
4. Հիմարի հետ վեճի մեջ մտնելը, վեճի բռնվելը ոչ միայն մեծ հիմարություն է, այլև՝ հենց իսկ հիմարության գագաթնակետն է։
5. Ու զուր է կարծել, թե ճշմարտությունը վեճի մեջ է ծնվում։
6. Աշխարհն, այո՜, շուռ է եկել, մարդուց մարդ չի մնացել, ու դու չկաս, դու ոչինչ ես, դու՝ ոչ ոք, անուն չունես դու անազն։
7. Հերթական անգամ խաթարվում է աշխարհն ու homo sapiens-ը վերստին շարունակում է լինել ու մնալ նույն թնդանոթի միսը։
8. Խելակորույս աշխարհն, ա՜րդ, լցվել է ճշմարտությունը բռնաբարող քարոզիչներով ու ճշմարտության «ճշմարտախոս» ջատագովներով։
9. Ամենավտանգավոր չարքը մեր մեջի չարքն է, ու ամենափրկիչ ուժը մեր մեջի փրկիչը, մեր մեջ Փրկչի գոյությունը։
10. Ամենաանադեկվատ մեկն էլ դիմացի ամենաադեկվատին անադեկվատ է համարում:
11. Ասում են, թե կեցությունն է որոշում գիտակցությունը, թեպետև գերադասելի կլիներ հակառակը, երբ գիտակցությունը կորոշեր կեցությունը։
12. Աստված ոմանց թևեր է տվել, ոմանց՝ աքացի։ Ու կարծես թե բոլորն էլ թռչում են... Եվ ի՛նչ տարբեր զգացողություններ, ի՛նչ հեռանկարներ են բացվում:
13. Փողը չի փոխարինի սիրուն... Փողը փչացնում է մեր կյանքը... Փողը մեզ չի օգնի նույնիսկ գերեզմանում... Հապա ինչո՞ւ են մարդիկ հանուն էս ձեռքի կեղտի դադարել մարդ լինել:
14. Սխալվելը դեռ մեծ մեղք չէ։ Սխալին սխալ վերաբերվելը, սխալ արձագանքելը, սխալը չընդունելն ու չուղղելն է մեծ մեղք։
15. Ասում են, թե կրկնությունը գիտության մայրն է։ Գուցե, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ գիտությունն իմաստության չի հասցնում, ու կրկնությունը ողբերգության է հանգեցնում։
16. Այսպես որ գնա, էս աշխարհի հզորները կխաթարեն անգամ տասնյակ միլիոնավոր տարիներ գոյատևած ամենահանդարտ և ամուր, ու միաժամանակ նուրբ ու փխրուն այնպիսի համակարգեր, ինչպիսին է, օրինակ, Մեծ Արգելախութը։
17. Մեծ նվաճում է անկախ ամեն ինչից լինել անկախ ամեն ինչից։
18. Ապրել դիմադրվելով, ուրեմն՝ պայքարելով։
19. Հեշտ ապրուստը դեգրադացնում է մարդկությանը։
20. Կամազուրկ աշխարհն է պտտվում, կամքից զուրկ մարդը՝ գլորվում։
21. Քանի որ ներկա աշխարհում հաղորդակցության մշակույթը անկում է ապրել ու մեռնում է, ազատ ժամանակը բեռ է դարձել մարդկության համար։
22. Թերություններ տեսնելու համար սերը սովորաբար կույր է լինում, իսկ հարևանները՝ ոչ։
23. Ողորմած հոգի պապս, Աստված հոգին լուսավորի, ասում էր. «Շատ մի՜ սիրիր, ատել կա, շատ մի՜ ատիր, սիրել կա»։
24. Ու թեև չկա ավելի վատ բան՝ քան երևակայության կորուստն է, քանզի երևակայությունը ազատություն է, սակայն ներկա աշխարհում homo sapiens-ը, իրականությունը մարտահրավեր համարելով, հեռանում է իրական աշխարհից ու երևակայականի գիրկն ընկնում, և այնտեղ անհույս խարխափելով՝ վերածվում homo dementius-ի։
25. Մարդու գլխավոր զգացմունքը սերը պիտի լինի, որից էլ պիտի ածանցվեն միտքն ու խիղճը, պատիվն ու արժանապատվությունը, մարդասիրությունը, իսկ ամենակարևորը՝ հայրենասիրությունը։
26. Մարդն ինքն է որոշում՝ լինել խաչակի՞ր, թե՝ մոլորյալ, խաչի ճամփո՞րդ, թե՝ մի պարզ թափառական։
27. Ֆրանսիացի վիպասան Օնորե դը Բալզակն ասում էր. ՙՄիջակությունն ահավոր, անդուլ պայքար է մղում նրանց դեմ, ովքեր իրեն գերազանցում են՚։ Իսկ ես վստահաբար կհավելեի. «Գորշ միջավայրը չի հանդուրժում պայծառ լուսատուներին»։
28. Ով չի ուզում ապրել՝ մա՞րդ մի առանձին, թե՞ հավաքական ազն կամ ժողովուրդ, ուրեմն ապրելու իրավունք նա չունի։
29. Իսկ ով ապրելու կամք ունի՝ մա՞րդ մի առանձին, թե՞ հավաքական ազն կամ ժողովուրդ, ոչ ոք ու ոչ մի ուժ չի կարող կոտրել էդ կամքը։
30. Քանի դեռ ինքդ քեզ օգնելու ցանկություն չունես, ոչ ոք չի օգնի քեզ: Զուր չի ասված, թե խեղդվողների փրկության գործը հենց խեղդվողների գործն է։
31. Եթե նավապետն այնքան ապիկար ու ապաշնորհ է, որ նույնիսկ չգիտի, թե դեպի ուր է լողարկում իր նավը, ապա ոչ մի համընթաց քամի էլ նրան օգնել չի կարող։
32. Մեծ «հանճար» է պետք լինել՝ փրփուր ի բերան խոստանալով խաղաղություն՝ բերել պատերազմ, ճամարտակելով հաղթանակի մասին՝ տանել այն անփառունակ պարտության, սփռելով մահ ու ավեր՝ բազմապատկել շիրմաթմբերը սեփական երկրում։
33. Սպանդանոց տարվող հեզաբարո ոչխարի անխելքությամբ դահիճի ձեռքը համբուրելը փրկություն լինել չի կարող։
34. Միջազգային հանրություն ասվածն ընդամենը մի ամորֆ զանգված է։
35. Բարի՞, թե՞ չար, ազնի՞վ, թե՞ ստահակ, արդա՞ր, թե՞ խարդախ, խաբեբա, սրիկա, ո՞ղջ և առողջ, թե՞ տկար ու մեռած՝ միշտ հիշե՜ք, որ ձեզ միշտ հիշելու են՝ կա՜մ բարի խոսքով, կա՜մ... հիշոցով։ Այնպես որ, հիշե՜ք նաև, ով մոռանում է իր սեփական ժողովրդին, մոռացվում է ժողովրդի կողմից: Կամ հիշվում է միայն հիշոցով: Օ՛ն, առա՜ջ, դե շո՜ւտ, հրամմեցե՛ք, հիշոցի արժանի որդի՜ք դժոխքի։
36. Մինչ մեր կյանքում սոցիալական ցանցերի հայտնվելը հիմարներին ճանաչում էին միայն իրենց մերձավորները։
37. Ժամանակներն անհուսորեն փոխվել են, և էն ամենը, ինչ թանկ էր անցյալում, հիմա բոլորովին անարժեք ոչնչի է վերածվել։
38. Ամենքի կողմից ընդունված շատ բանաձևումներ ընդամենը մի փոքրիկ թերություն ունեն. պարզապես եթերային են։
39. Որպեսզի բարին չարին հաղթի և աշխարհում խաղաղությունը միշտ թագավորի, պիտի արդարությունը սպառազինել, իսկ անարդարությունը զինաթափել։
40. Մարդկային հարաբերություններում ճիշտն ու սխալը որոշելիս միշտ մենք ենք ճիշտը, մենք պուպուշ ենք, իսկ դիմացինը՝ սխալ, դիմացինը՝ ապուշ։
41. Գունագեղ պղպճակի գունդը փչելով մեծացնելիս ու ծավալն ավելացնելիս միայն դրա մեջի դատարկությունն է ավելանում։
42. Աշխարհում որտեղ էլ լինի, քաղաքական գործիչների պերճախոսության հեղեղները ուրիշ բանի չեն ծառայում, քան եթե համաշխարհային օվկիանոսի ջրերի համալրմանը։
43. Խաղաղություն ապահովելու համար ոչ մի թղթի կտոր երաշխիք չէ, եթե հարկ եղած չափով պատրաստ չեք զենքը ձեռքներիդ ինքներդ ձեզ պաշտպանելու։ Հո զուր չի՞ ասված՝ «Խաղաղություն ե՞ս ուզում, պատրաստվիր պատերազմի»։
44. Կյանքը փխրուն մի բան է, ու բնավ պետք չէ վախենալ մեռնելուց։ Ներկայումս ապրելն ավելի երկյուղալի է։ Առավել ևս, պետք չէ վախենալ մեռյալներից, քանզի նրանք անվնաս են։ Ա՜յ, պետք է վախենալ ողջերից, քանի որ սրանք են, որ իրապես վտանգավոր են։
45. Ախ, էդ քաղցր բառը՝ «Ազատություն»։ Սովետական «հին ու բարի» անցյալում, երկաթե վարագույրի ետևում ազատությունն ամենաթանկ բանը համարողները, երբ էդ «Ազատություն» ամենաքաղցր բառը շուրթերին հրապարակները փոթորկելով՝ պալատներ ներխուժեցին, մեկեն վերափոխվեցին։ Էդ պահից արդեն նրանց համար ամենաքաղցր բառն ու միևնույն ժամանակ ամենաթանկ բանն այլևս դարձավ իշխանությունը։
46. Երկրային ընթացքիդ որոշակի պահի հանկարծ հասկանում ես, եթե, իհարկե, մտածելու ու վերլուծելու ընդունակությունից Աստված չի զրկել քեզ, ուրեմն հասկանում ես, որ կյանքն անցել է կողքովդ։ Քանզի, երբ ետ ես նայում՝ տեսնում ես, որ բան չես ապրել, իսկ երբ առաջ ես նայում՝ տեսնում ես, որ բան չի մնացել ապրելու։
47. Թռի-վռի ճպուռի պես դես ու դեն թռվռալով, անընդհատ ու շարունակաբար նոր տիրոջ փնտրտուքով փլատակներ կվաստակես ու կկանգնես կոտրված տաշտակի առաջ, քանզի որևէ մնայուն բան ձեռք չես բերի, մինչդեռ ունեցածդ էլ կկորցնես անդառնալիորեն։
48. Մարդս երբեք չի կարողանում մոռանալ իր հաջողությունները, բայց չգիտես ինչու հեշտ է մոռանում իր ձախողումները, և ըստ այդմ՝ հաջողություններով անհարկի հպարտանալով, այլև՝ հաջողությունները գերագնահատելով ու դրանցից մեծամտանալով, հետն էլ՝ ձախողումները թերագնահատելով ու դրանցից դասեր չքաղելով՝ նորանոր ձախողումների դուռն է բացում։
49. Սերը ջերմության ուժեղ հաղորդիչ է՝ պաղ թե՞ տաք։
50. Թշնամուն բարեկամ դարձնելու իրենց խև փորձերով բարեկամից թշնամի «կերտելու» «նուրբ արվեստի» «ասպետներն» աշխարհը վերածել են էլիտար գժանոցի՝ հանց... Բեդլամ։

Շարունակելի