Պետք է խոսել Ադրբեջանի համար միակ հասկանալի լեզվով

Պետք է խոսել Ադրբեջանի համար միակ հասկանալի լեզվով

Հայաստանի տարբեր վայրերում շարունակվում են գործողությունները` ի աջակցություն ԼՂ շրջափակման վերացման կամ ընդդեմ Լաչինի միջանցքի փակման։ Հիշեցնենք, որ արդեն մոտ երկու ամիս Արցախի 120 հազար բնակչությունը, այդ թվում՝ նաեւ 30 հազար երեխաները, պաշարման մեջ են, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Երեկ էլ բողոքի ակցիա է իրականացվել Երեւանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առաջ, որի ընթացքում գործողության մասնակիցները փոխանցել են բաց նամակ, որով ԼՂ մայրերը դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։ Այս ամենը, իհարկե, կարեւոր է, սակայն ավելին չէ, քան միայն «թեման տաք պահելու միջոց»։

Իրականում Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այն եվրոպացի պաշտոնյան է, ով հետաքրքրված է միայն եվրոպական շահերով։ Իսկ եվրոպական շահերն այսօր թելադրում են էներգակիրների հոսքի նոր աղբյուրների ապահովում, հանուն ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամի մեղմման։ Այս համատեքստում ֆոն դեր Լյայենն այն պաշտոնյան է, ով Բաքվում կնքեց Ադրբեջանի հետ գազամատակարարման վերաբերյալ հայտնի փաստաթղթերը։ Վստահաբար, մինչեւ 2024 թվականը` ֆոն դեր Լյայենի պաշտոնավարման ժամկետի լրանալը, նա առանձնապես լուրջ քայլեր չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, որովհետեւ եվրոպական շահերը դա են պահանջում։

Մտահոգություն հայտնել, քննադատել, դատապարտել, կոչով հանդես գալ, հորդորել՝ որքան ուզեք։ Սակայն ռեալ գործողությունները կլինեն զրոյականին մոտ։ Գոնե մինչեւ ուկրաինական ճակատում «իրավիճակի հստակեցումը»։ Մյուս կողմից, կարեւոր է հասկանալ, թե ինչ լեզու է հասկանում Ադրբեջանը։ Ըստ էության, մեկ լեզու՝ ուժի, ռազմական ուժի կամ սանկցիոն ճնշման ուժի լեզու։ Խնդիրը շատ պարզ է։ Պետք է հասնել այն բանին՝ լինի դա ցույցերի մակարդակով, թե լրագրողական հետաքննությունների կամ դիվանագիտական աշխատանքի, որ միջազգային մակարդակով սկսեն բարձրաձայն խոսել, որ Ադրբեջանը, ըստ էության, ռուսական գազն է վաճառելու Եվրոպային` «ռեբրենդինգ» արած, ու այդկերպ շրջանցվում են ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված սանկցիաները։ Դա որոշակի կկաշկանդի նաեւ ֆոն դեր Լյայենին, քանի որ, ի վերջո, նա է մինչեւ վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ պատերազմելու թեզի «քավորը»։

Հայաստանն ունի մեկ բոնուս՝ երկու տարով Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդները, որոնք, անկախ իրենց մանդատից, ամեն ինչ լսում են, տեսնում, վերլուծում եւ զեկուցում, որոնք, նախեւառաջ, ԵՄ ազդեցության լծակներից են լինելու Ադրբեջանի վրա։ Ընդ որում, հատկապես կարեւոր է, որ վերոնշյալի մասին շատ խոսվի միջազգային մամուլում։ Հենց թեկուզ մի փոքր սանկցիայի հոտ Ադրբեջանում առնեն, միանգամից կնահանջեն։ Ի վերջո, ալիեւյան ռեժիմը կորցնելու չափազանց շատ բան ունի եւ շատ բարձր գին է վճարում ցանկացած արկածախնդրության համար։