Միայն կխնդրեմ՝ ամուր պահեն երկիրս

Միայն կխնդրեմ՝ ամուր պահեն երկիրս

«Հայաստանն էնքան փոքրացրին, որ որտեղ ոտքդ դնում ես՝ գերեզման է»,- նեղսրտում է օձունեցի Ալվարդ Հովասափյանը: Իրենց ընտանիքը պատերազմի ժամանակ զոհեր չի ունեցել, բայց դժնդակ այդ օրերին աչքերն անընդհատ թաց են եղել, իսկ սիրտը՝ անհանգիստ: Անհանգստության պատճառը հիմա է հասկանում, երբ տեսնում է, թե ինչպես են երկիրը մաս-մաս նվիրում: «Ո՞վ կմտածեր, որ պատերազմից երկու տարի հետո էլ շարունակելու են հող ու գյուղ հանձնել, մարդկանց տնավեր անել: Ափսոս էն ոսկի սերունդը. իզուր զոհվեց...»,- ասում է նա:

Պատերազմը «բացել» է լոռեցի կնոջ աչքերը: Մինչ այդ հավատացել է հեղափոխական ուժերին, հույս փայփայել, որ հենց այդ ուժն է լույս բերելու Հայաստանի վրա: Բայց այն, ինչ եղավ այդ 44 օրերին եւ դրանից հետո, խորտակել է կնոջ սպասումները: Ու զարմացած է, որ պարտված ղեկավարին նորից իշխանություն են վստահել: Ճիշտ է, ինքը չի հիշում, թե 2021-ի հունիսի 20-ին քաղաքական որ ուժի օգտին է քվեարկել, բայց հաստատապես՝ ո՛չ «Քաղպայմանագրի», եւ չի էլ հասկանում նրանց, եւս մեկ անգամ վստահեցին պատերազմի իշխանությանն ու նորից հայտնվեցին «կոտրած տաշտակի առաջ»: Եվ միայն պատերազմը չէ՝ մյուս բոլոր հարցերում էլ է հիասթափություն ապրել:

«25-30 տարի է՝ մեր կյանքում բան չի փոխվում. ոնց՝ մի կերպ ապրել ենք, տենց էլ ապրում ենք: Վարչապետն ասում է՝ ապագա կա, բայց ի՞նչ ապագա, եթե աշխատանք չկա: Ինչի՞ պիտի մեր տղամարդիկ մի կտոր հացի հետեւից Ռուսաստան գնան, կտրվեն տնից-տեղից: Ինչի՞ պիտի ես՝ քիմիկի մասնագիտությամբ, հավաքարար աշխատեմ: Եթե կրթված մարդն իր երկրում մասնագիտությամբ աշխատանք չի գտնում, իսկ օրվա հացի փող վաստակելը դառնում է նպատակ, էդ երկիրը դժվար էլ երկիր դառնա»,- ասում է տիկին Ալվարդը: 

Նա էլ, լոռեցիներից շատերի պես, Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի «թեւի տակ»: Ասում է՝ այստեղ հեռանկար չեմ տեսնում, քանի դեռ չենք միացել Ռուսաստանին: «Մենք լավ ենք ապրել էն ժամանակ, երբ Ռուսաստանի թեւի տակ էինք: Ես 60 տարեկան եմ: Կյանքիս լավագույն տարիներն ապրել եմ էն թվերին (նկատի ունի Խորհրդային Միությունը): Իսկ հիմա ուղղակի գոյություն եմ քարշ տալիս: Ամուսինս գնացել է խոպան, հողն ու անասունը մնացել են իմ հույսին: Մեր ապրուստն էդ կովն է ու 1 հա հողը, որի 1000 մետրը կորցրել եմ ու չեմ կարողանում հետ բերել»:

Հովասափյանների հողն Օձունի Սբ Նշան մատուռի հարեւանությամբ է: Դեպի սրբավայր տանող միակ ճանապարհն անցնում է հենց այդ հողի միջով: Ուխտավորների ոտքերի տակ մշակադաշտի զգալի հատված արահետի է վերածվել: Ոտատակ եղած հողը հետ բերելու համար տիկին Ալվարդը չգիտի ում դիմի: «Համայնքի ղեկավարի՞ն, եկեղեցո՞ւն, թե՞ մարզպետին՝ չգիտեմ»,- ասում է։ Թեեւ հույս էլ չունի, թե դիմելու դեպքում հարցը դրական լուծում կստանա: Ասում է՝ շատ կուզեի, որ ղեկավարներ գային մեր գյուղ: Թե վերջին անգամ երբ եւ որ իշխանավորն է այցելել իրենց, չի հիշում: «Բայց որ գան, անձնական ոչ մի հարցով չեմ դիմի, միայն կխնդրեմ՝ ամուր պահեն երկիրս»,- ասում է օձունեցի կինը: