«Հրապարակ». Թագուհին խոսում է ազնվությունից

«Հրապարակ». Թագուհին խոսում է ազնվությունից

Երեկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵՄ դեսպանի հետ «Եվրասիա» միջազգային համալսարանում մասնակցում էր Erasmus+ Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն եւ հիմնարար իրավունքներ» կրթական մոդուլի բացմանը։

ԵՄ դեսպանը նախ ջերմ ողջագուրվեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ, հետո ձեռքով բարեւեց Թագուհուն, Թագուհին՝ Քրիստինեին։ Սկսվեց ելույթների շարքը։ Դեսպանն ու ՄԻՊ-ը հերթապահ ելույթ ունեցան, թե ինչ կարեւոր ծրագիր է մեկնարկում, ինչ պետք է անեն, որ խորացնեն հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ այլն։ Թագուհին ավելի ընդդիմադիր դիրքերից փորձեց ելույթ ունենալ՝ դեսպանի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, գերիների խնդրին, եւ որ մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ դուրս չի գալիս։ Դեսպանը զրո ռեակցիա տվեց այս ամենին։

Միջոցառումից հետո փորձեցինք մի քանի հարց ուղղել Թագուհի Թովմասյանին՝ կապված իր դեմարշի հետ, որ որոշել է ոչ միայն Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելուց հետո մնալ խորհրդարանում, այլեւ պահպանել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մինչդեռ իր ընդդիմադիր գործընկերները՝ ի պատասխան ՔՊ-ի կողմից Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելուն, ինքնակամ հրաժարվեցին զբաղեցրած պաշտոններից՝ հանձնաժողովի նախագահի, տեղակալների։  

Տիկին Թովմասյանը չէր ցանկանում հարցազրույց տալ, սկզբում ասաց՝ սա այդ տեղը չէ, հետո համաձայնեց երկու բառ ասել, վերջում էլ կոպտեց ու հեռացավ։

Երբ նկատեցինք, թե իր գործընկերները դժգոհում են, որ ինքը պահպանել է հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Թովմասյանն ասաց, որ շարունակելու է գործունեությունը որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որպես խորհրդարանում «Հայրենիք» կուսակցության քվոտայով ներկայացված անձ։ 
Մեր դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մանդատը դրել է, ազնիվ չէ՞ր լինի, որ ինքն էլ դներ, Թովմասյանն  ասաց․ «Ազնվությունից մի՛ խոսեք, ես ունեմ «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ խորը ըմբռնում»։ Մեզ տարօրինակ թվաց, իհարկե, որ Թագուհին որոշեց, որ չպետք է խոսենք ազնվությունից, փոխարենը ինքն է խոսում ազնվությունից։ Այդուհանդերձ հարցրինք՝ Արթուր Վանեցյա՞նն է հորդորել պահել պաշտոնն ու մնալ խորհրդարանում, Թագուհի Թովմասյանն այլեւս չպատասխանեց հարցերին ու հեռացավ։

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն էլ զայրացած են Թագուհու վարքից եւ արդեն բացահայտ արշավ են սկսել նրա դեմ՝ նրան համարելով իշխանության ճամբարի մաս ու տարբեր պիտակներ կպցնելով։ Եվ կան մարդիկ, որոնք կարծում են, որ Թագուհի Թովմասյանը պետք է հեռացվի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, քանի որ ինքն իր հայտարարության մեջ նշել է, որ այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Իսկ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ անկախ պատգամավորը չի կարող հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնել։ Եթե նրան խմբակցությունից հեռացնեն, ապա ավտոմատ կերպով կդադարի զբաղեցնել այդ պաշտոնը։ 

Ընդդիմադիրները կարծում են, որ Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո այս հարցի լուծման բանալին Սերժ Սարգսյանի ձեռքում է։ Եթե նա «Հայաստան» դաշինքի եւ Ռոբերտ Քոչարյանի «ինադու» քայլեր չի ձեռնարկում եւ Նիկոլ Փաշինյանին մտածված չի ուժեղացնում, ապա պետք է արդեն իրեն ենթարկվող դաշինքը նախաձեռնի, եւ Թովմասյանը հեռացվի խմբակցությունից։