Էրդողանի շուրջ խեղդօղակը սեղմվում է

Էրդողանի շուրջ խեղդօղակը սեղմվում է

Կասկածում եմ, թե հայերենում «խեղդօղակ» բառ լինի: Կա օղակ, պնդօղակ, փրկօղակ, բայց այ` խեղդօղակ… կասկածում եմ: Եթե ինչ-որ բառ հայերենում ես չգիտեմ կամ դրա առնչությամբ կասկած ունեմ, մեկ աղբյուր եւ հեղինակություն գոյություն ունի, որին դիմում եմ` Հայկազյան բառարանը (ամբողջական անվանմամբ` «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» 1836-37, Վենետիկ): Այդուհանդերձ, չնայած իմ ողջ հիացմունքին եւ խոնարհմանը Հայկազյան բառարանի առջեւ, եթե այդտեղ էլ «խեղդօղակ» բառ չլինի, այն պետք է կազմվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ներկա դրությունը նկարագրելու համար: 

Բոլորը գիտեն` այս տարվա հունիսին սպասվում էին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում, որոնք Էրդողանի ջանքերով առաջ են բերվել եւ կայանալու են մայիսի 14-ին: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1950թ․ Քեմալ Աթաթուրքի հիմադրած CHP կուսակցությունը, որը 1923-ի` Թուրքիայի Հանրապետության հռչակումից ի վեր միահեծան իշխում էր երկրում, թույլ է տալիս, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ փոքրիշատե ազատ ընտրություններ կայանան: Ընտրության օր է նշանակվում 1950թ․ մայիսի 14-ին, եւ ընտրության արդյունքում CHP-ն աննկարագրելի պարտություն է կրում: Մրցակից կուսակցությունը, որ կոչվում էր Democrat Party, հիմնադրել էին մի քանի տարի առաջ CHP-ից հեռացած մի քանի գործիչներ, որոնք, սակայն, CHP-ին հակադրվելու եւ հաջողության հասնելու համար իսլամական արժեքներ ու գաղափարեր էին որդեգրել: Ընտրությունները կայանում են 1950-ի մայիսի 14-ին, եւ Democrat Party-ն շահում է խորհրդարանական մանդատների համարյա 90%-ը:

Այժմ ընտրություները մայիսի 14-ին նշանակելով, Էրդողանը ենթատեքստով իբր ցանկացել է հասարակությանը հիշեցնել 1950 թվականը եւ վերստին CHP-ի դեմ միավորվելու անհրաժեշտությունը: Բայց Էրդողանն իր կիսատ-պռատ գրագիտությամբ եւ մտածողությամբ խառնում է մի էական իրողություն: 1950թ․ մարդիկ միահամուռ գնացել են ընտրատեղամասերում CHP-ին մերժելու, որովհետեւ այդ CHP-ն երկու տասնամյակից ավելի իշխանության ղեկին էր եւ ամենքին հիմնավորապես զզվեցրել էր: Հիմա ամբողջ երկու տասնամյակ Էրդողանը եւ իր AK Party-ն են իշխանության եւ կարծես հասցրել են մարդկանց զզվեցնել նույնքան, չասելու համար՝ ավելի, քան ժամանակին CHP-ն:

Երկրի ներսում` Էկրիմ Իմամօղլուն

Այժմ դերերը փոխված են, ոչ թե CHP-ն է իշխանությունը, որին ցանկանան հեռացնել, այլ CHP-ի շուրջ ձեւավորվել է ընդդիմադիր դաշինք, որին ցանկանում են իշխանության բերել: Ներկայիս դաշինքը կոչվում է National Alliance, ճիշտ նույն անվանումը, որ դաշինքը կրում էր 2018-ի ընտրությունների ժամանակ, տարբերությունը մասնակից կուսակցությունների քանակն է, նախորդ չորսի փոխարեն այժմ դաշինքում վեցն են` գումարվել են Ահմեդ Դավութօղլուի Future Party-ն եւ Ալի Բաբաջանի կուսակցությունը: 

Այս շաբաթվա սկզբին վեց կուսակցության կազմով National Alliance-ն առաջին նիստն էր գումարել եւ հրապարակեց իր նախընտրական ծրագիրը` համարյա երկու հարյուր էջ, որը երեւի այնքան էլ շատ մարդու չհետաքրքրեց: Փոխարենը դաշինքից չհայտնեցին այն, ինչը հետաքրքրում է ամենքին Թուրքիայում եւ նույնիսկ Թուրքիայի սահմաններից դուրս: Արդյո՞ք ընդդիմադիր դաշինքն առաջադրում է Պոլիսի (Ստամբուլի) ներկայիս քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե` ոչ: Հարցադրում անգամ չի էլ կատարվում, թե ում են առաջադրում, այլ ուղղակի` կոնկրետ Իմամօղլուին առաջադրում են, թե ոչ: 

Թուրքական մամուլում արտահոսքեր հրապարակվեցին այն մասին, որ CHP-ի ղեկավարը` Քեմալ Քիլիչդաչօղլուն, ցանկանում է, որ ինքն առաջադրվի որպես դաշիքի միասնական թեկնածու: Դաշինքում մեծությամբ երկրորդ կուսակցության` IYI-ի (անգլերեն` Good Party) առաջնորդն էլ իր հերթին է ցանկանում հաջորդ նախագահը լինել` խոստանալով, որ նախագահի պաշտոնում ինքը երկու տարուց երկիրը կտանի արտահերթ ընտրությունների, որտեղ արդեն կմասնակցի եւ կհաղթի Իմամօղլուն: Դավութօղլուն եւ Բաբաջանը հավակնություն չունեն նախագահի միասնական թեկնածու լինելու, բայց նրանցից էլ դժգոհում են, թե դեռ որեւէ ընտրության չմասնակցած, որեւէ ձայն չստացած՝ ցանկանում են դաշինքի մտավոր ու գաղափարական առաջնորդները լինել: Մի խոսքով` ներքին շուկաներ, որ հետաքրքիր են միայն որպես ընթացիկ լրատվություն: Իսկ հիմնական հարցն առայժմ մնում է անպատասխան` Էկրեմ Իմամօղլուն առաջադրվո՞ւմ է որպես նախագահի թեկնածու, թե՞ ոչ:

Փետրվարի կեսերին դաշինքի հաջորդ հանդիպումն է ծրագրված, եւ սպասումներն այն են, որ նախագահի թեկնածուի անունն այդ հանդիպմանը կհայտարարվի: Ինչո՞ւ է նման մեծ հետաքրքրություն Իմամօղլուի թեկնածության` հայտարարվել-չհայտարարվելու շուրջ: Մանավանդ, երբ Իմամօղլուն ինքը երբեւէ չի հայտարարել, թե առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու: 
Խնդիրն այն է, որ 2019-ի հունիսից Թուրքիայի քաղաքական կյանքով հետաքրքրվող համարյա բոլորն Իմամօղլուի առաջադրման մասին են խոսում: Առաջին եւ սուբյեկտիվ պատճառը գուցե այն է, որ արտաքուստ Իմամօղլուն Էրդողանի կատարյալ անտիպոդն է: Ծեր, հիվանդ, դանդաղաշարժ, զայրույթով լի, բարդույթավորված ու կիսագրագետ Էրդողանի փոխարեն, ի դեմս Իմամօղլուի, ասպարեզ է իջել միանգամայն համակրելի, երիտասարդ, բարեհամբույր, ժպտադեմ, ինքնավստահ ու կրթված անձնավորություն, որը բոլորին թվում է նախընտրելի: Դա էլ բացատրում է, թե ինչու 2019-ից ի վեր սոցհարցումներով Իմամօղլուն վարկանիշով համարյա միշտ գերազանցում է Էրդողանին եւ ոչ միայն Պոլիսում, այլեւ անգամ հեռավոր շրջաններում:

Երկրորդ եւ որոշիչ պատճառը, թե ինչու են բոլոր սպասումները, ենթադրությունները, խոսակցությունները 2023-ի նախագահական ընտրություններում Իմամօղլուի թեկնածության շուրջ պտտվում, այն է, որ Իմամօղլուն մի անգամ արդեն ոչ թե հաղթանակ, այլ ուղղակի տրիումֆ է տոնել Էրդողանի եւ AK-ի հանդեպ: 2019-ի Պոլիսի (Ստամբուլի) քաղաքապետի ընտրություններում, երբ Իմամօղլուն CHP-ի կողմից առաջադրվեց քաղաքապետի թեկնածու, նա զբաղեցնում էր ընդամենը Պոլիսի թաղերից մեկի թաղապետի պաշտոնը: Մրցակիցը ոչ ավել, ոչ պակաս՝ Բինալի Յիլդիրիմն էր` Թուրքիայի նախկին վարչապետ (2016-18թթ․), Ազգային մեծ ժողովի` խորհրդարանի նախագահ, Էրդողանի AK կուսակցության նախագահ եւ այլն: Այնպես որ, Էրդողանն իրավամբ հիմք ուներ Յիլդիրիմի պարտությունը որպես սեփական պարտություն ընկալելու, ինչի արդյունքում էլ ամեն օրինական ու անօրինական միջոց գործադրելով՝ հասավ նրան, որ ապրիլին կայացած Պոլիսի քաղաքապետի ընտրության արդյունքները եւ Իմամօղլուի հաղթանակը չեղարկվեցին, եւ 2019-ի հունիսին նշանակվեցին կրկնական ընտրություններ:

Ի՞նչ եղավ դրա արդյունքում։ Եղավ այն, որ եթե ապրիլի ընտրություններում Իմամօղլուն առաջ էր անցել Յիլդիրիմից ընդամենը 13 հազար ձայնի առավելությամբ (իրականում ասում էին՝ 25 հազար ձայնի տարբերություն էր, նվազեցվեց մինչեւ 13 հազար), ապա հունիսի ընտրություններում քվեների տարբերությունը կազմեց 760 հազարից ավելի` հօգուտ Իմամօղլուի: Ո՜ւր 13 հազարը, ո՜ւր 760 հազարը… Դա արդեն ոչ թե հաղթանակ էր, այլ տրիումֆ, որի տպավորությունը չի անցնում մինչ այսօր: Հիմա, երբ Թուրքիային զբաղեցնող հանրային բանավեճում մի կողմը փաստարկում է, թե Իմամօղլուն կարող է առաջադրվել, հաղթել, բայց նախագահական պաշտոնամուտ չունենալ, քանի որ իր դեմ քրեական գործ է հարուցվել 2019-ի ընտրություններում կրկնական ընտրություն նշանակած պաշտոնյաներին «հիմար» անվանելու համար, մյուս կողմն էլ հակաճառում է, թե Իմամօղլուն կարող է հաղթել ձայների այնպիսի առավելությամբ, որ AK-ն ազդեցությունը կորցնի դատարանների վրա, եւ հանրային ճնշման ներքո Իմամօղլուի դեմ գործը կարճվի: 
Տեսնենք, թե ինտրիգն ինչպես կհանգուցալուծվի, եւ իրադարձություններն ինչպես կզարգանան:
     
Արտաքին աշխարհում` ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն

Էկրեմ Իմամօղլուն, իհարկե, Էրդողանի համար մեծ խոչընդոտ է նախագահի պաշտոնում վերընտրվելու ճանապարհին, բայց դա երկրի ներսում է, որտեղ իշխանությունը դեռ Էրդողանի ձեռքում է: Իսկ խեղդօղակն այն օղակն է, որը սեղմվում է Էրդողանի շուրջ արտերկրից եւ կարող է սեղմվել առհասարակ Թուրքիայի շուրջ, եթե Էրդողանը մայիսին իշխանությունից չհեռանա: Էրդողանը քաղաքակիրթ աշխարհի համար սկսել է որպես խնդիր ընկալվել 2015-ից, երբ Սիրիայում կիսատ-պռատ Syrian Free Army-ն ֆինանսավորելուց եւ YPG-ի պարտիզանների հետ օրումեջ բախվելուց հետո հասավ այնտեղ, որ փորձեց սիրիացի փախստականներով Եվրոպային շանտաժի ենթարկել: Այդ ժամանակից Արեւմուտքում եզրակացրին, որ Թուրքիային պետք է տեղը ցույց տալ, եւ այն ծանր տնտեսական ճգնաժամը, որի մեջ Թուրքիան հայտնվել է այսօր, 2015-ից գործադրված Թուրքիայի արդյունաբերությունը եվրոպականից դեզինտեգրելու անաղմուկ ու հետեւողական քայլերի արդյունք է։ Թուրքիան իր տնտեսական խնդիրները երբեք չի լուծելու, բայց հիմա դրան ավելացել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն անժամկետ առկախված պահելու ԵՄ դիրքորոշումը: 

2022-ի ընթացքում գումարվեց նաեւ ԱՄՆ-ի կողմից Հունաստանի հետ երկկողմ պաշտպանական համաձայնագրերի թարմացումը, հունական Ալեքսանդրուպոլիսում, ըստ էության, Ինջերլիքի ռազմաբազային այլընտրանք ստեղծելն ու գործարկելը եւ Հունաստանում մի քանի այլ ռազմաբազաներ տեղակայելը, Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառելը, մինչ Հունաստանին կարծես քսան թե քառասուն F-35 կործանիչներ են վաճառվում, ի լրացումն Ֆրանսիայի վաճառած Rafale-ների: Արժե նշել նաեւ Հարավային Կովկասում Թուրքիայի քայլերն ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելն ու համակարգելը, որ ամրագրվել է հունվարի 18-ին Վաշինգտոնից տարածված «ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի համատեղ հայտարարությունում» (Secretary Blinken and Minister Chavushoglu decided to increase coordination and cooperation to advance peace in South Caucasus):

Սակայն որքան էլ այս ամենն ուրվագծում են Թուրքիայի ապագա խնդիրները, մեծագույն խնդիրը ներկայում է` ՆԱՏՕ-ի ընդլայնմանը խոչընդոտելու Թուրքիայի որոշման մեջ, որը, շատերի կարծիքով, կատարվում է Ռուսաստանի թելադրանքով: Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Թուրքիան Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին չարգելափակի, եւ ի՞նչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Թուրքիան այդ անդամակցությանը խոչընդոտի: Թուրքիան երկու քարի միջեւ է, որից փախչելու տեղ չունի: Ինչպե՞ս է Թուրքիան ներկա իրադրությունից դուրս գալու, եթե ընտրությունները չօգտագործի քաղաքական կուրսը փոխելու համար՝ դժվար է պատկերացնել: Իսկ քաղաքական կուրսի փոփոխություն, առանց Էրդողանին փոխելու` էլ ավելի դժվար է պատկերացել: Կարծես Արեւմուտքը շարժվում է նախ Էրդողանի շուրջ խեղդօղակը սեղմելու եւ նրա հեռացմանը նպաստելու ուղղությամբ (տնտեսական պահանջներ ու պատժամիջոցներ գործադրելով), ապա Թուրքիային վերաբերող որոշումներ կայացնելու: