Օգոստոսի 23-ի խորհուրդը
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այս օրերին փորձում է վերակենդանացնել նախորդ դարի 90-ականների սկզբի հայկական ոգին: Այն ոգին, որն առաջնորդում էր մեր ժողովրդին Ղարաբաղյան շարժումը նախաձեռնելիս, այնուհետև դա անկախության շարժման վերափոխելիս և վերջապես թշնամու կողմից մեզ պարտադրված Արցախյան առաջին պատերազմում հաղթելիս:
Որպես ոգու վերակենդանացման առաջին քայլ Գերագույն խորհրդի պատգամավոր, գիտնական և մանկավարժ Ֆերդինանդ Ղազարյանի որդին՝ Էդգար Ղազարյանը կազմակերպեց Գերագույն խորհրդի՝ ողջ մնացած պատգամավորների հանդիպումը: Որը պետք է կայանար Մելիք-Ադամյան 1 հասցեով կառավարության նիստերի դահլիճում: Ճիշտ այնտեղ, որտեղ 1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունվել էր Անկախության հռչակագիրը: Դա, բնականաբար, չէր կարող հաճելի լինել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քիմքին` կառավարության նիստերի դահլիճում մարդիկ հավաքվեն ու քննարկեն իր հրաժարականի հարցը, և հանդիպումը կայացավ հյուրանոցներից մեկի դահլիճում` երկրորդ հյուրանոցի, քանի որ առաջինը սկզբում համաձայնել էր դահլիճ տրամադրել, իսկ հետո մերժել էր խոստումը: Ծանոթ երևույթ է, չէ՞, այսօրվա Հայաստանում՝ խոստում մերժելը:
Էդգար Ղազարյանը օրեր առաջ դիմել էր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նախագահի, որպեսզի վերջինս վարի հանդիպումը, սակայն նրա հետ հանդիպել չի հաջողվել: Կարծում եմ, որ դա նորմալ էր, քանի որ, որքան հիշում եմ, 32 տարի առաջ ո՛չ Հռչակագիրն էր ամբողջությումբ ընդունելի Տեր-Պետրոսյանի համար: Եվ ո՛չ էլ այսօր ցանկություն կունենա իր հոգևոր որդուն մեկ վատ բառ անգամ ասելու: Էլ չեմ խոսում վերջինիս տարիքի մասին՝ 77-ամյա տարեց մարդը կարող էր ի վիճակի չլինել վարելու հանդիպումը: Բայց եթե լիներ ցանկություն՝ կարող էր բացել այն, իսկ հետո վարելը հանձնարարեր մեկ ուրիշին ու հեռանալ:
Փաստորեն, նույնիսկ խորհրդանշական բնույթի հանդիպմանը ՀՀ առաջին նախագահի մասնակցությունը պայմանավորված է ոչ թե պետական մտածողությամբ, այլ անհատական ինչ-ինչ դիրքորոշումներով: Իսկ նրա մասին անընդհատ ասվում է, որ նա այն պետական գործիչն է, որ օժտված է պետական մտածողությամբ: Չնայած ես այդպես չեմ կարծում՝ ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու կարգախոսի շնորհիվ Գերագույն խորհրդի նախագահ (1990-ին), իսկ այնուհետև ՀՀ նախագահ (1991-ին) ընտրված անձը 1992 թվականին ռուսական պարբերականին տված հարցազրույցում խոսում է ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմում թողնելու հավանականության մասին: Եվ հրաժարական չէր ներկայացնում:
Ինչևէ, հանդիպումն արդեն կայացած փաստ է, ինչ-որ ժամանակ հետո կպատրաստվի և կհրապարակվի հանդիպման մասնակիցների հավաքական կամքն արտահայտող հայտարարության տեքստը: Եվ արդեն Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Անկախություն» շարժումը կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունը: Եթե վերջիններս այնքան ակտիվ, գիտակից և հնարավորինս բազմաքանակ լինեն, որքան պահանջվելու է Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար, ապա կարող ենք արձանագրել, որ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հենքով Գերագույն խորհրդի պատգամավորների հանդիպումը տվեց իր արդյունքը: Եթե ոչ, ապա... Սակայն ես չեմ կորցնում իմ հույսը, որ խորհրդանշական այդ հանդիպումը և նրանով սկիզբ առած շարժումն, ի վերջո, կհանգեցնեն վերը նշված նպատակի իրագործմանը: Հատկապես, որ այն զերծ է կուսակցական պատկանելությունից, ինչի դեմ անընդհատ խոսել են հայաստանյան ինտելեկտուալները:
Հ. Գ. Երբ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի օրը հռչակվում էր Անկախության տոն՝ մեջս չարտահայտված բողոքի (կամ էլ ծանոթների շրջանում արտահայտված՝ արդեն չեմ հիշում) ալիք էր բարձրանում, թե ինչու դա չարվեց հենց Անկախության հռչակագրի ընդունման օրվա՝ օգոստոսի 23-ի առումով: Դրանով մենք ժամանակին բաց թողեցինք Հռչակագրի ընդունման հզոր էմոցիոնալ լիցքը:
Կարծիքներ