Ամեն հասուն մարդ կամովի եկավ տեր կանգնելու իր նորաստեղծ պետությանը. ՀՀՇ անդամ Արամ Մանուկյան
Այս խոսքերը, 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդում Անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանինն են։
«…մեքենայիցս գողացան նախագծի իմ օրինակը, որից ես էի կարդում ու որը մակագրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի օր Լևոնը կատակով ասաց՝ «Հայաստանի ծննդականն ես կորցրել».-պատմում է Արամ Մանուկյանը: Թվում է, թե հեռավոր 1990-ին տեղի ունեցած և առաջին նախագահի կողմից կատակի վերածված այդ միջադեպն ինչ-որ նշան է եղել: Ո՞վ իմանար, որ 2018 թվականից մեր պետությունը կատակի կվերածվի ու կհայտնվի անկախությունը կորցնելու շեմին…
2022 թվականի օգոստոսի 23-ին, արդյոք, ժողովրդի ամեն հասուն մարդ կամովի կգա՞ տեր կանգնելու հոգեվարքի մեջ գտնվող պետությանը: Քիչ հավանական է: Քանի որ պետություն ունենալու քաղցրության զգացողություն ապականվել է անձնական հարստացման, կարերիստական մոլուցքի դառնությամբ: Անձամբ ես ողջունում եմ Էդգար Ղազարյանի գաղափարը: Բայց, ավելի կարևորվում է սոցիալական և տնտեսական իշխանություն ունեցողների կողմից դրա ողջունվելը:
Հայերի որոշ մասը իր հիվանդ հարազատներին անուշադրության է մատնում, բայց նրանց մահվանից հետո՝ դամաբարաններ է կառուցում…
Աստված տա, որ սխալ դուրս գամ:
Հ.Գ.ԳԽ խորհրդանշական նիստին պատգամավորների մասնակցելու առնչությամբ Խոսրով Հարությունյանը նկատել է. «Նրանք պարտավոր են գալ…» : Իսկ իրենց պարտավոր զգու՞մ են Բաբկեն Արարքցյանը, Բագրատ Ասատրյանը, Կարապետ Ռուբինյանը, Արամ Մանուկյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալեքսան Հակոբյանը …Տիգրան Սարգսյանը, Արտաշես Թումանյանը, Վլադիմիր Գասպարյանը…
Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Կարծիքներ