Հակադարձման հակադարձում

Հակադարձման հակադարձում

Նախկինների թեման մեր ամենացավոտ խնդիրներից է: Այն ասպարեզ բարձրացավ 2007 թվականի հանրահավաքային օրերին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Սակայն «կատարյալ» մակարդակի հասցվեց նրա հոգեզավակի՝ Փաշինյանի Նիկոլի կողմից: Այն աստիճան, որ իրողությունները վերլուծելու ոչ ունակ զանգվածն այն սեփականացրեց: Եվ Նիկոլի ձեռքին վերածվեց թե՛ հարձակման զենքի եւ թե՛ պաշտպանական վահանի: Այդ պայմաններում իրական ընդդիմություն հանդիսացող նախկինների միակ կռվանը Նիկոլի հետ անհավասար պայքարում պետք է լիներ ոչ թե արդարացումը, այլ վերը նշված զանգվածից անընդհատ ներղություն խնդրելն ու ապագայի ընդունելի (նաեւ ընկալելի) տեսլական ներկայացնելը: Այս կարճ, ոմանց համար գուցե վիճահարույց նախաբանից անցնեմ բուն նյութին:

Բուն նյութի հերոսն այս անգամ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: Հերոս, քանի որ իրադարձությունների բերումով նախկինների ականավոր ներկայացուցիչ, ժամանակին հակահերոս հանդիսացած քաղաքական գործիչն իմ եւ ինձ նման հազարավոր մարդկանց աչքերում վերածվել է հերոսի: Մի քանի օր առաջ Աշոտյանն անդրադարձել էր նախկինների եւ ներկաների համեմատություններ արած, փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խորհրդածություններին եւ ներկայացրել էր իր տեսակետները: Մեկը վերաբերում է 2015 թ․ սահմանադրական փոփոխություններին: Ընտրել եմ հենց այդ թեման, քանի որ դրանով սկիզբ առավ իմ եւ ընդդիմության, մասնավորապես՝ ընդդիմադիր այն կազմակերպության բաժանումը, որի անդամ եմ եղել շուրջ 2 տասնամյակ: 

Արմեն Աշոտյանի ասելով, «սահմանադրական այդ բարեփոխման նպատակը երկրում խորհրդարանական կառավարման համակարգի կառուցումն էր, քանի որ նախորդ՝ «կիսանախագահական» Սահմանադրությունը չէր համապատասխանում պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ երկրի անվտանգության ապահովման հարցերում»։ Պարոն Աշոտյանն այս հարցում այնքան էլ անկեղծ չէ: Վկայակոչված անհամապատասխանությունն ընդամենը մեկն էր եւ այն էլ ոչ թե իրական, այլ՝ մտացածին: Դա ձեւակերպվել է ՀՀ երրորդ նախագահի կողմից որպես անվտանգության ապահովման տեսակետից խնդրահարույց՝ երկրի նախագահի եւ խորհրդարանի կողմից ընտրված վարչապետի միջեւ ծագելիք պոտենցիալ հակասություն: Ձեւական առումով Սերժ Սարգսյանը կարող էր հիշատակել 1998 թ․ ԱԺ ընտրությունից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ առկա լարվածությունը: Ձեւական առումով, քանի որ պետության իրական ղեկավարը վարչապետն էր՝ չնայած կառավարման նախագահական բնույթին: Որպես այդ խնդրի լուծման տարբերակ՝ Սերժ Սարգսյանն ընտրեց ՀՀ նախագահի (պաշտոնապես՝ պետության գլխի) լիազորությունները զրոյացնելու ուղին, որպեսզի ժամկետի ավարտից հետո տեղափոխվեր վարչապետի աթոռին: 
Աշոտյանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը կարողացել է «մեղմել 2018-ի գարնան իրադարձությունների փողոցային բաքոսատոնով հայոց պետականությանը հասցվող հարվածները»։ Հակադարձելով Արմեն Աշոտյանին՝ ասեմ, որ 2018-ի գարնանը հայոց պետականությանը հարված չէր հասցվի, եթե ՀՀ նախագահը լիներ ավելի կոշտ անձնավորություն:

Եվ հենց սկզբից չեզոքացներ պետականության օրգանիզմում առաջացած խոցը եւ ոչ թե սպասեր տասնյակ հազարավորների փողոց դուրս գալուն: Որպեսզի հետո արդարանար, թե ինքը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ արտաքին հզոր ուժերին: Հիշենք, որ 2014-2015-ին ծավալված, այսպես կոչված, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ժամանակ ինքը բավական երկար սպասեց, մինչեւ կառավարության նիստերի դահլիճում կարտասաներ իր հանրահայտ ճառը: Այնպես որ, իմ համեստ կարծիքով, նոր Սահմանադրությունը չկարողացավ եւ չէր էլ կարողանալու խոչընդոտել պետական հեղաշրջմանը: Ավելացնեմ, որ նոր Սահմանադրությունը եւ նրանով ՀՀ նախագահ ընտրված (իրականում՝ նշանակված) անձը 2021-ի սկզբին էլ ի վիճակի չեղան վարչապետի պաշտոնից հեռացնել «բաքոսատոնով հայոց պետականությանը հասցվող հարվածների» հեղինակին:   
Աշոտյանն ասում է՝ լուրջ վերլուծաբանները չեն քննադատել Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական բարեփոխումը: Այս հարցում եւս մեր հերոսն այնքան էլ անկեղծ չէ. ընդդիմադիր ողջ փորձագիտական դաշտը լծվել էր սահմանադրական բարեփոխմանը «ոչ» ասելու գործին:

Թերեւս, ես միակն էի, որ անընդհատ կողմ էի արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ դա այնքան աչք ծակող էր, որ մեր կազմակերպության տնօրենն ինձ լրջորեն առաջարկեց դադարեցնել ֆեյսբուքյան գրառումներն այդ թեմայով: Բայց այդ գրառումները ես անում էի ոչ թե իշխանության նկատմամբ «սիրուց» դրդված, այլ համարում էի, որ նախագահական ուղղաձիգ կառույցն իր գագաթով թուլանում է խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագայում: Դրանով իսկ մեխանիկորեն թուլացնում է այդ համակարգով ձեւավորված իշխանությունը եւ ճանապարհ է բացում ընդդիմության համար՝ ազատվել այդ իշխանությունից: Ի դեպ, իշխանափոխությունից մեկ տարի անց տնօրենը խոստովանեց, որ ես այդ հարցում ճիշտ էի:
Ի դեպ, 2018-ի մայիսից այս կողմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ ՀԱՊԿ-ական եւ ԵԱՏՄ-ական համաժողովներին «երկուսը մեկում» ձեւաչափով մասնակցելը վկայում է, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի համար անբնական վիճակ է ստեղծվել: Ուրիշ հարց, որ այդ ժամանակ ինչ-որ հրաշքով ՀՀ-ն հայտնվեր ՆԱՏՕ-ի եւ ԵՄ կազմում։ Բայց քանի որ վաղուց հրաշքներ չեն պատահում, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումը սխալ քայլ էր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իմաստով: