Կապիկությանն էլ չափ կա

Կապիկությանն էլ չափ կա

Էդգար Ղազարյանը ճիշտ է՝ տապալված կառավարության ղեկավարը պետք է առաջինը հրաժարական տա եւ անփորձանք հեռանա: Այլապես նրան ծեծելով միշտ էլ կվռնդեն իշխանությունից: Ի՞նչ ասեմ, Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը եւ, հետեւաբար, ստիպված է քաշել աթոռից կառչած մնալու բոլոր դժվարությունները: Սաֆարյան Սծյոպիկն էլ ուրախացել էր, թե Էդգար Ղազարյանին չհաջողվեց հեռացնել Փաշինյանին: Սաֆարյան Սծյոպիկն այս գործից շատ քիչ բան է հասկանում: Նրա համար կարեւորն այն է, որ իր լափամանը եւս մի քանի օրով մնաց տեղում, եւ դեռ կկարողանա մի քիչ էլ օգտվել: Մնացածը, որ, ասենք, վաղը կարող են Նիկոլին կախել կամ հրապարակում գնդակահարել, Սծյոպիկին չի հետաքրքրում: Նա արանքը կճղի բոլորից շուտ՝ պարանը Նիկոլի վիզը դեռ չգցած: Եվ պատկերացրեք, որ ՔՊ-շնիկների մեջ Սծյոպիկի պես մտածողները քիչ չեն: Դիցուք… Չէ, անուններ չեմ տա, որպեսզի Փաշինյանին չդրդեմ ՔՊ-շնիկների հետ հատուկ աշխատանքներ տանելու: Ինքը շատ շուստրի է, բայց այդ հարցում թող միամիտ մեռնի:

Այսօր Էդգար Ղազարյանի նախաձեռնության մասին չենք խոսի, թեեւ մեր հայացքներն ուղղված են հենց Էդգար Ղազարյանի մատնանշած կառույցին՝ ՀՀ գլխավոր դատախազությանն ու գլխավոր դատախազին, ու մտածում ենք՝ կարող ա՞ վսյո տակի Արթուր Դավթյանը մի բան անի, եւ Նիկոլին տեղափոխեն անվտանգ մի վայր, որտեղ նրան պետության հաշվին օրը երեք անգամ սնունդ կտան, շաբաթը երկու անգամ կլողացնեն ու կհսկեն, որ գլխից մազ չպակասի: Ինչպես ասում են՝ օրը գա, բարին՝ հետը:

Այսօր կխոսենք ՌԴ իշխանությունների նոտայի եւ այդ նոտային ՀՀ իշխանությունների պատասխանի մասին: Բանն այն է, որ քանի մոտենում է Փաշինյան-Պուտին առերեսումը, մեր վարչապետի վիճակն ավելի ճանտրակուլի է դառնում: Պիտի պատասխան տա, չէ՞, թե այդ ինչու «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից հետո իր աջակից քաղաքական ուժերն ու առանձին գործիչներ, որոնք կոմֆորտով տեղավորված են իշխանության պահեստային նիշաներում, միաբերան հայտարարեցին, որ պայթյունը ռուսների ձեռքի գործն է: Ռուսներն այս առիթով նոտա են հղել եւ ստիպում են, որ հայկական կողմը պատասխանի: Ավելին ասեմ՝ նրանք ձեռ չեն քաշելու, մինչեւ Փաշինյանն անձամբ ներողություն չխնդրի իր կողմնակիցների հակառուսական վայրահաչոցների համար: Իսկ հակառուսական վայրահաչողներ եւ վայրահաչոցներ շատ են եղել նաեւ «Սուրմալուի» թեմայից դուրս: Պուտինը հո չի՞ մոռացել ՌԴ դեսպանատան առջեւ բողոքի ցույցերն ու Ուկրաինայի դեսպանատան մոտ աջակցության ցուցադրությունները: Կարո՞ղ է, արդյոք, Փաշինյանն արդարանալ՝ ասելով, որ Հայաստանում ժողովրդավարություն է, ով ինչ ուզում՝ ասում ու անում է: Պուտինի մոտ, որ մեզնից պակաս չգիտի, թե ով է «ժողովրդավար» Նիկոլն ու ինչպես է պայքարում իրեն հեռացնել փորձող ընդդիմության դեմ, Փաշինյանի նման ծամածռությունները չեն անցնի: Նա Փաշինյանին կոնկրետ հարց կտա՝ ի՞նչ ես արել մեր նոտայից հետո Հայաստանում հակառուսական հիստերիան ճնշելու կամ վերացնելու ուղղությամբ:

Իսկ գուցե ճիշտը Պուտինի հետ հանդիպման չգնա՞լն է: Ասում են՝ Ալիեւն էլ է այնտեղ լինելու, այն էլ՝ բարձր տրամադրությամբ: Օրերս Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը վերջինիս տարածքով հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհի մասին թուղթ են ստորագրել, որով Հայաստանը եւս մեկ քայլով հետ մղվեց հյուսիս-հարավ կապի ապահովման իր աշխարհագրական դիրքի նպաստավոր բնագծերից: Սա մյուս կողմից էլ Ռուսաստանի համար նշանակում է մնաս բարով ասել աբխազական երկաթգծի հետ կապված ծրագրերին, ինչու ոչ՝ նաեւ օրումեջ աշխատող Լարսի պրոբլեմներին: Մտածում եմ՝ Փաշինյանը գնում է Պուտին-Ալիեւ այդ ջերմ հանդիպմանը, որ ի՞նչ անի, մո՞մ բռնի: Ու մեկ էլ հանկարծ Պուտինը որոշի մի հատ փակ հանդիպում էլ Փաշինյանի հետ անցկացնի՝ էն նոտայի պատասխանի հաշվով՝ տվինք պատասխան, չտվիիինք…

Եվ ահա, Փաշինյանի՝ հանդիպման մեկնելու նախօրյակին Երեւանում ցրիվ են տալիս հակառուսական ցույցը, բռնոտում այդ ցույցի մասնակիցներին ու մի շուխուր դնում, թե բա ցույցը ոչ այնքան հակառուսական էր, որքան հակապուտինական, անողներն էլ ռուսներ են, ոնց որ: Փաշինյանը, հավանաբար, հաշվարկել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հենց այսպես էլ կզեկուցեն Կրեմլի բնակչին, եւ Պուտինն իրեն տեսնելուն պես ձեռքը կգցի վզով ու կասի՝ «մալադեց, Պաշինյան, վոտ էտը յա պանիմայու»: Իսկ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանից անկախ գործող ռուսական հատուկ ծառայություններն այլ բան զեկուցեն: Օրինակ, Մոսկվա հեռագիր տան, որ «հակապուտինական ցույց կազմակերպելն ու այդ ցույցը ճնշելը» ՀՀ իշխանությունների հերթական կապիկությունն է, որով փորձում են ցույց տալ, թե հետեւություններ են արել մեր նոտայից:

Փաշինյանն իր թիմի հետ քննարկե՞լ է այս տարբերակը: Չեմ կարծում: Բայց, մյուս կողմից էլ՝ ո՞ւր է այնտեղ թիմ, որ մի հատ էլ այդ թիմի հետ բան քննարկի Փաշինյանը: Մի խոսքով՝ չի բացառվում, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը վերջինը լինի այդ գործիչների կարիերայում:
Եվ, ավարտելով, ասեմ, որ Էդգար Ղազարյանի նման բարի մարդիկ Հայաստանում շատ քիչ են մնացել, որոնք գուցե դեռ մտածում են Փաշինյանին իշխանությունից հիգիենիկ եղանակով հեռացնելու մասին: Թե հիմա դա դատախազով կլինի, փրփրած զինվորականությամբ կամ հոգեւոր դասի խնդրանքով՝ էական չէ: Կարեւորը՝ նա անվնաս հեռանա ու մեզ նոր փորձանքի մեջ չգցի: Բայց Աստված չանի «խելագարված ամբոխները» գան նրա հետեւից:

ՀԳ․ Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել էր, թե «սահմանված կարգով պատասխանել են ՌԴ դեսպանության բողոքի նոտային», բայց ոչ մի տող այն մասին, թե ինչ եւ ինչպես են պատասխանել։ Ենթադրվում է, որ ներողության նման մի բան են խնդրել, որն ամաչում են հայ հասարակությանը ներկայացնեն։