Իրենք` ստրուկներով, վրեժ են լուծում չստրկացողներից

Իրենք` ստրուկներով, վրեժ են լուծում չստրկացողներից

«Հրապարակի» զրուցակիցն է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։ 

-Սամվել Վարդանյանի հետ կատարվածն, ըստ Ձեզ, ինչի՞ մասին են խոսում։ 

-Նախ դա փայլուն ապացույց է, որ Հայաստանում բռնատիրություն է և արդարադատությունն այլևս գտնվում է իշխանությունների ձեռքին ու կատարում է իշխանության հրահանգները։ Այն, ինչ այսօր կատարվում է Սամվելի հետ՝ մեր բոլորի խայտառակությունն է, ոչ թե դժբախտությունը։ Բոլորի դուռը դա հասնելու է՝ մենք կանգնած ենք ընտրության առջև․ կամ լինել ստրուկ կամ` այսպես ծեծվել, դատվել և պատժվել իրենց ասած ձևաչափերով։ 

-Լավ` ձերբակալում են, ուզում են դատել, բայց ինչո՞ւ են մարդուն նվաստացնում, ինչո՞վ եք դա բացատրում։ 

-Իշխանություններն անում են այն, ինչ իրենց հետ անում է Ալիևը, այսինքն, նվաստացողը միշտ նվաստացնում է և ընդհանրապես մարդուն երբևէ նվաստացնում է միայն նա, ով ինքն իրեն նվաստացած է զգում և ունի հոգեբանական բարդույթներ։ Այս իշխանության ձեռագիրը միանշանակ հոգեբանական բարդույթներ և նվաստացման նման փուլ անցած մարդու կամ խմբի ձեռագիր է։ Ինչո՞վ եմ ես դա բացատրում, որպես մանկավարժ, իրենք կարող են մարմնական նվաստացումներ տարած չլինել, բայց ինքնին հայրենադավությունը հոգեբանական նվաստացում է, որովհետև մարդը, որը ինչ-ինչ պատճառներով գնում է հասարակության մեջ ընդունված բարոյական արժեքների դեմ և դավաճանում է այդ արժեքներին, ինքն իրեն հոգեբանորեն արդեն նվաստացնում է։ Եվ իրենք հիմա իրենց ներսում, իրենց հոգեբանական մարդ և չմարդ պայքարի վրեժը հանում են հասարակությունից և նրանցից, ովքեր իրենց նման ստրուկ չեն դառնում՝ դա կլինի շահերի, արտաքին ուժերի, թե ներքին ուժերի՝ էական չէ՝ ստրուկը ստրուկ է, անկախ նրանից, ինքն ինչին է ստրկացել։ Իրենք ստրուկներով հիմա վրեժ են լուծում չստրկացողներից՝ մեկ նախադասությամբ ես այսպես եմ ձևակերպում սա։ 

-Սամվել Վարդանյանին ևս մեկ մեղադրանք են առաջադրել, ի՞նչ եք կարծում, ինչ է սպասվում նրան։ 

-Չգիտեմ ինչ է սպասվում, ես էլ եմ դատարանի մոտ, ես իմ բողոքն այդպես եմ արտահայտելու, բոլորը գրում են՝ Սամվելի կողքին լինենք՝ ես չգիտեմ այլ կերպ ինչպես իր կողքին լինեմ: Մեր ընտրությունն էլ մեծ չէ` հնարավորությունների, թե ինչպես օգնենք երիտասարդին, և ընդհանրապես նման համարձակներին: Որքան էլ պարադոքսալ լինի, բայց այսօր մեկն է տարբերակը սրանց դեմ պայքարի՝ չվախենալ իրենցից… Մենք երևի թե պիտի և ծեծվենք, և ջարդվենք, և բանտարկվենք, բայց այլընտրանք չունենք… մենք թույլ ենք տվել, որ մեր գլխին նստեն ստրուկները, անարժանները և հիմա պիտի ինքնազոհության գնով ազատվենք իրենցից… Իրենք այս ամեն ինչը անում են հիմա Սամվելի հետ, որպեսզի վախեցնեն մյուսներին: Իրենց խնդիրը հիմա Սամվելը չի, այլ նրանք, որ ազատության մեջ են և վառվում են այդ ատելությամբ` թե այս քաղաքական ուժի, թե այսօրվա իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ որպես հայրենատուներ, հայրենադավներ, որպես հայատյացներ: Իրենք հայատյաց են պարզապես: Իրենք վրեժ են լուծում: Սամվելի հետ այդպես վարվելը դագանակ է մյուսների գլխին՝ վախի մթնոլորտ են տարածում: Ես այսօր իմացա նաև, մենք էլ հրահանգ ստացանք, որ ոստիկանության աշխատակիցները պետք է հաճախեն դպրոցներ և միջոցառումներ նախաձեռնեն՝ վտանգավոր իրերի կամավոր հանձնման համար… Նախ վտանգավոր իրը դանակն էլ է, ասեղն էլ է՝ ձևակերպումն էլ այնքան անգրագետ է: Երկրորդը` իմացա, որ մտնում են ավագ դպրոցներ և աշակերտների հետ շատ վատ վերաբերվելով` կոպիտ, բռի, սա միանշանակ ապացույց է, որ համատարած փորձում են վախի մթնոլորտ տարածել և ժողովրդին հարկադրել՝ իրենց դրսից հարկադրվող բոլոր պահանջները: 

-Հակազդեցություն կլինի՞, համբերության բաժակը կլցվի՞ ի վերջո: 

-Ժողովրդի անունից խոսելը մեծ պատասխանատվություն է, երկրորդն` անհավանական է: Ես չգիտեմ հիմա ով է մեր ժողովուրդը, ես չգիտեմ մեր ժողովուրդն ով է: Ես գիտեմ իմ ազգն ով է, չգիտեմ իմ ժողովուրդն ով է, որովհետև այդ ժողովրդի մեջ կա մի մաս, որը հիացած է այս ամենով, կա մի մաս, որին բացարձակ չի հետաքրքրում, կամ մի մաս, որը մղկտում ու վառվում է այս ամեն ինչով… Դրա համար եմ ասում, ժողովրդի անունից խոսելը ճիշտ չէ: 

-Ազգը հակազդեցություն կդրսեւորի՞: 

-Ազգը միշտ էլ հակազդեցություն կդրսեւորի: Այն, որ տեսնում եք փողոցում մի քանի հազար կամ տասնյակ հազար հոգի՝ դա ազգն է: Ազգը միշտ էլ այդ հակազդեցությունը ունի, ցույց է տալիս, վառվում է, ընդվզում է, պայթում է, բայց դուք շատ լավ գիտեք, որ միշտ էլ ազգը ժողովրդի մեծամասնությունը չէ: 

-Ովքե՞ր հիմա պիտի գործեն: 

-Հիմա շատ մեծ անելիք ունեն նրանք, ովքեր առաջնորդական դեր են ստանձնել՝ հատկապես ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի: Առեվել ևս խորհրդարանական ընդդիմությունը, որը տիտղոսակիր է, որը նաև բազմամյա է, այս պահին գնդակն իրենց դաշտում է: Իրենք էլ են իշխանության մաս. ի վերջո խորհրդարանին է պատկանում Հայաստանում իշխանությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Անգամ իրենց փոքրամասնային հարաբերականությամբ իրենք այսօր պիտի ցույց տան, որ Հայաստանում չի կարող լինել կառավարության բռնատիրություն կամ կառավարության իշխանություն, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք և խորհրդարանն է իշխանության գլուխը: