Թքած ունենալը՝ որպես մեր օրերի հայաստանյան «գերագույն արժեք»
Չորսուկես տարի առաջ ՀՀ վարչապետ կարգված անձը գրախանութ մտնելու եւ գրքերի կապոցով դուրս գալու սովորություն ուներ: Գնված գրքերի թվում էր ամերիկյան բլոգեր, «պոֆիգիզմի» տեսաբան Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Ենթադրաբար, դեռեւս «դուխով» Նիկոլն իրեն օգտակար ոչինչ չգտավ այդ գրքում: Ենթադրությանս հիմքն այն է, որ գիրքը գնելը փիառվեց, սակայն դա շարունակություն չունեցավ: Ինչը նորմալ է, քանի որ այդ ստեղծագործությունը՝ չնայած իր վերնագրին, ընթերցողին ուսուցանում է ոչ թե լինել անտարբեր, այլ կարողանալ տարբերակել արժեքավորն ու անկարեւորը ու իրեն նվիրել իրապես արժեքավոր բանին: Բայց Նիկոլի օրոք Հայաստանում դա ընկալվեց յուրովի. առաջին պլան մղվեց բազմաթիվ արժեքավոր երեւույթների վրա թքած ունենալը:
Խորհրդային տարիներին երեխաներին դաստիարակում էին մարդու՝ որպես բարձրագույն արժեքի նկատմամբ վերաբերմունքի ոգով: Նախորդներին մերժած, սակայն նրանց վարքագծի ողջ բացասականությունը ժառանգած Նիկոլի վարչապետության ժամանակ պարզվեց, որ մարդը ցածրագույն արժեք է: Մարդու վրա կարելի է, օրինակ, հրապարակավ թքել ու մնալ անպատիժ: Կրկնեմ՝ մարդու վրա, որովհետեւ ՔՊԿ-ականների վրա թքելու դեպքում անմիջապես կհետեւի պատիժը: Ինչից կարող ենք ենթադրել, որ ՔՊԿ-ականները «չաստվածային» ծագում ունեն: Սովորական մարդուն կարելի է ծեծել ու մնալ անպատիժ: Իսկ եթե մեկ հարված է հասցվում ոչ ՔՊԿ-ականին, ապա դա նույնիսկ ծեծ չի համարվում: Իսկ ՔՊԿ-ականին, օրինակ, մեկ հարված հասցնելը դառնում է քրեական հետապնդման հիմք: Այնպես որ, ՔՊԿ-ական լինելը ենթադրում է, նախ, թքելու իրավունք, եւ երկրորդ՝ անպատժելիության ինդուլգենցիա:
Եթե ներկայացվածը սահմանափակվեր զուտ ՔՊԿ-ական զանգվածով, ապա կարելի էր ենթադրել, որ նախկինների նկատմամբ ատելության ալիքի վրա ժողովրդին խաբելով իշխանության է եկել ազգի բացասական ընտրանին եւ բավարարվել այդ բացատրությամբ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ժամանակին մտավորականի համբավ ունեցող անձինք եւս տրվել են նորմալ մտածողության տեսակետից աննորմալ այդ երեւույթին: «Հրապարակ»-ը, օրինակ, հարցազրույցի միջոցով բացահայտել է մտավորական անվանված նման երկու անձի իրական դեմքը: Մեկը ժողովրդական արտիստ, ռեժիսոր, դասախոս Նիկոլայ Ծատուրյանն է, մյուսը՝ արվեստաբան, թատերագետ, արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը: Մարդիկ, որոնք մի ժամանակ կարող էին օրինակ ծառայել երիտասարդների համար: Չնայած, այսօր էլ կարող են օրինակ ծառայել, սակայն միայն այն երիտասարդների համար, որոնց արժեքային համակարգը սկսվում եւ ավարտվում է ստամոքսով ու կյանքի կայֆերով, որում տեղ չկա հայրենասիրության համար, տեղ չկա Արցախի ու արցախցիների ողբերգության ընկալման համար: Ինչն էլ արտահայտվում է, որպես «գերագույն արժեք», թքած ունենալու մեջ:
Այնինչ, իմ պատկերացմամբ, մտավորականն այն անձն է, որը, օրինակ, ռեժիսոր կամ արվեստաբան լինելով հանդերձ, ավելին է, քան զուտ ռեժիսոր կամ արվեստաբան լինելը: Նա այն անձն է, ով իր մեջ կրում է հայրենասիրության ու քաղաքացիության հպարտ ոգին (չշփոթել նիկոլական «հպարտ» քաղաքացիների հետ): Եվ ով ամեն րոպե պատրաստ է կիսվել իր մարդասիրությամբ եւ լավատեսությամբ:
Կարծիքներ