Հակառուսական քաղաքականության տնտեսական հետեւանքները
Մենք չենք կարող հաստատապես պնդել, թե որ կողմի նախաձեռնությամբ, բայց հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները հետեւողականորեն փլուզվում են, դրամական միջոցների եւ ապրանքների տեղաշարժի համար ստեղծվում են խոչընդոտներ: Շարքային քաղաքացիները, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն իրենց ամենօրյա գործունեության մեջ բախվում են նորանոր խոչընդոտների, որոնց բացատրությունը նրանք չունեն:
Ռուսական СДЕК ընկերությունն իրականացնում է ապրանքների առաքում Ռուսաստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ: Ծանոթներիցս մեկը, ով մշտապես ապրանքներ է ստանում Ռուսաստանից՝ այս ընկերության միջոցով, պատմում է, որ երբ իր ռուս գործընկերը երեկ փորձել է Ռուսաստանից ապրանք առաքել Հայաստան, պատասխանել են, որ Հայաստան ապրանքների եւ ծանրոցների առաքումը դադարեցված է, հիմա առաքում են միայն փաստաթղթեր: Որեւէ բացատրություն չեն տվել, ասել են միայն, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ` Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, նման սահմանափակում գոյություն չունի:
Որոշ բանկեր, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում Ռուսաստան, նույնպես բախվում են որոշակի դժվարությունների: Բանկերի աշխատակիցներն ասում են, որ վերջին մի քանի օրերին ի հայտ են եկել դեպքեր, երբ մարդը գումար է փոխանցել Ռուսաստան, սակայն գումարի հասցեատերը չի կարողացել այն ստանալ, Ռուսաստանում պատասխանել են, որ իրենք չեն սպասարկում Հայաստանից դրամական փոխանցումները: Ռուսաստան դրամական փոխանցում կատարել ցանկացողներին խորհուրդ են տալիս, որ գումարի հասցեատերը նախապես ճշտի, թե իր գումարը տեղ կհասնի՞, իրեն կվճարե՞ն, նոր միայն փոխանցում կատարի: Բանկերում հավաստիացնում են, որ նախկինում նման բան չի եղել, միայն վերջին երկու օրերին են բախվել նման խնդրի: Գումարը չի կորի, իհարկե, հետ կգա, բայց դրանից ո՛չ բանկը կօգտվի, ո՛չ գումար փոխանցողը:
Հնարավոր է, որ սա Ռուսաստանի իշխանությունների պատասխանն է Հայաստանի կողմից շարունակվող հակառուսական քաղաքականությանը: Հնարավոր է, որ Ռուսաստանի իշխանություններին թվում է, որ եթե նրանք հետեւողականորեն խոչընդոտներ ստեղծեն հայ-ռուսական հարաբերություններում, եթե Հայաստանի բնակիչները ֆինանսական կորուստներ կրեն Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խզումից, նրանք կսկսեն ավելի քննադատաբար վերաբերվել Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակառուսական քաղաքականությանը եւ կստիպեն հրաժարվել այդ քաղաքականությունից: Որովհետեւ մի բան է, երբ Նիկոլ Փաշինյանը կամ նրա կառավարության անդամները հանդես են գալիս հակառուսական ելույթներով, խզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, չեն մասնակցում ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին, բայց մարդիկ շարունակում են իրենց տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, շարունակում են շահույթ ստանալ, եւ ուրիշ իրավիճակ է, երբ Հայաստանի իշխանության հակառուսական քաղաքականությունը հարվածում է շարքային մարդկանց գրպանին, հարվածում է բիզնեսին, արդյունքում իրենք դառնում են այդ քաղաքականության զոհերը:
Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի իշխանությունը եւս շահագրգռված է հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող խաչընդոտներով, այդ հարաբերությունների խզումով: Մի կողմից այդ հարաբերությունների խզումը բերելու է տնտեսական հետընթաց, մարդկանց եկամուտները պակասելու են, պակասելու են նաեւ պետության եկամուտները: Բայց Հայաստանի իշխանությունը դրա պատասխանը տվել է ՔՊ-ական պատգամավորի շուրթերով, երբ Գագիկ Մելքոնյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը կտրի Հայաստանին մատակարարվող գազը, ապա Հայաստանը կարող է ապրել նաեւ առանց ռուսական գազի: Հայաստանը կարող է ապրել նաեւ առանց ռուսական հացահատիկի, ձեթի, յուղի, տախտակի, մետաղի, ատոմային վառելիքի, շաքարավազի եւ բազմաթիվ այլ ապրանքների, առանց Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների: Ռուսաստանն էլ կապրի առանց հայկական մրգերի ու բանջարեղենի, չրերի եւ պահածոների, կոնյակի եւ գինու, առանց հայկական իշխանի եւ բազմաթիվ այլ ապրանքների: Բայց այդ ապրանքների առեւտրի բացակայությունից կտուժեն տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, շատերը կզրկվեն աշխատանքից եւ եկամտից, ապրանքները կթանկանան, եւ կյանքը կդժվարանա: Սակայն իշխանությունը դրանից չի տուժի: Ընդհակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կկարողանա հարաբերությունների խզման հողի վրա էլ ավելի ուժեղացնել հակառուսական քարոզչությունը: Փաշինյանական քարոզչությունը կսկսի մարդկանց համոզել, որ Ռուսաստանի նպատակը մեզ ստրկացնելն էր, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը խլելը, բայց մենք պատրաստ ենք սոված ու անլույս ապրել, ձմռանը սառնամանիքին սառել, իսկ ամռանը շոգից խեղդվել, բայց մեր անկախությունը Ռուսաստանին չենք զիջի: Փաշինյանի իշխանությունը մտածում է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների խզումով հնարավոր կլինի Հայաստանը վերջնականապես կտրել Ռուսաստանից:
Փաշինյանի իշխանության արեւմտյան հովանավորները եւս պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը չբավարարվի միայն հակառուսական դատարկ հայտարարություններով, Ռուսաստանի իշխանության հասցեին հնչեցվող քննադատությամբ, այլ այդ քննադատությունը վերածեն կոնկրետ գործի, կոնկրետ արդյունքի: Իսկ կոնկրետ արդյունք կարող է համարվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ անկումը: Արեւմուտքում սկսել են կասկածել, որ Հայաստանը երկակի խաղ է խաղում. մի կողմից քննադատում է Ռուսաստանին եւ դրա իշխանություններին, բայց տակից ավելացնում է առեւտուրը, օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել արեւմտյան պատժամիջոցները: Ապրանքաշրջանառության անկումը Հայաստանի իշխանությանը հնարավորություն կտա ապացուցելու, որ իր հակառուսական քաղաքականությունը միանգամայն անկեղծ է, եւ դա արտահայտվելու է կոնկրետ թվերով: Միայն պետք է պարզվի, թե որ ոլորտներում է նվազում ապրանքաշրջանառությունը, եւ որ ոլորտներում է այն կայուն կամ, առհասարակ` աճ արձանագրում:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ