«Խաղաղության օրակարգի» հաջորդ հանգրվանը Հայաստանի թուրքացումն ու իսլամացումն է

«Խաղաղության օրակարգի» հաջորդ հանգրվանը Հայաստանի թուրքացումն ու իսլամացումն է

Ադրբեջանի ղեկավար Ալիեւը խոսում է Հայաստանը պատերազմով կամ փափուկ ուժի գործադրման միջոցով նվաճելու մասին: Հայաստանի փաստացի ղեկավար Փաշինյանն ու թիմը քարոզում են «խաղաղության օրակարգ», որը, թվում է, լրիվ հակադիր է Ալիեւի ռազմատենչ ու նվաճողական հռետորաբանությանը: Մինչդեռ իրականությունն այն է, որ Փաշինյանի ու Ալիեւի հռչակած ծրագրերը միանգամայն համահունչ են. «խաղաղության օրակարգի» հաջորդ հանգրվանը կարող է լինել ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածք՝ հանգեցնելով Հայաստանի խաղաղ նվաճմանը: Խաղաղությունն առաջին հերթին ենթադրում է տարբեր ազգերի ներկայացուցիչների խաղաղ գոյակցություն, այդ թվում՝ նախկինում իրար թշնամի, իրար հետ պատերազմած: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ հաղթած ազգերը պարտության ենթարկվածների տարածքը յուրացրել են պարտված ժողովուրդներին ու ազգերին իրենց բնակության տարածքից դուրս մղելու եւ այդ տարածքն իրենցով լցնելու միջոցով:

«Խաղաղության օրակարգը» ենթադրում է, որ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր: Տեսականորեն, հայերն էլ կարող են վերադառնալ Ադրբեջանի իրենց բնակավայրեր, բայց դա՝ միայն տեսականորեն: Գործնականում ոչ մի հայ չի վերադառնա Ադրբեջան: Նախ՝ որովհետեւ Ադրբեջանում որեւէ մեկը չի խոսում «խաղաղության օրակարգից», Ադրբեջանի պետական քաղաքականությունում եւ հանրային տիրույթում նման օրակարգ չկա, այն Ադրբեջանի իշխանության կողմից պարտադրվել է պարտված Հայաստանի իշխանությանը եւ նրա միջոցով՝ հասարակությանը: Երկրորդ․ Ադրբեջանից տեղահանված եւ գաղթած հայերի ճնշող մեծամասնությունը նույնիսկ Հայաստանում էլ չի ապրում, նրանց մի մասը, որպես փախստական, հանգրվանեց ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում, իսկ մեծ մասը ցրվեց Ռուսաստանի լայնարձակ տարածքում: Երրորդ․ «խաղաղության օրակարգ» թելադրողն Ադրբեջանն է, այդ երկիրը հանդես է գալիս հաղթողի դիրքերից եւ ինքն է որոշում, թե ով որտեղ պետք է ապրի, ով որտեղ իրավունք կունենա վերադառնալ: Չորրորդ․ դեմոգրաֆիան, որպես գիտություն, ոչ ոք դեռ չի չեղարկել: Եթե խորհրդային Հայաստանի բնակչությունը 3,5-ից անցնում էր, եւ խոսում էին անգամ 4 միլիոնի մասին, ապա նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում հիմա ապրում է 3 միլիոնից էլ պակաս մարդ: Իրականում այդ թիվն ավելի փոքր է: Մինչդեռ Ադրբեջանի բնակչությունը վերջին 30 տարում ավելացել է առնվազն 3 միլիոնով՝ անցնելով 10 միլիոնի սահմանը: Ադրբեջանին անհրաժեշտ է կենսական տարածք, եւ նա փորձելու է այդ տարածքի պահանջը լրացնել մեր հաշվին:

Ոչ միայն մեր, այլեւ ավելի թույլ հարեւանների: Հայաստանում բոլորը համոզված են, որ Ադրբեջանը հետեւողականորեն, հստակ մտածված քաղաքականության միջոցով զբաղեցնում է նաեւ հարեւան Վրաստանը: Վրաստանից ադրբեջանցիների տեղահանություն չի եղել, եւ այդ իմաստով այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ է: Ադրբեջանցիներն աճում են ավելի արագ, քան վրացիները: Վրացիները գիտեն, որ ադրբեջանաբնակ տարածքներում ընտանիքներում մեծանում է 4-6, որոշ դեպքերում՝ նույնիսկ 10 երեխա, իսկ վրացական քաղաքներում՝ 1, առավելագույնը՝ 2: Վրաստանի ադրբեջանցիներն ունեն Ադրբեջանի իշխանությունների բացահայտ եւ թաքնված աջակցությունը: Հայաստանում տեսակետ կա, որ Վրաստանում այդ գործընթացի նկատմամբ դիմադրություն չկա, Վրաստանը հանձնվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի տնօրինմանը, եւ նրանք այնտեղ ինչ ուզում, անում են: Մինչդեռ Վրաստանը շատ ակտիվ եւ բավական հաջող դիմադրում է երկրի ադրբեջանականացման եւ իսլամացման փորձերին:

Վերջերս Վրաստանում մասնակցում էի մի քննարկման, որի բանախոսներից մեկը Վրաստանի Մառնեուլիի շրջանում գործող մամուլի ներկայացուցիչ էր, ազգությամբ՝ ադրբեջանցի: Նա վրդովված պատմում էր, որ տեղական իշխանություններն արգելում են մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված քաղաքում նոր մզկիթ կառուցել: Նա պատմում էր, որ 90-ականներին, երբ երկրում կենտրոնական իշխանությունը թույլ է եղել, ադրբեջանցիներին հաջողվել է մի մզկիթ կառուցել, բայց քաղաքի բնակչությանը դա բավարար չէ, ուզում են երկրորդը կառուցել, մինչդեռ քաղաքային իշխանությունները կտրուկ մերժում են շինթույլտվություն տալ: Ազգությամբ ադրբեջանցի լրագրողն ասում էր, որ թե՛ համապատասխան հողատարածք կա, թե՛ բավարար ֆինանսական միջոցներ՝ շինարարություն իրականացնելու համար: Բողոքում էր, որ ադրբեջանցիներն այնքան համախմբված չեն, որ կարողանան իրենց կամքը պարտադրել վրացական իշխանություններին: Ադրբեջանի իշխանություններն էլ չեն խառնվում այս վեճին, որպեսզի չստացվի, որ խրախուսում եւ հովանավորում են հարեւան երկրի իսլամականացումը, որի հետեւում նաեւ անջատողականությունն է: 

Անցած տարի վրացական քաղաքացիական ակտիվիստները թույլ չտվեցին թուրքական ENKA ընկերությանը Ռիոնի գետի վրա երկու հիդրոէլեկտրակայան կառուցել՝ այդ արգելքը պատճառաբանելով էկոլոգիական աղետ թույլ չտալու եւ շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Մինչդեռ բողոքի ակցիաների հետեւում նաեւ այն մտահոգությունն էր, թե չի կարելի թույլ տալ, որ թուրքական ընկերությունը տեր դառնա երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների, որոնց նախագծային հզորությունը 433 մեգավատ է, ավելին, քան գործող հայկական ատոմային էլեկտրակայանինը:

Վրացիները հասկացել են, որ Թուրքիան կամ Ադրբեջանը Հոլանդիա կամ Իսպանիա չեն, որ հրաժարվել են իրենց կայսրական ամբիցիաներից ու գաղութային քաղաքականությունից եւ որոշել են զարգանալ իրենց ազգային պետական սահմաններում, մյուս երկրների եւ ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության տրամաբանության մեջ: Թուրքերն էլ հասկացել են, որ վրացիների մոտ ավելի մեծ է սեփական պետականությունը պաշտպանելու ձգտումը, ինչը, ցավոք, չափազանց թույլ է հայ հասարակության մեջ, եւ որոշել են առաջինը ոչնչացնել հայկական պետությունը՝ այն մասնատելու եւ թուրքացնելու միջոցով: Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են ապրել ու գործել մեծ Թուրան կառուցելու երազանքով, որն իր մեջ կմիավորի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Իսկ այդ ծրագրի մեջ Հայաստանը ոչ մի կերպ չի կարող Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գործընկեր լինել, այլ մի խոչընդոտ է, որը պետք է վերացնել՝ մեր երկիրը եւս թուրքացնելու եւ հայկական հետքը վերացնելու միջոցով, ինչի ականատեսն ենք 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, ուր ոչ մի հայ մարդ չի մնացել, իսկ հայկական հետքը վերացվում է բծախնդիր հետեւողականությամբ:

Այնպես որ, թուրքերի հետ խաղաղ ապրելու, առեւտուր անելու եւ փող աշխատելու գաղափարներով տարվածները պետք է հասկանան, որ դա հնարավոր է միայն իսլամ ընդունելու եւ հայկական ինքնությունից հրաժարվելու գնով: Եթե նման հեռանկարին համաձայն են հայ մի շարք օլիգարխ մեծահարուստներ, որովհետեւ նրանց ունեցվածքն ու կապիտալն այս տարածքում է, ապա ի՞նչ ասես նրանց քարոզչության տակ հայտնված ամբոխին, որը հենց այսօր կարող է իրականացնել իր երազանքը՝ Թուրքիա մեկնելով ու այնտեղ թուրք տերերի մոտ բատրակություն անելով, առանց սպասելու, որ հնարավորություն կունենա նույն գործն անել, երբ թուրք տերերը նույն գործն առաջարկեն ավելի պակաս գնով անել Հայաստանի տարածքում:

Ավետիս Բաբաջանյան