«Հզոր համայնք», «Զորավոր համայնք» եւ «Ազգ-համայնք»

«Հզոր համայնք», «Զորավոր համայնք» եւ «Ազգ-համայնք»

Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությունն արդեն երկրորդ անգամ է դաշինք կազմում արարատցի համայնքապետերի` անցած տարի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ: Այս դաշինքը մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք համամասնական կարգով, այսինքն` կուսակցական ցուցակներով են ընթանում:

Սեպտեմբերի 25-ին Ռեֆորմիստների կուսակցությունն «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ դաշինքով կմասնակցի 3 համայնքում` Լոռու Գյուլագարակում, Տավուշի Բերդում եւ Շիրակի Անի համայնքում: «Գյուլագարակի մեր թեկնածուն Հայկ Հարությունյանն է, Բերդում կալանքի տակ գտնվող գործող համայնքապետն է` Հարություն Մանուչարյանը, իսկ ահա Անի խոշորացված համայնքում մեր թեկնածուն Արտակ Գեւորգյանն է»,- մեզ հետ զրույցում նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Գյուլագարակում մասնակցում են «Հանուն ժողովրդի» դաշինքով, Բերդում` «Զորավոր համայնք», իսկ Անիում ռեֆորմիստները դաշինք են կազմել Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցության հետ, եւ դաշինքը կոչվում է «Ազգ-համայնք»:

Նրա խոսքով` Ռեֆորմիստների կուսակցությունը երկրորդ անգամ է համագործակցում «Իմ հզոր համայնք» կուսակցության հետ, նախկինում էլ դաշինքով մասնակցել են Մասիս խոշորացված համայնքի ընտրություններին: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կուսակցությունը տեղյա՞կ է, թե վերոնշյալ համայնքներում ինչ խնդիրներ կան։ Բաբայանն ընդգծեց. «Տվյալ համայնքներում մենք ունենք համապատասխան ներկայացուցիչներ, որոնք տեղյակ են, թե որ ոլորտում ինչ խնդիր կա, եւ հենց այդ պատճառով էլ համաձայնել ենք մասնակցել ընտրություններին»:

Նրա պնդմամբ` խնդիրները կուսակցության հետ այնքան էլ կապ չունեն, դրանք ընդհանուր դաշինքին են վերաբերում: «Ցուցակը գլխավորող անձինք պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը, բնակիչներն էլ ըստ դրա կորոշեն` ում ընտրեն»,- նշեց մեր զրուցակիցը: Բաբայանն անդրադարձավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն այս անգամ մասնակցելու է բոլոր 18 համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին: Բաբայանի խոսքով` ՔՊ-ի այս քայլը հասկանալի է, քանի որ իշխող կուսակցությունը պարտավոր է բոլոր համայնքներում ապահովել իր մասնակցությունը: