Արդարությունն ու շահը

Արդարությունն ու շահը

Ինչպիսի վերաբերմունք էլ ունենամ ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ՝ չեմ կարող չարձանագրել, որ Լեհաստանը հերթական անգամ փորձեց գլխավորել հակառուսականության քարոզարշավը: Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարար Կամիլ Բորտնիչուկը, ըստ BBC-ի տեղեկատվությունը փոխանցած «Հրապարակի», հայտնել է, որ չորս տասնյակ պետություն կարող է բոյկոտել 2024 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը, եթե ՄՕԿ-ը ռուս և բելառուս մարզիկներին թույլ տա մասնակցելու Օլիմպիական խաղերին: Հիշեցնեմ՝ ֆրանսիացի մանկավարժ և պատմաբան, բարոն Պիեռ դը Կուբերտենի (1863-1937) ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին օլիմպիական խաղերը։ բարոնը ոգեշնչվել էր անտիկ օլիմպիական խաղերից, որոնք անցկացվում էին Հին Հունաստանի Օլիմպիա բնակավայրում՝ սկսած մ. թ. ա. 8-րդ դարից մինչև մ. թ. 4-րդ դարում արգելվելը։ Ավելացնեմ, որ հին հունական խաղերի ընթացքում միջհունական բոլոր պատերազմները դադարեցվում էին: Իսկ հունական իրականության անտիկ շրջանը բավական հարուստ էր միջպոլիսային բախումներով: 

Օրեր առաջ էլ «Օսվենցիմ» թանգարանի տնօրեն Պյոտր Ցիվինսկին որոշել է Ռուսաստանին չհրավիրել նույնանուն աշխատանքային և մահվան ճամբարի (1940-1945, գտնվում էր Լեհաստանում) ազատագրման 78-ամյակի արարողությանը։ Հիշեցնեմ՝ «Օսվենցիմն» ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին։ Հենց այդ օրն էլ ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր. ճամբարում սպանվել են 1.1 միլիոն հրեաներ և 300 հազար այլ ազգության մարդիկ: Մահվան ճամբարի պահակներ և հսկիչներ էին հանդիսանում ինչպես գերմանացիները, այնպես էլ նրանց հետ համագործակցող լեհերը, ուկրաինացիները և այլ երկրների բնակիչները: Հենց այդ երկրներին էլ հրավերներ են ուղարկվել: Ստացվում է, որ, ըստ ռուսական տելեգրամ ալիքների, այս տարի զոհերը շնորհակալություն են հայտնել ոչ թե իրենց ազատարարներին, այլ դահիճներին... Ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է: Լեհական պետական այդ թանգարանը համարվում է Հոլոքոստի (The Holocaust - Ողջակիզում) գլխավոր խորհրդանիշներից մեկը: 

Շարունակենք լեհական թեման: Ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր լեհերն իրենց վրա են վերցրել ուկրաինացիներին օժանդակելու հարցում առաջամարտիկի դերը: Այն ոչ այնքան առարկայական, որքան քարոզչական աջակցություն է՝ հաշվի առնելով ոչ այնքան հզոր լեհական ռազմական կարողությունները: Հիշեցնեմ՝ Եվրոպայում նյութական առումով առաջամարտիկը Միացյալ Թագավորությունն էր՝ երբ նրա վարչապետը Բորիս Ջոնսոնն էր: Ջոնսոնի հրաժարականից հետո այդ հարցում ՄԹ-ն կորցրեց առաջատարի դերը, որով թուլացավ եվրոպական ընդհանուր օժանդակությունը՝ այն ամբողջությամբ անցավ ԱՄՆ-ին: Մինչև վերջին օրերս, երբ Գերմանիան համաձայնություն տվեց Ուկրաինային Լեոպարդ տանկեր տրամադրելու հարցում: Մինչ այդ, մի պահ լեհական քարոզչական մեքենան մնացել էր ստվերում, սակայն ռուս և բելառուս մարզիկների՝ միջազգային մրցումներ վերադառնալու հարցը քննարկելու պատրաստակամության մասին ՄՕԿ-ի հայտարարությունից (հունվարի 26-ին) հետո լեհական կողմը կրկին ակտիվացավ: 

Ավելացնեմ, որ լեհերը ոչ միայն աջակցում են ուկրաինացիներին, այլև կիսապաշտոնական (նախկին պաշտոնյաների բերանով) տարբերակով շրջանառում են լեհ-լիտվական դաշնային պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի (16-18-րդ դարեր) կազմում ներառված հողատարածքնները վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ավելացնեմ, որ լեհական կողմից Ուկրաինային սպառազինության փոխանցումն այնքան էլ անշահավետ չէր: Դրա շնորհիվ լեհերն ազատվեցին խորհրդային հին սպառազինությունից, ինչը պետք է բնականաբար փոխարինվի ամերիկյանով (հիմնականում) և գերմանականով: Այնպես որ կարող ենք արձանագրել, որ արդարությունը՝ արևմտյան մտածողությամբ, չի խորշում շահադիտական լինելուց: Եվ այդ երևույթը ոչ միայն զուտ լեհական է, այլև համատարած արևելաեվրոպական: Լեհերն ուղղակի ավելի ակտիվ են խոսքի մակարդակում: