Երջանկություն եմ փնտրում

Երջանկություն եմ փնտրում

Փիլիսոփաները եւ կրոնական մտածողները երջանկություն ասելով՝ հաճախ հասկանում են լավ ապրելը եւ բարգավաճելը, ոչ թե զգացմունքները եւ զգացումները: Իհարկե, եկամուտը նպաստում է երջանկությանը, սակայն դրա նշանակությունն այնքան մեծ չէ, որքան խոսվում է: Առավել բարձր եկամուտ ունեցող անձինք միշտ չէ, որ ավելի շատ ժամանակ են ծախսում հաճույքներ վայելելու վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ երջանկությունը կապված է 3 հանգամանքի հետ` կենսամակարդակ (հիմնված նյութականի վրա), ընտանեկան կարգավիճակ եւ առողջություն:

Ցանկացած խախտում այս երեք հանգամանքից մեկում՝ խախտում է երջանկության հավասարակշռությունը: Երբեք չպիտի մոռանալ առողջության եւ երջանկության հակադարձ կապի մասին: Շրջակա միջավայրը եւ փոխադարձ վերաբերմունքը կարեւոր գործոններ են ե՛ւառողջության, ե՛ւ երջանկության համար: Կարծում եմ` նույնն է ընտանեկան կարգավիճակի իմաստով: Ընտանեկան ջերմ մթնոլորտի, փոխադարձ սիրո եւ վստահության բացակայությունը բացասաբար է ազդում երջանկության վրա: Բոլոր ժամանակներում ամուսնացածները միշտ ավելի երջանիկ են, քան չամուսնացածները: Իսկ փողը` որպես երջանկության աղբյուր. բնական է, որ ավելի շատ եկամուտ ստացողները երջանիկ են՝ քիչ եկամուտ ստացողների եւ հատկապես ծայրահեղ աղքատների համեմատ:

Բայց երբ աճում է մարդկանց եկամուտը, արդյոք բարձրանո՞ւմ է երջանկության մակարդակը: Իրականում որեւէ փոփոխություն տեղի չի ունենում, հատկապես երբ եկամտի աճը տեղի է ունենում բոլորի մոտ: Այդ դեպքում վերջինս բերում է ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացման: Գուցե մարդիկ եկամտի աճից իրենց բավարարված են զգում եւ ավելի երջանիկ, բայց դրա հետ զուգահեռ երջանկության իրական աճ չի գրանցվում:

Հաճախ մարդը երջանկության մեջ կարեւորում է ոչ թե եկամուտը, այլ աշխատանքի առկայությունը: Աշխատանքն ինքնին առաջացնում է սոցիալական կապիտալ, կարեւորության զգացում: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա այստեղ եւս պետք է ուշադրություն դարձնել հակադարձ կապին: Մնում է հարցերի հարցը` կրթությո՞ւնն է ազդում երջանկության մակարդակի վրա, թե՞ երջանկությունն է բերում կրթվելու ցանկություն: Բարձրագույն կրթություն ունեցողները կարծես ավելի երջանիկ են: Բայց երջանկության չափման եղանակները տարբեր են: Մեծ չափումների կողքին կան նաեւ փոքր չափումներ` դուք բավական ժպտացել կամ ծիծաղե՞լ եք երեկ, դուք երեկ համեղ կերակո՞ւր եք կերել, ձեզ հաճոյախոսե՞լ են: Քանի՞ հոգի է շնորհավորել ձեր ծննդյան օրը կամ ամանորը: Տարբեր տարիքային խմբերի համար այս հարցերն ունեն կատարելապես տարբեր նշանակություն:

Այնպես որ, երջանկությունը բարեկեցության հոգեկան կամ հուզական վիճակ է, որը բնութագրվում է դրական կամ բացասական զգացումներով: Մարդիկ միշտ փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է երջանկութունը, եւ ինչպես կարելի է հասնել դրան: Կարծում եմ՝ ունեցածով բավարարվելը, քրտինքով ստեղծածը պահպանելը երջանկության ճանապարհներից մեկն է: Իսկ երջանկության արժեքը գնահատելու միասնական պատասխան ո՛չ այսօր, ո՛չ վաղը միանշանակ չի լինելու, ու միշտ արդիական է մնալու «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, բոլոր դժբախտները դժբախտ են յուրովի» արտահայտությունը` հանրահայտ վեպից: Մի եզրահանգում եւս. երջանկությունը մշտական կատեգորիա չէ, այն այսօր կա, վաղը չկա:

Տագնապած հոգով, մթագնող մտքով ես այս օրերին երջանիկ հայ եմ փնտրում: Ստիպված եմ փնտրել դրսում, նաեւ շրջափակված Արցախում ու անվտանգությունը վտանգած Հայաստանում: Չեմ նախանձում հայ օլիգարխներին եւ պարգեւավճարի դեմքով ինչ-որ բան օրինականացրած մեր կառավարիչներին: Գուցե իրենք հպարտ են, բայց ես նրանց շարքերում երջանիկներ չեմ տեսնում: Երջանիկներ չեմ տեսնում, բայց անծով Հայաստանում «փրկության նավ», լույս եւ հույս եմ տեսնում: Թող 2023 թվականը (որի թվանշանների գումարը խորհրդավոր 7 է, իսկ 7-ը երջանկության թիվն է` 7 նոտա, աշխարհի 7 հրաշալիք, ըստ Ավետարանի` 7 մեղքեր, ծիածանի 7 գույն) երջանկություն բերի հայոց մեծ տուն:

Վաղարշակ Ղորխմազյան