Դավիթ Համբարձումյանն ու պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը

Դավիթ Համբարձումյանն ու պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեկ կրկին հետաձգվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։ Նշենք, որ նախօրեին եւս հետաձգվել էր նիստը՝ Մասիսի քաղաքապետի ներկայությունը դատարանում ապահովվելու համար։



Նրա շահերի պաշտպաններից Զորայր Հարությունյանը նշում է. «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետի երկարացման նիստի ընթացքում դատարանի կողմից պաշտպանության կողմի իրավունքների ոտնահարման հետեւանքով, գործով ներգրաված բոլոր պաշտպաններս հայտնեցինք մեր անհամաձայնությունը, նշելով որ միջնորդության ամբողջ քննարկումը ապօրինության դրսեւորում է եւ լքեցինք դատական նիստերի դահլիճը: Միջնորդության քննարկումը շարունակվում է պաշտպանության կողմի բացակայությամբ»:



Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով մեղադրվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանը, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանը: Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար։