Մնջախաղի թատրոնի շենքի շինարարությունը կսկսվի մայիսից

Մնջախաղի թատրոնի շենքի շինարարությունը կսկսվի մայիսից
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այսօր Մոսկովյան պուրակում ներկայացրին Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը, որի նախագծման աշխատանքներում մասնակցել են նաեւ ճարտարապետներ Հրաչիկ Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը, Մկրտիչ Մինասյանը, Նարեկ Սարգսյանը։



Գևորգ Քոչար 21 հասցեում տեղակայված թատրոնի նոր շենքի բացումը տեղի կունենա 2019-ի մայիսին, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարվա մայիսից։ Թատրոնի նոր տարածքի նախագծային արժեքը կազմում է շուրջ 260 միլիոն: Այս տարվա աշխատանքի ծավալը՝ մոտ 60 միլիոն: Հաջորդ տարվա բյուջեով կլուծվի թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի ձեռքբերման խնդիրները: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում կհայտարարվի շինարարական կազմակերպության մրցույթը։



Ինչպես նշեց Դադասյանը, թատրոնի մուտքը կընդգծի մեծամասշտաբ լեդ էկրանը, որը կլուծի նաև արտաքին գովազդի խնդիրը, էկրանի վրա կցուցադրվեն ներկայացումներից հատվածներ: Տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիների համար կգործի ժամանակակից վերելակ: Թատրոնի դահլիճը լինելու է մոտ 120-130 տեղանոց, թատրոնն ունենալու է նաեւ փորձասենյակ, ադմինիստարտիվ հատված։ Իսկ թատրոնի շենքի բացումը ազդարարվելու է նոր ներկայացմամբ՝ «Պիեռոյի երազը», որն անդրադառնալու է նաեւ ժամանակակից շատ խնդիրների։