Այս կետում դժվար եմ հասկանում Արամին

Այս կետում դժվար եմ հասկանում Արամին


Ժողովրդին միշտ պատկերացրել եմ որպես նեկտար։ Իշխանությունը նրանից պիտի սնվի, ուժ ստանա՝ արարելու, գալիք դժվարություններին դիմակայելու համար։



Այդ փոխադարձ կապը պահպանելու դեպքում կյանքն այնքան գեղեցիկ ու ներդաշնակ է լինում։ Առաջ չէի հասկանում, երբ ասում էին մեղուն միևնույն ծաղկից է նեկտար հավաքել ու օգտակարությունն այն չէ։ Մարդիկ այնպիսի մեղր էին փնտրում, որ խառը, բազմազան ծաղիկներից ստացված լինի․․․ Հազար ծաղկից հյուսված։



Քո այգում դրված փեթակի մեղրի համն ու օգտակարությունն ուրիշ է, անծայրածիր ծաղիկների մեջ դրված դրվածի համն ու օգտակարությունն ուրի՜շ․․․



Խոսքս մեր ժողովրդի, հանրության նեկտարի մասին է։ Անսպառ է։ Ու եթե նրանց մեջ կան ծաղիկներ, մարդիկ, ովքեր դառնացել, չարացել են, չի կարելի խոսել միայն դառնության մասին։ Դառը կորիզի մեջ երբեմն ավելի շատ օգտակար բան կա։



Կարդում եմ հարգարժան Արամ Աբրահամյանի «Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես» վերտառությամբ հոդվածը ու հասկանում եմ նրան․



«Համենայնդեպս հայերեն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսևորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը, և մնացած մթին բնազդները»:



Արամը միշտ մեղմ է գրում, որ ոչ մի կողմը չնեղանա, վատ չզգա։ Հազվադեպ է օգտագործում դառը բառեր։  



Բայց ահա շարունակության մեջ մի բան է գրում, որը դժվար եմ հասկանում․



«Օրինակ, երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ մոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեման, մասնավորապես, հետևյալն է.« Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես, այ եթե ես լինեի, ես այսպիսի «քլնգող» հարցեր կտայի։ Մի խոսքով էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը»:



Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է,- ասում է Արամ Աբրահամյանը։ Պարզ նախադասություն է․ Արամը ուրախ է, ինչու՞։ Պատասխանը՝ որ իր մոտիկ մարդը հարցազրույց է վերցրել նախագահից։ Մտովի փորձում եմ կարդալ նաև «օդը թունավորող մարդկանց»։ Իրենք էլ ուրախ կլինեին, եթե հարցազրույց վերցներ «իրենց մոտիկ մարդը», իրենց շրջապատի մարդը։ Բայց նման բան երբևէ չի լինում։ Ինչու՞․ դա այլ հարց է։



Անցնենք մյուս նախադասությանը՝ «Գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի»։



Ինչու՞ հենց գործընկերոջ։ Ցանկացած աշխատող մարդու գործը հարգանքի է արժանի։ Մի՞թե միայն նույն բնագավառում աշխատող մարդիկ են իրար աշխատանք հարգում։



Ասելիքս այն է, որ հանրության մեջ խորացել է իմ ու քո-ի բաժանումը՝ իմ մոտիկը, իմ գործընկերը ու հիմա պետք չի նեղանալ մարդկանցից, ովքեր չարացել են, որ մի անգամ էլ իրենց մոտիկ մարդուն չեն օգտագործում։



Նույն ծաղկի ու տարբեր ծաղիկների մեղրից մարդիկ գերադասում են տարբեր ծաղիկներինը։ Թեկուզ այդ ծաղիկը պարտեզի վարդը լինի։ Գուցե հարկ կա լսելու նաև հակառակ կողմին, դառը կորիզի մեջ էլ արժեքավոր շատ բան կա։




Հասմիկ Բաբաջանյան