Թիրախն ընտրված է

Թիրախն ընտրված է
Մենք՝ հայերս, մի տարօրինակ մշակույթ ունենք. պարբերաբար մտասեւեռումներ ենք ունենում ինչ-որ անձանց, դեպքերի ու իրադարձությունների ուղղությամբ: Մի կախարդական փայտիկի շարժումով ազգովի կենտրոնանում ենք ինչ-որ բանի վրա, ու սկսվում է կոլեկտիվ դատապարտումի ցուցադրությունը, հար եւ նման 37 թվի նմանօրինակ ակցիաներին: Օրերս մի երիտասարդ երգահան, որի անունն անձամբ մինչ այդ չէի էլ լսել, անզգուշություն է ունեցել հայտարարելու, թե սիրում է ադրբեջանական երգը, եւ այն հոգեհարազատ է հայերին: Այդ հայտարարությունը մի տեսակ կարմիր կտորի էֆեկտ ունեցավ ոմանց համար: Հաջորդ օրն արդեն սկսվեց 37 թվին բնորոշ ակցիաների շարքը՝ տեղից ելնողն իր պարտքն էր համարում դատապարտել այս տղային, նրան մեղադրել դավաճանության մեջ, բայց ամենահեռուն գնաց Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, որը նախ հայտարարեց, որ այդ տղային չի կարելի կոմպոզիտոր անվանել, ապա նշեց, որ նա խախտել է մեր ազգային անվտանգության պատնեշները, եւ վերջում՝ խոստացավ այս հարցը դարձնել Հանրային խորհրդում հատուկ քննարկման առարկա: Այս դատապարտումների շքահանդեսին հետեւելով, ես մտածում էի՝ այդ ինչի՞ց է, որ մեր ազգն այլակարծություն չի հանդուրժում: Իսկ ազգիս անհանդուրժողական հատվածն ինչպե՞ս է ընտրում իր թիրախներին: Կարծես թե սա հատկապես ընդգծվում է, երբ խոսքը վերաբերում է ազգայինին: Իսկ գուցե իսկապե՞ս՝ «ստահակների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»: Շատ կուզենայի հավատալ, որ երիտասարդ սերունդը չի մասնակցում անարգանքի սյունին գամելու այս ծեսերին: Եվ հույս ունեմ, որ դրանք 37 թվից մեզ փոխանցված ավանդույթով, մեր հայրերի ու պապերի ապրած-տեսածով են պայմանավորված: Ու նրանց հետ էլ կանցնեն պատմության գիրկը: