Ներքին թշնամին

Ներքին թշնամին
Երեկ խմբագրություն էր զանգել Վայոց Ձորի Թառաթումբ գյուղի մի բնակիչ եւ խնդրում էր «լրագրող ուղարկել» իրենց գյուղ: Կիրակի օրն այս գյուղում համայնքապետի ընտրություններ են: Երեք թեկնածուներ են առաջադրված, որոնցից մեկը, որը hանրապետական է, մարդու ասելով, անազնիվ պայքար է տանում՝ մարդիկ ունի մարզպետարանում, զինկոմիսարիատում եւ նրանց միջոցով ճնշում է գործադրում գյուղացիների վրա: Ընդ որում, սա գործող գյուղապետը չէ: Իսկ գյուղացիք ոչ նրան, ոչ էլ գործող գյուղապետին են ուզում, այլ տարիներ առաջ գյուղապետ աշխատած անձին, բայց վստահ չեն, որ իրենց ուժերով կարող են հասնել նրան, որ իրենց ընտրած մարդը գյուղապետ դառնա: Ու որոշել են դիմել մայրաքաղաքային թերթի օգնությանը: Փորձեցի բացատրել զրուցակցիս, որ իմ ուղարկած լրագրողը 22-24 տարեկան մի աղջնակ է լինելու, եւ նա գյուղի զոռբաների դեմ մեն-մենակ չի կարող պայքարել: Բայց մարդը վստահ էր, որ լրագրողն ու նրա ձայնագրիչը հրաշքներ կգործեն, եւ խարդախները կզգուշանան ապօրինություններ անելուց: Մի կողմից հաճելի է, որ մեր աշխատանքի ու թերթի նկատմամբ այդպիսի վերաբերմունք կա, նման հավատ: Բայց մյուս կողմից էլ սիրտս ցավով էր լցվում մեր քաղաքացիների համար, ովքեր իրենց անզոր են զգում տարբեր զոռբաների ու անարդարությունների դեմ-հանդիման: Մտածում են, որ սեփական ուժերով արդարության չեն կարողանա հասնել, եւ անարդարության դեմ պայքարը հատուկ գիտելիքներ, հատուկ կարգավիճակ ու ժամանակակից տեխնիկա է ենթադրում: Կարծում են, որ անգամ գյուղապետ ընտրելու հարցում իրենք անուժ են, եւ ընտրություններ կոչվող երեւույթին ընդառաջ պետք է պատրաստվել, ուժերը մոբիլիզացնել եւ դրսից նոր ուժեր ներգրավել: Այնպես, ինչպես պատերազմում: Պարզապես հիմա՝ ներքին թշնամու դեմ: