Կունենա՞նք «ՍանԷպիդկայան» հեռուստատեսային ոլորտում, թե՞ ոչ

Կունենա՞նք «ՍանԷպիդկայան» հեռուստատեսային ոլորտում, թե՞ ոչ
Մոտ 20 օր առաջ մշակույթի եւ հասարակական մի խումբ գործիչներ հեռուստաեթերի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առաջարկով դիմել էին ՀՀ նախագահին, ով օրեր անց արձագանքել էր նամակին եւ հանձնարարել Հանրային խորհրդին՝ իր հովանու տակ առնել խնդրի կարգավորումը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ պարտավորվել էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ոլորտը բարեփոխելու համար հստակ մեխանիզմներ առաջարկել: Որպես նախագահի հանձնարարականի շարունակություն՝ երեկ Հանրային խորհրդի երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվում էին ՀՀ հեռուստաեթերի խնդիրներն ու բարեփոխման հարցերը: Քննարկման նպատակն էր՝ ի հայտ բերել այն առաջարկները, որոնք սեպտեմբերի 10-ին ընդհանուր քննարկման ժամանակ կներկայացվեն Հանրային խորհրդին: Բանախոսների մեջ էին «Եթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամները:



Նրանցից Վահրամ Միրաքյանը, անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախագահին ուղղված մտավորականների նամակին, նշեց, որ այն հասցեագրված է եղել հեռուստաընկերությունների սոցիալ-մշակութային եւ ոչ նրանց վարած քաղաքական, լրատվական քաղաքականությանը կամ էլ եթերում խոսքի ազատությունը սահմանափակելուն: Այսինքն, նախաձեռնության անդամների կարծիքով, խոսքի ազատության սահմանափակումն ավելի նվազ վնասակար է, քան տարբեր սերիալների ազատությունը: Զաքար Խոջաբաղյանն էլ անդրադարձավ նամակը նախագահին հասցեագրելու շահարկումներին՝ նշելով, որ հեռուստաեթերի հարցը բազմիցս քննարկվել է տարբեր հանձնաժողովներում, բայց շոշափելի արդյունք չի գրանցվել, դրա համար էլ այս անգամ դիմեցին նախագահին:



Վահրամ Միրաքյանը նշեց, որ նախկինում ՀՌԱՀ-ի առաջարկությունները հասել են ԱԺ ու այդպես էլ առաջ չեն գնացել: Թեեւ օրենք կա, բայց պատժամիջոցներ չկան. «Օրինակ, օրենքում ասված է, որ դեռահասների առողջությանն ուղղված հաղորդումներ չպետք է լինեն եթերում, բայց որո՞նք են դեռահասների առողջությանն ուղղված այդ հաղորդումները, այսինքն՝ չափորոշիչներ չկան»: Միրաքյանը նշեց, որ խոսքը չի գնում հումորային հաղորդումները կամ առհասարակ սերիալները փակելուն. «Խոսքն այն մասին է, որ սերիալների ազդեցության տակ մարդիկ ինքնասպան չլինեն, իսկ նման դեպքեր եղել են, բոլորս գիտենք»:



Զաքար Խոջաբաղյանն էլ նշեց, որ հաճախ սերիալներ նկարահանող անձնակազմն ասում է, որ իրենք արտացոլում են իրականությունը, բայց այդ դեպքում «մեր ո՞ր իրականության մեջ կան ազգակցական մտերիմ սեռական կապեր»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե սննդի ոլորտում կա, օրինակ, սանէպիդկայան, որը հետեւում է սննդի պիտանելիությանը, ապա նման մի կառույց էլ պետք է լինի հոգեւոր սննդի դաշտում: Բանախոսները նշեցին մի հանգամանք եւս, որը, ըստ նրանց, խոսում է մեր հեռուստաեթերի որակի մասին նույնպես: Դա այն է, որ այսօր մարդիկ ալեհավաքներից ավելի շատ են օգտվում, ինչը նշանակում է, որ հայկական հեռուստաալիքներ չեն ուզում դիտել: Բայցեւայնպես, բանախոսների կարծիքով, ամեն հեռուստաալիքով էլ կան մեկական հաղորդումներ, որոնք դրական են եւ օրինակելի, միայն թե շատ քիչ են: