Վերջին ծիրանները

Վերջին ծիրանները
Արդեն դժվար է Երեւանի ամառը պատկերացնել առանց «Ոսկե ծիրանի» եւ փառատոնի շրջանակներում ցուցադրվող այն բոլոր տպավորիչ ու անտաղանդ ֆիլմերի, որոնց վկաներն ենք դառնում տապի ու դանդաղ հոսող ժամանակի դեմ կռիվ տվող քաղաքի բնակիչներս: Այս տարի հռչակավոր դերասանի կամ դերասանուհու Երեւանի փողոցներում չենք հանդիպի, բայց ծրագրում ներառված են ոչ այնքան շատ, մի քանի նոր եւ հետաքրքիր ֆիլմեր, որոնք տեսնելու բացառիկ հնարավորությունը պիտի բաց չթողնել:



Այս տարի «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է իսպանացի մեծանուն ռեժիսոր Վիկտոր Էրիսեն, ում 1973 թվականին նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը` «Փեթակի ոգի»-ն, հրաշալի տպավորություն թողեց: Ֆիլմն ասես մանկական քնքուշ, անորսալի աշխարհի լեզվով պատմվող թվացյալ մի հեքիաթ է, որտեղ իրականության եւ հորինվածքի տարածությունները մերթ նույնանում են, մերթ հեռանում միմյանցից՝ որպես հաջորդաբար մեկը մյուսին հաղթահարող տեսիլքներ: Համարյա ողջ ֆիլմն ընթանում է կիսամթի մեջ, որտեղ իրերը պատկերվում են հատվածական, իսկ ստվերները եւ, ասենք, պատուհանից սենյակ թափանցող լույսը խստացնում են լռության մետաֆորը: Ֆիլմի երաժշտությունը եւ գլխավոր հերոսուհու` փոքր աղջնակի ֆանտաստիկ խաղը, նրա բացահայտվող ու գողտրիկ ապրումները մեդիտատիվ զգացողություններ են առաջացնում:



Հետաքրքիր ակնթարթներ կային ծագումով հայազգի թուրք ռեժիսոր Օզքան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմում, որ պատկերում է պատերազմի եւ պարզ մարդկային կյանքի անհամատեղելիությունն ու անհեթեթությունը: Ֆիլմում առկա էին նաեւ ծեծված ու չհաղթահարված կլիշեներ եւ սենտիմենտի անհարկի դրսեւորումներ:



Արդեն երեք օր է, ինչ մեկնարկել է «Ոսկե ծիրանը», եւ կարելի է ասել, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը, հանդիսատեսի քանակը համարյա նույնն են՝ կինոարվեստի սիրահարների նույն շրջանակը, նույն դեմքերը` գուցե այս անգամ տարբեր սանրվածքներով ու հագուստներով: Իսկ սպասվելիք լավ ու վատ ֆիլմերի մասին քննարկումները, վեճերն ու լեգենդները, ինչպես միշտ, բազմաբնույթ են: Ոմանց կարծիքով՝ այս տարի ամենահետաքրքիրը կլինեն ռուսական հեղինակային ֆիլմի վարպետներից մեկի՝ Ալեքսանդր Սոկուրովի ստեղծագործությունները, մյուսները բումի են սպասում մեր ռեժիսորներից, մի քանիսն անհամբեր սպասում են այս տարվա Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած Միխայել Հանեքեի «Սերը» ֆիլմին: Մի խոսքով, փառատոնը՝ քաղցրանալով թե դառնանալով, թափ է հավաքում: Վերջին ծիրանները վայելելու համար շտապել է պետք: