Ամեն ինչ տրամադրում է, որ սովորես

Ամեն ինչ տրամադրում է, որ սովորես
Սեւադա Հովսեփյանը սովորում է Ցյուրիխի պետական համալսարանում: Երբ զանգեցի, ասաց, որ տասը րոպեից կլինի նշանակված վայրում: Իսկ երբ տասը րոպեն անցավ, հասկացա, որ Սեւադան հետ էր վարժվել երեւանյան տրանսպորտին:



- Ինչո՞ւ որոշեցիր հենց Ցյուրիխ գնալ:



- ԵՊՀ-ում ավարտելով բակալավրիատը, ուզում էի ուսումս արտերկրում շարունակել: Չգիտես ինչի՝ ավելի շատ միտված էի Եվրոպա գնալ, ԱՄՆ չէի ուզում: Իսկ Ցյուրիխի համալսարանն իմ մասնագիտության` ֆիզիկայի գծով ոչ միայն Եվրոպայի, այլեւ աշխարհի ամենահզորներից մեկն է: Այսինքն՝ համարյա միանշանակ գիտեի, որ Ցյուրիխ եմ գնալու:



- Ի՞նչն էր, որ Շվեյցարիայի կրթական համակարգում քեզ հաճելիորեն զարմացրեց:



- Ես այստեղ սովորում էի բիոֆիզիկայի ֆակուլտետում եւ ուզում էի խորանալ հատկապես բիոֆիզիկայի մեջ: Հենց այդ էր այստեղի ու այնտեղի հիմնական  տարբերությունը, որ ընդհանուր ֆիզիկայի բաժնում դու կարող ես ընտրել այն առարկան, ինչ ուզում ես լսել: Իսկ այստեղ դու արդեն ընտրել ես քո մասնագիտությունը, բայց անցնում ես ինչ-որ բաներ, որոնք քեզ այդքան էլ պետք չեն գա կամ չեն հետաքրքրում: Քո ընտրած առարկաների հիման վրա որոշվում է արդեն, թե դու ինչով ես զբաղվում, ինչ թեզ ես գրելու, եթե ասպիրանտուրայում շարունակես՝ ինչ ես պաշտպանելու:



Համալսարանը, շենքը, թե որտեղ է այն տեղակայված, ամեն ինչ տրամադրում է, որ դու սովորես: Ամբողջ կրթական համակարգը ստիպում է, որ դու ամբողջ ընթացքում ճնշման տակ աշխատես ու չթուլանաս` սպասելով քննություններին: Կամ մեկ այլ բան: Քննությունը: Այստեղ եթե հարցաշար կա, որը պետք է սովորել, գնալ քննության՝ տոմս վերցնել ու պատասխանել, Ցյուրիխում հարցաշար չկա, օրինակ, կես ժամ է տեւում քննությունը, գնում ես դասախոսի մոտ ու սկսում առանց շտապելու, առանց լարվելու զրուցել հետը: Կես ժամից դուրս ես գալիս ժպտալով, բայց առանց իմանալու, թե ինչ ես ստացել: Արդյունքներն իմանում ես մեկ ամսից:



Եթե զուտ անհատական կողմից ենք նայում, այստեղ դասախոսներն ավելի շատ են քեզ հետ անձնապես աշխատանք տանում, քան այնտեղ ստիպում են, որ ինքդ անես:



- Իսկ ի՞նչ մշակութային տարբերություններ կային, որ քեզ շոկի բերեցին:



- Մարդկանց պահվածքը շատ տարօրինակ էր սկզբից. բոլորն անխտիր ծխում էին` տատիկները, փոքրիկները: Հինգ տարեկան երեխան փողոցում ծխելով քայլում էր, ու ոչ ոք չէր զարմանում: Բոլորը հանգիստ մաքրում էին իրենց քիթը, երբ որ կարիք էր լինում՝ առանց հաշվի առնելու ավելորդ աղմուկը կամ տհաճությունը: Այստեղ ոչ մի դասախոս շորտերով դասի չի գալիս, իսկ այնտեղ շատերն էին այդպես հագնվում: Ընդհանուր առմամբ ես երեւի դասերով էի տարված ու մշակութային շոկը, որպես այդպիսին, չզգացի:



- Հիմա, երբ  հետ ես եկել, ի՞նչն է, որին հետ էիր վարժվել ու դժվար կհարմարվես մինչեւ գնալը:



- Օրինակ, քեզ հետ հանդիպմանն ուշացա, որովհետեւ մոռացել էի, որ Երեւանում տրանսպորտը շատ վատ է աշխատում: Ցյուրիխում հստակ հաշվարկում էի, թե քանի րոպե կգնամ, ու երբեք չէր լինում, որ տրանսպորտն այդ պլանները խախտեր: Փողոցներն անցնելիս երեւի մի քիչ զգույշ պիտի լինեմ: Որովհետեւ անցնելիս վստահ չես, որ մեքենան չի որոշի խախտել օրենքը:



- Ի՞նչ ես պլանավորում հետագայում:



- Միշտ մտածել եմ, որ պիտի հետ գամ, իհարկե ոչ մագիստրատուրան ավարտելուց անմիջապես հետո: Հաստատ ինչ-որ բան իմ մասնագիտությամբ պիտի Հայաստանում անեմ:



- Կարծում ես, որ այստեղ կունենա՞ս լավ ապրելու հնարավորություն:



- Եթե չունենամ, կստեղծեմ:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ