Մեծ եւ փոքր լեզուներ կան

Մեծ եւ փոքր լեզուներ կան
Երեկ «Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվեց ռուս անվանի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը» ֆիլմը: Տոմսերը վաղուց սպառվել էին, դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին Սոկուրովը, կինոփառատոնի կազմակերպիչները: Ֆիլմից առաջ դահլիճին հանկարծ իրազեկեցին, որ ֆիլմի որակը լավագույնը չէ, եւ հումորային երանգով սկսվեցին ներողություններ ու բացատրություններ տալ: Սոկուրովը, ով Հայ առաքելական եկեղեցուց անհասկանալի ուշադրությամբ ու հոգածությամբ ժամեր առաջ մրցանակ էր ստացել, իր մայրենի լեզվով խոսք հղեց, որը թարգմանվում էր անգլերեն: Ռուս ռեժիսորը հետաքրքիր էր խոսում, եւ անգլերենին տիրապետող թարգմանիչը ոգեւորված էր թարգմանում: Դահլիճում նստածներս լսում էինք անգլերենի եւ ռուսերենի հնչյունները, եւ Սոկուրովն ասում էր, որ չկան մեծ ու փոքր ԵՐԿՐՆԵՐ, չկան մեծ ու փոքր ԼԵԶՈՒՆԵՐ, որ արվեստը լավագույնն է՝ շփվելու եւ հասկանալու միմյանց, եւ ոչ ոք չգիտեր, կամ ոչ ոքի պետք չէր, թե դահլիճում քանի հոգի են տիրապետում ռուսերենին, քանի հոգի՝ անգլերենին:



Սոկուրովը խոսում էր գրականության մասին, փառաբանում էր գրականությունը` ժամանակակից մարդու կյանքում կարեւորելով նրա մեծ դերն ու նշանակությունը, իսկ դահլիճում նստած մարդիկ իրենք իրենց մեջ մայրենի լեզվով թարգմանում էին խոսքը` համոզվելով, որ կան մեծ ու փոքր երկրներ, որ կան մեծ ու փոքր լեզուներ, որի ապացուցումը հենց հիմա տեսանելի ու լսելի է: Ռուսաստանում դժվար թե հայ ռեժիսորը խոսեր հայերեն, ու չթարգմանվեր ռուսերեն: Կայսրության քամակը պինդ գրկած սեփական ժողովրդիդ լեզուն ու մարդկանց հարգելու մասին չես մտածի, որովհետեւ դրա ժամանակը չկա` քեֆ-ուրախությունը թրթռացող պոչով անհամբեր սպասում է:



Սոկուրովը ներողություն խնդրեց, որ ֆիլմը վատ որակի է լինելու, շնորհակալություն հայտնեց դահլիճին ու գնաց: «Ֆաուստը» սկսվեց: Կես ժամ հետո դահլիճը սկսեց դատարկվել: Մարդիկ, ովքեր տեղ չունեին նստելու, բարեհաջող տեղավորվեցին: Գերմանացի բանաստեղծ Գյոթեի նշանավոր ստեղծագործության էկրանացումը հոսում էր ինքն իր համար, ինքն իր զառանցանքներով, ինքն իր աֆորիզմներով հիացած: Դահլիճում մերթ անհանգստություն կար, մերթ դժգոհության մրթմրթոցներ, մերթ ծիծաղի ձայն: Ֆիլմը համարյա վերջանալու վրա էր, երբ հանկարծ կտրվեց: Դահլիճը որոշ ժամանակ սպասեց՝ դե, հույս ունենալով, որ էսքան նայելուց հետո գոնե կտեսնի ավարտը: Բայց ավարտը հորինվեց մարդկանց երեւակայության մեջ, որովհետեւ ինչ-որ մեկը տեղեկացրեց, որ ամեն ինչ ավարտված է: Ֆիլմի վերջը ցույց չեն տալու: