Ստախոսություն ու ցինիզմ

Ստախոսություն ու ցինիզմ
Մեզ այլեւս հնարավոր չէ զարմացնել ոչ կեսգիշերային գաղտնի որոշումներով, ոչ կառավարական շենքերի վաճառքով, ոչ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բացահայտ ստախոսությամբ: Ընդամենը 2011-ի հոկտեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարում էր. «ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի հարց չի քննարկվում»:



 



Երեկ նա արդեն այլ «երգ» էր երգում. «Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան»: Սրան մնում է հարցնել՝ իսկ քո սեփական տունը կվաճառե՞ս, եթե լավ գին տան: Իսկ կառավարության շե՞նքը, նախագահակա՞նը, Մատենադարա՞նը, Օպերա՞ն. կվաճառե՞ք, եթե լավ գին տան: Եվ որտե՞ղ է սահմանը: Արդյո՞ք լավ գին տալու դեպքում վաճառքի ենթակա չեն հայկական հողերը, ասենք՝ Մեղրին, Սյունիքը, Ղարաբաղը, Լոռին: Այս անհայրենիք մանկուրտներն էլ մեր ազգի ճակատագիրն են տնօրինում: Պակաս ուշագրավ չէր երեկ էներգետիկայի նախարարի հայտարարությունը, ով առանց աչք թարթելու, ի պատասխան Լեւոն Զուրաբյանի հարցին, հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը ՀՀ կառավարությունը չի վաճառել ռուսներին:



 



Մինչդեռ հայտնի է, որ այդ գործարքն արդեն կայացել է: Ավելին՝ եթե բացեք ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգը, կտեսնեք, որ ամենավերջում մանր տառերով գրված 59-րդ կետը՝ «Գաղտնի» գրիֆի տակ, զեկուցել է հենց Արմեն Մովսիսյանը: Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հենց այդ կետով քննարկվել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը ռուսներին վաճառելու գործարքը: Դա արվել է գաղտնի՝ ավելի հարմար պահի հրապարակելու մտադրությամբ: Եվ էներգետիկայի նախարարը չէր կարող դա չիմանալ ու այդ պրոցեսին չմասնակցել: Եվ երբ ամիսներ անց հաստատվի այս տեղեկությունը, ինչպե՞ս է այս մարդը նայելու մեր բոլորի աչքերի մեջ: