Մտահոգիչ է անմարդկային վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ

Մտահոգիչ է անմարդկային վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ
Հայաստանում հաշվառված հուշարձանների պահպանությունը պատկան մարմինների իրավասությունն է։  Ինչպիսի՞ն  է  մեր  հուշարձանների  վիճակը,  որո՞նք են մտահոգող խնդիրները։ Ինչպիսի՞ն կլինի Փակ շուկայի, Աֆրիկյանների տան ճակատագիրը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր  Պողոսյանից։ 



 



-Պրն Պողոսյան, ինչպե՞ս կբնութագրեք հուշարձանների պահպանության վիճակն այսօր, ի՞նչ խնդիրներ կան  ոլորտում։



 



- Պետական սեփականություն հանդիսացող եւ չօգտագործվող հուշարձանների, պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, մշակութային շուրջ 19 հազար արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը մեր ամենօրյա խնդիրն է։ Հուշարձանի սեփականատերը կարող է պետությունը լինել, տեղական ինքնակառավարման մարմինները, եկեղեցին, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք։ Հուշարձանների պետական ցուցակները պարբերաբար լրամշակվում են: Վերջին տարիներին ցուցակը համալրվել է շուրջ 500 նորահայտ հուշարձանով։ Ինչ վերաբերում է  պահպանությանն առհասարակ, ապա մտահոգիչ է երբեմն  հանդիպող անմարդկային վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ։ Հուշարձանի տարածքն են աղտոտում, «գրառումներ» անում։ Զավեշտ է, բայց մեր մշակույթին մենք ենք թշնամաբար վերաբերվում, էլ  ինչպե՞ս  կարող ենք պահանջել, որ դրանք չավերեն Թուրքիայում, հարեւան Վրաստանում։



 



- Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ Փակ շուկայի, Աֆրիկյանների տան, ԱՕԿՍ-ի շենքի, Ախուրյանի  Բասենի համայնքի եկեղեցու շինարարական աշխատանքների շուրջ։ Ո՞վ է պատասխանատու այդ հուշարձանների ճարտարապետական տեսքի պահպանման համար, ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը։



 



- Պահպանությունը սեփականատիրոջինն է։ Նա պետք է պահպանական պարտավորագիր ներկայացնի լիազոր մարմնին՝ տվյալ դեպքում ՀՀ մշակույթի նախարարություն։ Հուշարձանի ամրակայման, տարածքի բարեկարգման, նորոգման ու վերականգնման հարցերը սեփականատերը պետք է համաձայնեցնի նախարարության հետ։ Ցավոք, պահպանական պարտավորագրի ինստիտուտը մեզանում դեռ կիրառում չունի, եւ սա լուրջ բաց է։ Պարտավորագրի խախտման դեպքում էլ հնարավորություն է ստեղծվում հայցով դիմել իրավապահներին։ Եթե օրենքով պահպանական պարտավորագիր ներկայացվեր, ապա, որպես հուշարձան, Փակ շուկան կամ Աֆրիկյանների տունը կպահպանեին իրենց ճարտարապետական տեսքը։



 



- Անդրադառնանք ոչ պակաս հնչեղության մեկ այլ հարցի՝ հուշարձանները մայրաքաղաք տեղափոխելուն։  Արդյո՞ք ճիշտ է դրանք մի տեղ կենտրոնացնելը։



 



- Նախ ասեմ, որ Հայաստանի պատմության թանգարան է տեղափոխվել ընդհանուր թվով 63 խաչքար,  հուշարձանաբեկոր, տապանաքար, կոթող, խոյատապան, կոթողի բեկոր, եկեղեցու մակետ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հուշարձանների ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու համար։ Դրանցից ընդամենը 22-ն է հաշվառված պետական ցուցակներում, 41-ը նորահայտ է։ Ժամանակավոր տեղափոխումից պատմական նշանակությունը կորցնելու վտանգ չկա։ Դրանք հանրապետության տարբեր մարզերից են բերվել եւ, հաշվի առնելով, որ մեր ինքնության քարակերտ անձնագրերն են, ուզում ենք հուշարձանաբեկորները հանրահռչակման տեսանկյունից հնարավորինս լավ ներկայացնել։ Ցուցադրության չորս տարվա ընթացքում դրանք կվերահսկվեն լիազոր մարմնի կողմից, մինչ ցուցադրությունն էլ՝ կմաքրվեն։ Որոշ ակտիվիստների հայտարարություններ, թե հուշարձանները կմնան մայրաքաղաքում, անհիմն են, քանի որ կառավարության որոշմամբ 2016-ի սեպտեմբերին դրանք կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը։



 



- Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին Վայոց Ձորի մարզի Արջերի, Մոզրովի, Մագելի քարանձավները։ Ի՞նչ լուծում գտան այդ խնդիրները։



 



- Արջերի քարանձավը ճիշտ պահպանության, օգտագործման եւ վերահսկման դեպքում հավակնում է դառնալ հայկական զբոսաշրջության «բրենդը»։  Հուշարձանը պետք է օգտագործել, այն նախեւառաջ կնպաստի հենց հուշարձանի պահպանությանը, քարանձավ այցելությունների եւ զբոսաշրջիկների թվի կանոնակարգմանը, բնական միջավայրի նկատմամբ հսկողության ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը։ Մշակվում է նաեւ ծրագիր Մոզրովի  քարանձավում մասնագիտական ուսումնասիրություն կազմակերպելու համար։ Քարանձավը հետազոտելու, վիճակը գնահատելու եւ եզրակացություններ տալու նպատակով մեր կազմակերպությունը համագործակցում է  Անձավագիտական կենտրոնի, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, ինչպես նաեւ արտասահմանյան անկախ փորձագետների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Վայոց Ձորի մարզում գտնվող մեկ այլ՝ Մագելի քարանձավի (այն ամենաերկարն է՝ 1,5 կմ) պահպանության եւ զբոսաշրջության նպատակով արդեն մշակվել է զարգացման հեռանկարային ծրագիր։ Խոսքը նախեւառաջ հուշարձանի օգտագործման ռեժիմ սահմանելու մասին է։ Ծրագիրը նաեւ կխթանի մարզում սոցիալական խնդիրների լուծմանը, մասնավորապես ենթակառույցների ստեղծմանն ու աշխատատեղերի  ապահովմանը։



 



- Կարծես ավարտին է մոտենում Գառնիի կամրջի վերանորոգումը։ Ե՞րբ շահագործման կհանձնվի այն։



 



- Շինարարական աշխատանքների ընթացքը, տեխնիկական պատճառներով, նախատեսվածից փոքր-ինչ երկարեց։ Ամանորից հետո մենք կազդարարենք կամրջի բացումը, որը, համոզված եմ, կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջիկների թվի ավելացմանը։ Գառնիի կամուրջը գյուղը կապում է գետի ձախ ափին գտնվող Հավուց Թառ եւ այլ նշանավոր վանական համալիրների, հուշարձանների հետ։ Ուզում եմ նշել, որ միայն Գառնին չէ մեր ուշադրության կենտրոնում։ Նախատեսում ենք  ցանկապատել Սյունիքի մարզի «Զորաց քարեր»  բնակատեղի-պատմամշակութային արգելոցի տարածքը։ Հաջորդ զբոսաշրջային սեզոնի մուտքն արդեն տոմսերով կլինի, իսկ տարածքի ցանկապատումն էլ ավելի դյուրին կդարձնի հուշարձանի պահպանության իրականացումը։ Ներկայում մշակվում է հայեցակարգ մեկ այլ հուշարձան՝ «Լոռի Բերդ» արգելոցը արգելոց-թանգարան դարձնելու մասին։ Դա հնարավորություն կտա ներկայացնել վաղ շրջանի եւ միջնադարի մշակութային հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված նյութական արժեքները։ Այս տարի մաքրման, մասնակի պեղման  աշխատանքներ են իրականացվել Սելիմի (Սուլեմայի) քարավանատանը։



 



- Պրն Պողոսյան, իսկ ի՞նչ կասեք «Հին Երեւանի»՝ Երեւանի կենտրոնի նախագծի մասին:



 



- ՀՀ նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի հրամանագրի հիման վրա, ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 5-ի որոշմամբ  ստեղծվել է աշխատանքային խումբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ Փոքր Կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու  մասին։



 



- Ի դեպ, պահպանության ոլորտում ի՞նչ  իրավախախտումներ են արձանագրվում, եւ արդյո՞ք ցուցանիշը մեծ է։ 



 



- Այս տարվա 11 ամսվա ընթացքում ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների կողմից հուշարձանների եւ դրանց տարածքներում պահպանության ռեժիմի (պայմանակարգի) խախտման 68 դեպք է արձանագրվել, ամենաշատը՝ Արագածոտնի ու Կոտայքի, ամենաքիչը՝ Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։ Պատկերացրեք. օրինակ, եկեղեցու տարածքում ավտոտնակ են կառուցել,  վանական համալիրի գերեզմանոցի տարածքով ջրագիծ անցկացրել: Մեկ այլ դեպք. Արագածոտնի մարզում գտնվող Ուշի վանական համալիրի պահպանական գոտու տարածքում վերջերս բետոնե տաղավար եւ հուշաղբյուր էր կառուցվել։ Իրավապահների աջակցությամբ խնդիրը լուծվեց. շինությունն ապամոնտաժվել է, տարածքը բերվել է նախկին տեսքի։ Մեկ այլ դեպք. Օշականի կամուրջ հուշարձանի պահպանական գոտու հարակից տարածքում ծանր տեխնիկայով հողի հարթեցման աշխատանքներ են իրականացվել: Իրավախախտումների փաստերով հարուցված քրեական գործեր, նաեւ ազատազրկման դատապարտված անձինք կան: Իրավախախտումների մասին ՊՈԱԿ-ի թեժ գծին՝ 54-55-70, ահազանգում են նաեւ մեր հայրենակիցները։



 



- Պրն Պողոսյան, եթե հակիրճ ամփոփեք անցնող տարին, ի՞նչ լուրջ ձեռնարկներ են կյանքի կոչվել։ 



 



- «Զվարթնոցի» նոր՝ մշտական ցուցադրությունը բացվեց, առաջին անգամ ներկայացվեց 177 իր՝ տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ  փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ։ Դիլիջանում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի կենցաղին առնչվող ժամանակավոր ցուցադրությամբ վերաբացվեց նաեւ «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանը։ Հունիսին կայացավ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային գիտաժողովը՝ սկսվեց Երեւանում եւ ավարտվեց Ստեփանակերտում։ Գիտաժողովի ընթացքին հնարավոր էր հետեւել օն-լայն ռեժիմով։ Մասնակցում էին  հարյուրից ավելի գիտնականներ, այդ թվում նաեւ արտերկրից։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  «Պատրիմոնիտո» միջազգային երիտասարդական ճամբարը՝ իր շուրջ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած 15 կամավորների։



 



Պետք է ասեմ, որ միջազգային գործակցության առումով այս տարին բավականին հաջող էր։ Հոկտեմբերի 2-5-ը Մոսկվայում  մասնակցեցինք Լիխաչովի անվան մշակութային ու բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի  հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։ ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ռուս գործընկերներին հանձնեց շուրջ 30 անուն ռուսական հուշարձանների մասին տեղեկույթ, փաստաթղթեր, չափագրություններ, լուսանկարներ։ Ռուսական կողմն էլ իր հերթին ՊՈԱԿ-ին է հանձնել ինստիտուտի արխիվում պահվող՝ Հայաստանի հուշարձաններին վերաբերող 22 միավոր փաստաթղթերի կրկնօրինակները։ Նախատեսվում է հրատարակել Արեւմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարների ալբոմ, Զվարթնոցի մասին ֆիլմ նկարահանել, իրականացնել «Մեծամոր»  պատմահնագիտական հուշարձանի ուսումնասիրության  համապարփակ, նպատակային ծրագիր։ Սերտորեն  համագործակցում ենք նաեւ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հայկական թանգարանի հետ: Նախատեսում ենք համատեղ պատրաստել ու հրատարակել «Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուին վերաբերող կատալոգ։ 2013-ին հնագիտական ուսումնասիրություն կիրականացվի  «Զորաց քարեր»-ում եւ «Մեծամոր»-ում։



 



Մարինե ՍԱՐԳՍՅԱՆ