Ֆա Տծյաու Խոն

Ֆա Տծյաու Խոն




Վերջին օրն էր:



Ես գնացի տուն, թեյ խմեցի: Թուղթ ու գրիչ վերցրի: Բայց արդեն ուշ էր: Նախադասություններն ընդդիմանում էին: Գիտակցված խոսք, կազմված նախադասություն, արտասանված բառ: Ի՜նչ հին ու հեռավոր բաներ թվացին: Անկանոն խզբզեցի, փորձեցի վերծանել. անհնար էր: Հանվեցի ու պառկեցի: Ինձ թվաց խորը քուն մտա: Երբ զարթնեցի, անձրեւ էր տեղում, բացեցի պարտեզի դուռը, ոտքերիս տակ սփռվեց բրնձի անծիր դաշտ: Ուզեցի բառ արտասանել՝ չստացվեց: Քայլեցի դաշտով: Քայլեցի, քայլեցի, քայլեցի: Ոտքերս մինչեւ ծնկներս խրվեցին սառը, դուրեկան ճահճահողի մեջ, քարացա՝ որպես բրնձի մի ցողուն: Հասկացա, որ երբեք էլ չեմ գրելու: Քամին ալիքեց դաշտն  ու պատմեց իմ լսած վերջին պատմությունը.







 



Ֆա Տծյաու Խոն ի ծնե սպիտակ մազեր ուներ ու վերջում միմյանց փարվող իծամորուս: Ֆա Տծյաու Խոն մենակ էր դեռ մատաղ հասակից եւ լուռ մոր փորի մեջ: Նա չէր խոսում աչքերը բացելուց առաջ, երբ եղեգնյա նավակի մեջ պառկած՝ օրորվում էր խաղաղ ջրերում, եւ չէր խոսում աչքերը բացելուց հետո, երբ առաջին անգամ տեսավ արեւն ու ջրի մեջ փռված բրնձի դաշտը:



 



Քաղաքում, որտեղ նա ապրում էր, բնակվում էին շատախոս մարդիկ: Քաղաքը քունուդադարը կորցրել էր, մեղվի պարսի պես բզզում էր: Մարդիկ խոսում էին անդադար: Նրանց լեզուներն ուռչում էին կովի կրծքի պես ու պայթում:



 



Նրանք նախադասություններ էին գրում տակառների, կղմինդրների ու դռների վրա:



 



Նրանք սպանում էին գեղեցիկ թիթեռներ, մորեխներ ու թռչուններ:



 



Նրանք գեղեցիկ թիթեռների, մորեխների թևերի եւ թռչունների փետուրների վրա իրենց անուններն էին սղագրում:



 



Նրանք կարծիքներ էին հայտնում ամեն բանի շուրջ ու կարծիքների տակ գրառում նոր կարծիքներ, նոր կարծիքների տակ՝ նորերը եւ այդպես ձգվում մինչեւ գետի հունը: Իսկ փոքր այգում ապրում էր Ֆա Տծյաու Խոն: Նա ուտում էր մրգեր, շոյում իծամորուսն ու լռում: Ֆա Տծյաու Խոն տերեւի պես թեթեւ էր ու ջրի պես բարակ: Եվ որովհետեւ նա լռում էր` ոչ ոքի պետք չէր:



 



Անցան երկարուձիգ տարիներ: Վաղուց քաղաքի դարպասներից ներս նոր մարդ ոտք չէր դրել: Հազարավոր կիլոմետրերից լսելով քաղաքից եկող մրթմրթոցի միանվագ ձայնը՝ բոլորը սարսափահար էին լինում ու բեռնված ձիերն ու քարավանները հեռացնում դեպի դարպասները տանող ոլոր ճանապարհից: Լռում էր Ֆա Տծայու Խոն, սանրում էր իծամորուսը, ապա դանդաղորեն, մեկը մյուսի հետեւից ուտում կաթուկ տանձերը: Մարդիկ սարսափելի ճիչերով հառաչում էին,  փորձում շփվել միմյանց հետ, բառեր հնչեցնել: Չէր ստացվում: Ինչ անում էին, բերաններից բառերի փոխարեն մրթմրթոց էր թռչում: Եվ քանի որ Ֆա Տծյաու Խոն ոչ ոքի պետք չէր, նրա այգին բաց էր ինչպես Ծովը:



 



Մի առավոտ, երբ Ֆա Տծյաու Խոն զարթնեց, քաղաքի ողջ մարդկանց իր այգու դիմաց հավաքված տեսավ:  Ֆա Տծյաու Խոն շոյեց իծամորուսը, վերցրեց գետնին ընկած ամենամոտ տանձն ու կերավ կիսափակ աչքերով: Մարդիկ կատաղությամբ մատները տնկեցին տանձին ու սկսեցին մրթմրթալ` ցնցելով գլուխները: Ինչքան շատ էին ուզում խոսել, այդքան ավելի բարձր էին մրթմրթում: Ֆա Տծյաու Խոն լուռ շարունակում էր ուտել տանձը: Եվ մարդիկ խելագարների պես հարձակվեցին ու պատառոտեցին Ֆա Տծյաու Խոյին, ապա խփշտեցին ծառի ողջ պտուղն ու հեռացան: Քաղաքի կողմից վերջին ճարճատյուններն էին լսվում: Մարդկանց լեզուներն ուռչում էին կովի կրծքի պես ու պայթում: Իսկ Ֆա Տծյաու Խոյը, որ տերեւի պես թեթեւ էր ու ջրի պես բարակ, շարունակում էր ապրել իր այգում: Եվ քանի որ լռում էր` ոչ ոքի պետք չէր եվ քանի որ ոչ ոք պետք չէր` ապրում էր: