Օտարության մեջ

Օտարության մեջ
Այս երկխոսությունների հեղինակը` բանասեր, էսսեիստ Աշխեն Մելիք-Մարտիրոսյանը, Հայաստանից ԱՄՆ է մեկնել 90-ականներին: Նա ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում: Կոնեկտիկուտ նահանգում անգլերեն եւ ռուսերեն է դասավանդում: Իր էսսեները գրում է ռուսերեն եւ տեղադրում ռուսական գրական կայքերում:



 



Նաեւ տպագրվում է ամերիկյան եւ եվրոպական ռուսական թերթերում: Մեզ հատկապես հետաքրքրեցին Աշխեն Մելիք-Մարտիրոսյանի «երկխոսությունները», որոնք ճշգրիտ արտացոլում են յուրայինների մեջ օտարի կարգավիճակում հայտնված նախկին հայաստանցու զգացողությունները եւ վերցված են առօրյայից: 



 



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՀԵՏ



 



- Դու որտեղի՞ց ես:



 



- Արմենիայից:



 



- Ռումինիայի՞ց:



 



- Ոչ, Արմենիա:



 



- Ա-ա, Ալբանիայից: Գիտեմ, գիտեմ:



 



- Ոչ, ասացի, Արմենիայից, Հայաստանից:



 



- Հըմ… Մենք՝ ամերիկացիներս, աշխարհագրությունից լավ չենք: Իսկ դա որտե՞ղ է:



 



- Դա նախկին Սովետական Միությունում է:



 



- Հաաաաա, Ռուսաստա՞ն:



 



- Էնքան էլ չէ, բայց մոտ է:



 



- Հա, պարզ է: Ուրեմն դու ռո՞ւս ես:



 



- Ոչ, ես հայ եմ: Արարատ լեռը Աստվածաշնչից հիշո՞ւմ ես:



 



- Հըմ… Ոչ:



 



- Դե, իսկ Նոյյան տապանի մասին լսե՞լ ես:



 



- Օ, այո, այո:



 



- Այ, այդ տապանը ջրհեղեղի ժամանակ հենց Արարատի վրա հայտնվեց:



 



- Հա, հա, գիտեմ: Այսինքն, դա Հայաստանո՞ւմ է եղել:



 



- Այն ժամանակ դա Հայաստանն էր, իսկ հիմա արդեն Թուրքիան է:



 



- Պարզ է: Հիմա արդեն կիմանամ:



 



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԻ ՀԵՏ



 



- Ես քեզ ասե՞լ եմ, որ 15 անգամ Բերմուդներ եմ գնացել: Երբեմն նույնիսկ մի ամբողջ ամիս հանգստացել եմ այնտեղ:



 



- Ասել ես:



 



- Այնտեղ խենթանալու լողափեր կան:



 



- Լսել եմ:



 



- Աշխարհում ամենալավ գոլֆի դաշտերն այնտեղ են: Դու Հայաստանում գոլֆ խաղացե՞լ ես:



 



- Ոչ, չեմ խաղացել:



 



- Ոչինչ, մենք քեզ կներգրավենք այստեղ: Եկեղեցում խնջույք կլինի, կխաղանք (խոսքը հայկական եկեղեցու մասին է: Իմ զրուցակիցն այդ եկեղեցու ակտիվիստներից է եւ ջերմեռանդ ազգասեր):



 



- Լսիր, իսկ դու երբեք չե՞ս ցանկացել Հայաստան գնալ: Դու այնքան հաճախ ես խոսում քո հայկական արմատների մասին, քո հայրենիքի: Հետաքրքիր չէ՞ր լինի քեզ գնալ Հայաստան եւ տեսնել քո պատմական հայրենիքը:



 



- Հետաքրքիր է իհարկե, բայց դա շատ թանկ է:



 



- Թա՞նկ է: Իսկ 15 անգամ Բերմուդներ թռչելը թանկ չէ՞: Մի անգամ Բերմուդներ գնալու փոխարեն  կարելի էր ցանկության դեպքում թռչել Հայաստան:



 



- Մեղադրանքն արդար չէ: Դա այնքան էլ հեշտ բան չէ:



 



- Իսկ ո՞րն է բարդությունը:



 



- Դե, ժամանակ, փող: Հետո, Հայաստանը շատ է հեռու, եւ ընդհանրապես…



 



- Պարզ է:



 



- Ի դեպ, ձեզ մոտ՝ Հայաստանում, ո՞ր ծովն է: Սե՞ւ:



 



- Դու վաղո՞ւց ես Հայաստանի քարտեզին նայել:



 



- Ինչ է, Հայաստանը Սեւ ծովի ափ չունի՞, черноморское побережя?



 



- Լսիր, մենք ոչ մի ծովի ափ էլ  չունենք եւ արդեն վաղուց:



 



- Բայց եղել է, չէ՞, ափ:



 



- Եղել է, հարյուրավոր տարիներ առաջ:



 



- Հա՞: Դե, ես մի տեսակ չեմ հետեւել պատմությանը:



 



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԵՏ



 



- Ինչպե՞ս ես քեզ զգում:



 



- Ոչինչ: Քիմիայի հերթական կուրսն անցա: Մի քիչ խելքի կգամ ու էլի կգնամ Հայաստան:



 



- Ձեր մանկատան գործերո՞վ:



 



- Այո: Այնտեղ պետք է վերանորոգումներ արվեն: Արդեն գումարը հավաքել ենք եւ փոխանցել: Գնամ տեսնեմ ո՞նց են գործ անում, երեխաները ո՞նց են, եւ ընդհանրապես: Այս հիմար հիվանդության պատճառով արդեն մի տարի չեմ եղել այնտեղ:



 



- Ջուլ, ապրես դու: Քանի՞ տարի է, որ դրանով լրջորեն զբաղվում ես:



 



- Արդեն քսանից ավելի: Հաշվիր՝ երկրաշարժից հետո մենք այդ տունը բացեցինք:



 



- Բայց քո վիճակում դժվար չէ՞ ինքնաթիռով թռչելը:



 



- Հիմա արդեն դժվար է, բժիշկներն էլ խորհուրդ չեն տալիս, բայց ես մինչեւ վերջ թռչելու եմ: Ես չեմ կարողանում հանգիստ նստել կուշտ Ամերիկայում եւ հեռվից բարեգործությամբ զբաղվել: Ես պետք է այնտեղ լինեմ, նրանց հետ, տանը:



 



- Բայց չէ՞ որ դու ծնվել ես Ամերիկայում:



 



- Ցավոք՝ այո, բայց, միեւնույն է, իմ տունը Հայաստանն է…



 



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՈՒՄ



 



- Ներեցեք, նարշաբաբ ունե՞ք:



 



- Այն դարակում պետք է նայեք:



 



- Տեսա, հաշվեք, խնդրում եմ թխվածքաբլիթ, հաց եւ կաթնաշոռ:



 



- Իսկ նարշաբաբը չե՞ք վերցնում:



 



- Ոչ:



 



- Ինչո՞ւ, հարցնում էիք:



 



- Էլ չեմ ուզում:



 



- Բայց ինչո՞ւ:



 



- Չեմ ուզում աջակցել Ադրբեջանի տնտեսությանը:



 



- Ճիշտ է, ձեր միջեւ ինչ-որ բան էր կատարվել, կարծեմ ինչ-որ կոնֆլիկտ էր եղել:



 



- Այո, ինչ-որ…



 



ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԻ ԺԱՄԱՆԱԿ 



 



- Հաջորդ շարադրության թեման է՝ «Մշակութային շոկ: Ինչն է ինձ զարմացրել Ամերիկայում»: Եկեք քննարկենք:



 



- Ես հարց ունեմ:



 



- Այո, խնդրեմ:



 



- Իսկ ճի՞շտ է, որ Հայաստանը երբեք չի ունեցել պետականություն եւ չի ունեցել տարածք:



 



- Ոչ, դա սուտ է: Որեւէ մեկը հարց ունի՞ շարադրության վերաբերյալ:



 



- Իսկ ես կարդացել եմ, որ դա ճիշտ է:



 



- Դուք այն չեք կարդացել, ինչ պետք էր:



 



- Ինչպե՞ս թե: Այս ինֆորմացիան թուրքական լուրջ դասագրքերից եմ վերցրել:



 



- Մուստաֆա, ես կխոսեի Ձեզ հետ Ձեր այդ «լուրջ» դասագրքերի մասին, բայց դրա տեղն ու ժամանակը չէ:  Մենք պետք է քննարկենք առաջիկա շարադրությունը:



 



- Իսկ կարելի՞ է շարադրության թեման փոխել:



 



- Ի՞նչ թեմայով կուզեիք գրել:



 



- Կարելի՞ է ես գրեմ իմ սիրած թուրք սպորտսմենի մասին:



 



- Դե, եթե շատ եք ուզում, գրեք:



 



Հաջորդ դասին  Մուստաֆան իր սիրելի թուրքական ըմբշամարտիկին նվիրված շարադրություն հանձնեց: Նրա սպորտային նվաճումների վերաբերյալ համարյա ոչինչ չէր ասվում: Շարադրության առյուծի բաժինն այն մասին էր, թե  ինքն ինչ օրինապաշտ մուսուլման է եւ ինչպես է պաշտում Ալլահին: