Երիտասարդական պոեզիա

Երիտասարդական պոեզիա
Երեկ CLUB-ում տեղի ունեցավ «18-33. արդի հայ պոեզիա» ժողովածուի շնորհանդեսը: Գրքի լույսընծայման աշխատանքը նախաձեռնել էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, իսկ մինչ այդ հրատարակել էին «18-33. արդի հայ արձակ» ժողովածուն:



 



«Այս ձեւաչափով, այս սկզբունքով, բնական է, արձակի անթոլոգիային պետք է հաջորդեր պոեզիայի անթոլոգիան: Արձակի մեջ ընտրությունն ավելի հեշտ էր, իսկ սրա վրա մի քիչ երկար ենք մտածել: Այսօր այդ տարիքային խմբում պոեզիա ստեղծողները շատ են, եւ դժվար չէ պատկերացնել, թե ընտրելիս ինչ փորձությունների միջով ենք անցել, եւ մեր մեջ ինչպիսի ներքին գրաքննիչ է աշխատել, ինչ գեղագիտական չափանիշներ ու չափորոշիչներ: Մենք համոզված ենք, որ այն բանաստեղծներին ենք ընտրել, ովքեր ասելիք ունեն, որը չի կաշկանդում անցյալի գրական բեռը, անկեղծ են, ազատ են, այդուհանդերձ, այդ ազատությամբ մեր պոեզիայի ավանդույթի մեջ են եւ գրականության ափերը լայնացնում են՝ մտածողության ու բառանյութի տեսքով»,- ասաց հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Նաեւ առանձնահատուկ շեշտեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդների ճանապարհը հնարավորինս սահուն ու անխոչընդոտ լինի. «Ես մեծագույն հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատելուց եւ նրանց համար դռներ բացելուց. ես ինձ պարտավոր եմ զգում»:



 



Առաջիկայում Համազգայինի հիմնադրամը հայտարարել է Լեւոն Շանթի անվան թատերգության մրցանակաբաշխություն, հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 26-ը, իսկ հունիսին արդյունքները կամփոփվեն: «Որից հետո, աշնանը նախատեսվում է թատերգության ժողովածու հրատարակել՝ հեղինակները կընտրվեն առանց տարիքային սահմանափակման: Սա միջոց է նոր անուններ բացահայտելու եւ այդ ժանրը խթանելու համար»,- ասաց Լիլիթ Գալստյանը:



 



Իսկ ապրիլի 5-6-ը ԵՊՀ-ի հետ համատեղ նախաձեռնել են արդի հայ արձակի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով: «Կլինեն Հայաստանից եւ Սփյուռքից մասնագետներ, որոնք կփորձեն քննել նոր չափանիշներով ու չափորոշիչներով արդի հայ արձակը, նրա զարգացման միտումները, տենդենցները: 22 զեկուցում է լինելու՝ եւ արդի արձակի խնդիրներին, եւ առանձին հեղինակներին նվիրված»,- նշեց Գալստյանը:



 



Միջոցառման ընթացքում նաեւ 10 ուսանողների՝ բանասիրության եւ լրագրության ֆակուլտետներում սովորող, հանձնվեց Հակոբ Կարապենցի անվան միանվագ կրթաթոշակ. «Ոչ միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն են արժանանում այդ կրթաթոշակին, այլեւ ստեղծագործական ձիրք ունեցողները»,- ընդգծեց հիմնադրամի նախագահը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ