Կոմանդոսի խոսքն իր դեմ է ուղղվում

Կոմանդոսի խոսքն իր դեմ է ուղղվում

 Զինվորը, կռվողը հայրենիքի մի մասնիկ է՝ հող, հայրենի հող: Ժողովուրդը սիրում է նրան այնպես, ինչպես հայրենի հողը կսիրի: Զինվոր եմ համարում նաև այն գեներալներին, ովքեր այսօր հրետակոծում են միմյանց քիմիական ոչնչացման զենքով: Ցած դրեք զենքերը, նման կռիվներում հաղթող չի լինում, երկու կողմն էլ ամայանում է, տեղն անգամ չի երևում: Միմյանց ոչնչացնելով, թանկ արժեքներ, սրբություններ եք ոչնչացնում, որոնք փայփայել է ժողովուրդը: Այս  ի՞նչ է կատարվում. Կոմանդոսը սկզբից զենքն ուղղեց ՀՀ Առաջին նախագահի դեմ. ինչու՞, որևէ մեկն այդ հարցը տվե՞լ է իրեն: Պատերազմում հաղթած երկրի ծաղիկների արմատներն անգամ կարկտահարեց: Պատերազմի հաղթանակը ինչ չափով վերաբերվում էր ժողովրդին, նույն չափով վերաբերվում էր երկրի Գլխավոր հրամանատարին: Լևոն Տեր Պետրոսյանը լռեց, չարձագանքեց, որովհետև, ըստ իս, արձագանքելու դեպքում ինքը, ով ամենատեղեկացվածն էր, կարող էր հաղթել, բայց երկիրը կտուժեր:  Հարգանքի արժանի էր Առաջին նախագահի այդ սառնասիրտ լռությունը, որի մեջ բովանդակություն, կամք ու հավասարակշռություն տեսա: Հաջորդ հարվածը Վազգենին էր: Էլի այս հարցը չի առաջանում՝ ինչու՞… Քայլ –քայլ մոտենում է՝ թիրախը Գուրգեն Դարիբալթյանն է, ինչու՞… Այս ինչուներին պետք է  Կոմանդոսը պատասխանի: Եվ Կոմանդոսն ինքն էլ այդ ինչուները բացում է. «… համակարգն է այսպիսին, նրանք, ովքեր կարող են լիդերներ լինել, համակարգը չի սիրում: Համակարգին պետք են այն մարդիկ, ովքեր կգովեն իրենց ղեկավարներին »: Այո, համակարգը լիդերներ չի սիրում, փաստը վկայում է, որ ձեր կողմից միանգամից երեք խոշոր լիդերների  գոտկատեղից ներքև հարվածելը համընկնում է ձեր խոսքին՝ համակարգը լիդերներ չի սիրում: Բնական է՝ Կոմանդոսի խոսքից կարելի է ենթադրել, որ համակարգը հրաման կատարողներ է սիրում ու լիդերներին ոչնչացնում է հրաման կատարողների միջոցով: Կոմանդոսի տրամաբանությամբ եմ առաջնորդվում՝ իմը հանձնելով գրողի ծոցը: Ավելին պետք չէ: Մնում է ավելացնել, որ սիրելի Կոմանդոս՝ այդպես շարունակելով, ցավով եմ ասում, դուք վաղը հայտնվելու եք նույն իրավիճակում, ինչ այսօր փորձում եք անել այդ լիդերների հանդեպ: Որովհետև վաղը կարող է հրամանը փոխվել: Պատմությունը ինչ որ տեղ կա, պահպանվում է, հնարավոր չէ այն ոչնչացնել և որպեսզի համոզվեք դրանում, միայն մի փոքրիկ հատված կներկայացնեմ և կհամոզվեք, որ մարդիկ կան , ովքեր մասունքի պես փայփայում ու պահում են այդ ճշմարտությունը. «Մայիսի 7-ին, երեկոյան ժամը 12-ին Արկադի Տեր Թադևոսյանի հրամանատարությամբ շարժվեցինք Շուշի: Շոշ գյուղի 11 մահապարտներն էին նրանք, որոնց անունը արժե պատմությանը հանձնել. Հարությունյան Արգանդ Սերգեյի /հրամանատար/, Աբրահամյան Հրաշիկ Սերգեյի, Գյուրջյան Ալբերտ Իվանի, Մարգարյան Ալբերտ Սուրենի, Երամշյան Էդիկ Սաշայի, Երամշյան Մասիս Գերասիմի, Բաղդասարյան Հրայր Ռաֆայելի, Աբրահամյան Իսահակ Սերգեյի, Ջալավյան Կարեն Աղասիի,  «Քյոխա», ավագ, Հայրապետյան Արվել Շուրայի «Սապյոռ»: Կռիվը սկսվել է մայիսի 7-ին, առավոտյան ժամը 5-անց կես: «Ասկոլկա Աշոտի» հրամանատարությամբ Շոշ գյուղի տղաները միացան մեզ: Մեզ հետ էին նաև Քարինտակի, Մոնթեի, Աբովյանի, Հրազդանի, Սուրմալուի, Սերոբ Աղբյուրի և ուրիշ ջոկատներ…»: Կարդալուց ձեր սիրտը չդողա՞ց… Նշվածս  անունները չեն շոշափվում, միայն գեներալների անուններ են շոշափվում, իսկ պատերազմի ոգին և ուժը այս արծիվ տղաներն են եղել, որոնցից շատերն այսօր հաց են մուրում: Ինչո՞վ են կոչում ստացածներն առավել նրանցից, ինչո՞վ… Այդ տղաների մասին մտածեք և ոչ թե գեներալակռիվ տվեք:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ