Երբ սրընթաց գնում ես ոչ մի տեղ

Երբ սրընթաց գնում ես ոչ մի տեղ

Այն, ինչ չի կարելի անել համահավաք ապրող ժողովրդի հետ, կարելի է անել ցաքուցրիվ, արտագաղթող, ճամպրուկները կապած, երկիրը հայհոյող, կառավարիչների մեղքով տունուտեղ կորցրած, գործազուրկ, հուսալքված մարդկանց խմբերի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, այո, իզուր չէ, որ խրախուսում է արտագաղթը: Ի դեպ, այսքան թքել-մրելուց հետո էլ նա մի կես ելույթով հետողորմյա չի արել իր տեսությունը` ինչքան շատ մարդ հեռանա երկրից, այնքան լավ:



 



Մեր իշխանություններն այսօր արդեն մեզ հետ անում են այն, ինչ չէին կարող անել 90-ականների վերջերին եւ 2000-ականների առաջին տասնամյակում: Եթե Սերժ Սարգսյանը 2009-2010 թվականներին դեռեւս այնքան «նրբանկատություն» էր հանդես բերում, որ հայ-թուրքական մերձեցման հարցերում «խորհրդակցում էր» հայաստանյան եւ համաշխարհային հայության հետ, ապա 2013 թ. սեպտեմբերի 3-ից ոչ առաջ, ոչ էլ հետո նույնիսկ մտադրություն չունի որեւէ մեկի կարծիքը հարցնելու: Սա դեռ ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելու գծով: Եվ միանձնյա որոշում կայացնելու այդ պրակտիկան այնքան է ոգեւորել նրան, որ, չի բացառվում, վաղը, մյուս օրը միանձնյա որոշի, թե ինչ է պետք անել Ղարաբաղի հետ կամ Սյունիքի: Զորի Բալայանն այսօր նամակ է գրել Պուտինին, իսկ վաղը կարող ենք իմանալ, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել Ղարաբաղի վերջնական ստատուս քվոյի փաստաթղթի տակ, որի հիմքում ընկած է հայ մտավորականի նամակը, ստորագրություն դնելու: Ո՞վ պետք է դիմադրի կամ չթողնի նրան անելու այդ: Իսկ ո՞վ բռնեց ՀՀ կառավարության ձեռքը, երբ մեր պետության ողջ բաժնեմասը զիջեցին «ՀայՌուսգազարդին», «Գազպրոմին», իշխանությունների հավին ո՞վ քշա ասաց, երբ օրը ցերեկով ռուս սահմանապահներն իրենց իրավունք վերապահեցին ստուգելու ՀՀ ԱԺ պատգամավորին ու նրան ուղեկցող մարդկանց: Բայց ուրիշ ո՞վ պետք է դա անի, եթե ոչ այդ երկրի ժողովուրդը, քաղաքացիները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ամեն ընտրության գնում են ընտրատեղամասեր ու իշխանություն են ընտրում իրենց համար:



 



Բայց երկրում մարդ մնացե՞լ է, որ մի հատ էլ քաղաքացի ենք ման գալիս, քաղաքացիական հասարակության մասին ենք խոսում: Պետք չէ խաբվել Երեւանի փողոցների աշխուժությանը, խանութների հեւքին, ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկներին: Երեւանը Հայաստանի կեղծ հայելին է: Դուրս եկեք Երեւանից եւ կտեսնեք իսկական Հայաստանը` դատարկված, տխուր, ցուրտ, կիսաքաղց, կիսահագնված: Գյուղեր կան, որտեղ եթե հինգ մարդ տեսնես իրար գլխի հավաքված, արդեն հաջողություն է: Տասնյակ կիլոմետրերով ճանապարհ ես կտրում` անգամ շունուկատու չի հանդիպում: Եթե Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր, առանց իր նազիր-վեզիրներին իմաց տալու վեր կենա ու գնա մի հեռավոր սահմանային գյուղ, այդ ժամանակ կհասկանա, թե այդ ինչից է, որ ինքը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել: Ճշմարտություն է, ի վերջո` Հայաստանը վերածել են անշուն գյուղի ու անփետ ման են գալիս: Տիգրան Սարգսյանը Գյումրիում նույնիսկ շվշվացնելով է ման գալիս: Հիշեցնենք` դա այն քաղաքն էր, որ պետք է դառնար «ծովափնյա», իր տեխնոպարկով պիտի ծաղկեցներ ողջ Հայաստանը: Գրեցին ավազին, իսկ մարդիկ, որ պարզապես արտագաղթելու հնարավորություն չունեն, դեռ գոյություն են քարշ տալիս փտած տնակներում:



Մի՞թե Տարոն Մարգարյանը կհամարձակվեր ինքնագլուխ կերպով թանկացնել տրանսպորտը, մի՞թե Սամվել Ալեքսանյանը պետության հովանու ներքո եւ իրավապահների լուռ աջակցությամբ իրենով կաներ պատմամշակութային հուշարձանը, եթե իշխանությունների դեմ մարդ լիներ կանգնած: Հանկարծ չշփոթեք մի խումբ ակտիվիստներին համահավաք ժողովրդի կամ քաղաքականապես կազմակերպված հասարակության հետ: Շատ դեպքերում ակտիվիստական շարժումները հենց իրենց` կառավարիչների ձեռքի գործն են, որ տպավորություն ստեղծեն, թե իրենց ընդդիմացողներ կան: Ընդդիմությունն աշխարհի բոլոր նորմալ երկրներում մեկն է` ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը: Այդ հասարակությունն է հրապարակում պահում քաղաքական ուժերին: Հայաստանում այսօր միայն իշխանական կուսակցություններն են ծաղկում: Պատճառն ակնհայտ է` չկա ընդդիմություն-հասարակություն, չկա հավաքական ժողովուրդ, չկա մարդկային ռեսուրս` արտագաղթել են:



Դեռ մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք, որ մեր սերունդներին ազատագրված Արցախ ենք ժառանգելու: Որոշել եմ, երբ թոռնիկս մեծանա` պատգամ թողնեմ: Ասեմ՝ տես, քո պապիկը Արցախն ազատագրեց, դու էլ պետք է Մասիսն ազատագրես: Բա որ նա, արդեն տառաճանաչ, ինձ ցույց տա Զորիի նամակն ու ասի` «այ պապ, եկել ես էստեղ, գլխիս ավետարան ես կարդում, ասում ես Մասիսն ազատագրի, ազատագրեմ, որ ի՞նչ անեմ»: Ո՞վ կարող է ասել` ես ի՞նչ եմ պատասխանելու նրան:



Ինչքան էլ մտածում եմ` ստեղծված իրավիճակից ելքը մեկն է: Պետք է կասեցվի արտագաղթը: Երկիրը դատարկելու այս չարաբաստիկ ծրագիրը պետք է վերջնականապես թաղել, մարդկանց պետք է հետ բերել իրենց տները, շատանալ է պետք: Թքել է պետք պաշտոնի էլ, ճոխ բարեկեցության վրա էլ: Պիտի անեն, այլ ելք չկա այս հիմար վիճակից դուրս գալու համար: Եթե կառավարությունն ի վիճակի չէ անել այդ, պետք է ցրել այդ կառավարությունն օր առաջ, որովհետեւ, հակառակ պարագայում, Հայաստանն ենք ցրելու: Եթե նախագահն ի վիճակի չէ դրություն փոխել, պետք է նախագահ փոխել, եթե խառնողներ կան, պիտի խառնողներին ի հայտ բերել ու վռնդել երկրից, եթե ընչաքաղցներ կան, պիտի նրանց ախորժակին կողպեք կախել, եթե կուլակներ կան, պիտի նրանց՝ խաթրով լինի, թե զոռով, «կուլակաթափել», պետք է օդ տալ մարդկանց, որ մարդիկ շնչեն, որ մարդիկ հետ գան, ապրեն, արարեն իրենց երկրում, որ վերջապես ընդդիմություն գոյանա, որ պետությունն էլ դիմադրողականություն ձեռք բերի: Ո՞վ պետք է անի այս ամենը, թեկուզ միանձնյա որոշում կայացնելով: Հայաստանում կա՞ այդ մարդը, այդ ուժը, այդ բազուկը: Թե՞ մեր երկրի ավագանու միջից էլ զգոնությունն է վերջնականապես արտագաղթել:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ