Իզմիրլյան ընտանիքն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Իզմիրլյան ընտանիքն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ազգային բարերարներ, Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական նվիրատուներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները, ինչպես նաև Իզմիրլյան ընտանիքի անդամներ և «Իզմիրլյան» հիմնադրամի պաշտոնյաներ:



Համայն հայության հոգևոր կենտրոնում Իզմիրլյան ընտանիքը ծանոթացավ Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթադաստիարակչական, քարոզչական, եկեղեցաշինական և սոցիալական գործունեությանը, հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից:




Ազնվահոգի բարերարները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ այցելեցին նաև Մայր Տաճար, Ս. Հրեշտակապետաց եկեղեցի և «Ռուբեն Սևակ» թանգարան, եղան Մայր Աթոռում գործող տարբեր կառույցներում, իրենց խոնարհումը բերեցին ՀՀ ազգային հերոս, ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի և նրա կողակից Մարի Մանուկյանի շիրիմին:




Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը իր օրհնությունն ու գնահատանքը վերստին բերեց տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին` նրանց եկեղեցասեր և ազգանվեր ոգու համար, որի շնորհիվ ի թիվս բազում հայրենաշեն ձեռնարկների, հնարավոր դարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ազգօգուտ ծրագրի իրագործումը: Գարեգին Բ. Կաթողիկոսն ընդգծեց, որ կենտրոնի հիմնանորոգմամբ և բարեկարգ պայմանների ստեղծմամբ գործունեության նոր սկիզբ դրվեց այս բժշկական հաստատության համար, որը բարեսիրական, խնամատար իր գործունեությամբ կարևոր տեղ պիտի գրավի Հայ Եկեղեցու կողմից իրագործվող սոցիալական ծրագրերում:



Իր հերթին տիար Տիգրան Իզմիրլյանը, ուրախություն արտահայտելով ի հիշատակ իր ծնողներ Սարգիս և Մարի Իզմիրլյանների «Իզմիրլյան» անվանված բժշկական կենտրոնի բացման առիթով, ցանկություն հայտնեց, որ այն դառնա լավագույնը Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Տիար Իզմիրլյանը նաև պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի զորակցություն բերելու հիվանդանոցի առաքելությանը, որպեսզի այն շարունակի ծառայել մարմնական տկարություն և դարմանման կարիք ունեցող անձանց:




Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարերարների ընտանիքն այցելեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայաններ» հայորդյաց տուն: