Կխոսի՞, արդյոք, Տիգրան Սարգսյանը

Կխոսի՞, արդյոք, Տիգրան Սարգսյանը

Նախապես ասենք, որ նրան շտապեցնելու համար չենք գրում այս ամենը: Պարզապես հետաքրքիր է, թե ինչքան ժամանակ կպահանջվի նրանից հոդաբաշխ խոսք ասելու մի երկրի տնտեսության մասին, որի կործանման բուն մեղավորն է եղել ինքը՝ ՀՀ բոլոր ժամանակների ամենախորամանկ ֆինանսիստն ու հակատնտեսագետը, որին հաջողվել է փողով լողացնել վարչակազմին՝ զուգահեռաբար հետամնացության մեջ թաղելով երկրի տնտեսությունը:



 



Ունի՞ Տիգրան Սարգսյանն, օրինակ, այն հարցի պատասխանը, թե որտեղ են հանգրվանել այս տարիների ամերիկյան և եվրոպական վարկերը, որոնք այնուհետև պարտքի տեսքով նստել են Հայաստանի և հայ ժողովրդի վզին: Կարո՞ղ է Տիգրան Սարգսյանը որևէ անկախ մասնագիտական հանձնաժողովի հաշիվ տալ, բացատրել, թե որտեղ են կորչում այն բյուջետային միջոցները, որոնք, ամենապրիմիտիվ հաշվարկներով պետք է որ ազատվեին Հայաստանի բնակչության թվի նվազումին զուգահեռ:



 



Մարդիկ, բանկերում հերթ կանգնած, փող է, որ վճարում են պետությանը: Ո՞ւր է գնում այդքան փողը, եթե երկիրը շարունակում է պարտքի դիմաց իր անկախության վերջին փշրանքները վաճառել:



 



Եկեք կողքից մի անկեղծ հայացք գցենք մեր չինովնիկների և նրանց հարազատների վրա: Նրանց տեսքն ու ունեցվածքը համապատասխանո՞ւմ են, արդյոք, այն մարդկանց տեսքին ու ունեցվածքին, որոնք, իբր, պետական խղճուկ աշխատավարձ են ստանում: Փոխարենը այդ տեսքն ու ունեցվածքը հակադարձ համեմատական է այն խղճուկ վիճակին, որով աչքի է ընկնում տակավին գույություն քարշ տվող հասարակ խավը:



 



Եթե սա նորմալ է, հարց չկա: Բայց նույնիսկ այսքանից հետո, Հայաստանի վարչապետը մտածում է 1974 թվականից հետո ծնված, այսինքն 30 և ավելի երիտասարդ տարիքի աշխատող մարդկանց աշխատավարձի 5-10 տոկոսը յուրացնել կեղծ խոստումների միջոցով, ընդ որում՝ անձամբ իրեն և իր այսօրվա թիմին ճարպկորեն ազատելով պարտադիր մուծվելու հոգսից:



 



Տիգրան Սարգսյանը, վերջապես, կարողանալո՞ւ է պատասխան տալ, թե ինչու է իր աշխատանքի ընթացքում երկրի նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, պետական այլ հաստատությունների և դատական մարմինների վարկանիշը հասել զրոյական մակարդակի:



 



Ինքը միայն հոխորտում է, թե կնստի, կմտածի ու կպատասխանի: Բայց մի՞թե այս ամենը նորություն էր իր համար ու հանկարծ պարզվեց, երբ իջեցրեց իր մեքենայի մգեցրած ապակին: «ֆեյսբուքի» և պլանշետի սիրահարն, ինչ է, տեղյակ չէ՞, թե ինչ է կատարվում համացանցում, ԶԼՄ-ներում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, թե ինչեր են գրում մարդիկ իրենց քոմենթ-մեկնաբանություններում: Պիտի անպայման գրե՞նք, որ համոզվեն, թե ինչպես են քաղաքացիները դեն շպրտում թերթը որտեղ իրենց ու հասարակության տզրուկների նկարներն են տպված:



 



Մեկ բառով այս ամենը կոչվում է դժգոհություն: Առավել մասնագիտական լեզվով ասած՝ վառոդի տակառ, որի վրա նստած խելացիները շարունակում են փորփրել պարունակությունը:



 



Եվ, այնուամենայնիվ, հետաքրիր է, կխոսի՞ արդյոք վարչապետը: Դատելով այն բանից, թե նա ինչ հանձնարարականներով է սկսել տարին (գերատեսչությունները պետք է մամուլով հրապարակայնացնեն ու թափանցիկ դարձնեն իրենց ծրագրերը), մի ընթացք ահավոր զբաղված է լինելու: Իսկ եթե ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն էլ փետրվարի առաջին օրերին բարձրացնեն իր հրաժարականի հարցը, խոսելու, Քոչարյանին պատասխանելու խնդիրը, կարծում ենք, իսպառ կվերանա մեջտեղից:



 



Մարդը քանի՞ տեղ ճղվի...



 



Էդիկ Անրեասյան