Մի նախադասությամբ Լևոնն ուղղորդում է հազարավորներին

Մի նախադասությամբ Լևոնն ուղղորդում է հազարավորներին

Երբեմն մի նախադասությունը կարող է բնորոշել մարդուն և ուղղորդել հազարավորներին: Ո՞րն է այդ նախադասությունը. այն, որը կպնում է սրտիդ: Իսկ սրտին կպնել կարող է միայն անկեղծ խոսքը: Կարդալով Լևոն Արոնյանի խոսքը՝ ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովի անժամանակ մահվան կապակցությամբ,  մասնագիտական ափսոսանք զգացի, իսկ մյուս կողմից  մեծ, շատ ավելի մեծ բան զգացի, որի կարիքը բոլորս այս պահին շատ ունենք: Դա մարդուն սիրելու, ափսոսալու, անկախ ազգային պատկանելությունից, շնորհն է: Ու այնքան անկեղծ է ասված, առանց ձևականությունների, թե ով ինչպես կընդունի, դա նույնպես անտեսված է, որ ակամայից ինքդ էլ լցվում ես բարությամբ ու սիրով: Կրկին անգամ խորհում, որ սովորելու շատ բան ունենք՝ քաղաքականությունից դուրս: Ուզում եմ այն կրկին միասին լսենք. «Շատ տխուր նորություն էր:Ես ադրբեջանցի խաղացողներից իմացա, որ Վուգարը լուրջ խնդիրներ ուներ առողջության հետ կապված, բայց ամեն դեպքում, երբ մարդը և շախմատային այդպիսի տաղանդը հեռանում է այդ տարիքում, դառն է: Ես շատ տխուր եմ»: Կարող էր չէ՞ չոր ցավակցել, բայց նա այնքան անկեղծ է ասում՝ ես շատ տխուր եմ: Շախմատիստն անգամ չի մտածում, որ մոլի մի ծայրահեղական կարող է ասել՝ արա, դու թուրքի մեռնելով էլ ես տխրու՞մ…



Ինքը կատարել է իր պարզ ու տաղանդավոր քայլը: Մի նախադասություն, մի խոսք, որով նա ուղղորդում է շատերին:



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ