Դա հավասարազոր է կապիտուլյացիայի

Դա հավասարազոր է կապիտուլյացիայի

Հայաստանում, ինչ-որ տեղ, գեղագիտական պաճուճանքներից զուրկ ինչ-որ աշխատասենյակներում, ինչ-որ մարդիկ նստած, ամենայն հավանականությամբ, հիմա կազմում են ռուսալեզ սրիկաների եւ եվրատավարների ցուցակները, գուցե նաեւ այն մարդկանց ցուցակները, ովքեր երկրի համար այս ծանր օրերին չդարձան ոչ ռուսալեզ սրիկա եւ ոչ էլ եվրատավար: Սա` պատմության համար, իսկ մինչ այս ամենը կդառնա պատմություն, Հայաստանում հավասարապես մեդալ են ստանում թե ռուսալեզ սրիկաները եւ թե եվրատավարները` պետության կայացման գործում ակնառու ներդրումների համար: Բայց սա արդեն զավեշտ է:



Ռուսալեզ սրիկաների մասին շատ ենք խոսել, թվարկել նրանց անուն առ անուն, թքել, մրել, ինչ անուն ասես` տվել, բայցեւ չենք կարող համարել, թե այդ ախտը մեզանում մարգինալացված է այլեւս: Ավելին ասենք` ՀՀ իշխանությունների փայփայանքը, մեդալներ ու պարգեւներ տալը, մանդատ ու պաշտոն նվիրելը նրանց դարձրել են նաեւ լկտի ու անկանոն բազմացող: Եվ իրոք մխիթարություն է, որ ինչ-որ աշխատասենյակներում սրանց ցուցակները կազմվում են, որ հետո, երբ ջրերը պարզվեն, սրանք իրենց ոսկի ձկնիկի տեղ չդնեն:



Սրանցից առանձնապես չեն տարբերվում նաեւ եվրատավարները: Խոսքը եվրակողմնորոշման կողմնակիցների մասին չէ, այլ եվրատավարների` բառիս իսկական իմաստով: Համաձայնեք, որ տարբեր բաներ են` երբ եվրակողմնորոշման անվիճելի առավելությունները սեղանին են դրվում որպես քննարկման նյութ, եւ երբ դրանք ներկայացվում են մյուս` արեւելյան կողմնորոշումը ստրկամտություն որակելու հատուկ դիտավորությամբ, նաեւ` Արեւմուտքից գրանտներով հատուկ ֆինանսավորված ու աջակցված: Անտարակույս, այս խավը նույնպես մարգինալացման է ենթակա, քանզի, ինչպես ռուսալեզ սրիկաները, սրանք եւս ընդհանուր ոչինչ չունեն հայ ժողովրդի հետ:
Արեւմտամետությունն ու ռուսամետությունը գաղափարական եւ քաղաքական ուղղություններ են, որոնք, հակադիր լինելով հանդերձ, բուն նպատակի հարցում, այն է` Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հարցում, եթե չասենք նույնական են, ապա առնվազն, համադրելի են: Սա է պատճառը, որ արեւմտամետը կամ ռուսամետը միմյանց լսելու կարողություն ունեն, իսկ ռուսալեզ սրիկան եւ եվրատավարը` ոչ:
Անշուշտ հիշում եք, որ երբ Հայաստան էր ժամանել Վլադիմիր Պուտինը, մի եվրատավար հայտարարեց` ով դուրս չգա նրա դեմ ցույցի, ուրեմն քուչի թուլա է: Սրան հակառակ, Պուտինին դիմավորողների շարքում որոշ ռուսալեզ սրիկաներ նույնիսկ վատացել են` Պուտինի ձեռքը վայրկյան առաջ սեղմելու եւ մի քիչ երկար պահելու անհամբերությունից: Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվեր նմանների հետ, եթե Պուտինը մի հատ էլ թփթփացներ ուսներին ու հարցներ` ո՞նց ես, սուկին սին:



Ի՞նչ է արտաքին քաղաքական վեկտոր ասվածը: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հարափոփոխ աշխարհում քո տեղն այս արեւի տակ ապահովելու, այդ տեղի համար պայքարելու, հարատեւելու, պատմության շրջապտույտից դուրս չընկնելու ճանապարհի ընտրություն, քո շահերի համադրում ու հակադրում այլոց շահերին: Եթե կա արտաքին քաղաքական վեկտորի այլ սահմանում, առավել գիտական, թող մեզ ուղղեն մասնագետները, բայց մի բանում, կարծում ենք, նրանք էլ մեզ հետ համամիտ կլինեն, որ նույնիսկ ամենազարգացած երկրներն առանձին իրավիճակներում ստիպված են լինում վերանայել իրենց արտաքին քաղաքականությունը, սրբագրումներ կատարել դրանցում: Դիցուք` Ֆրանսիան: Ասել, որ այս երկիրն արեւմտամետ կողմնորոշում չունի, սխալ է: Բայց նաեւ փաստ է, որ համաշխարհային երկու պատերազմների ժամանակ Ֆրանսիան Ռուսաստանի դաշնակիցն էր: Այսօր, երբ ԵՄ-ն հստակ հակառուսական դիրքորոշում ունի եւ պատժամիջոցներ է իրականացնում Ռուսաստանի դեմ, առանձին ազդեցիկ եվրոպական երկրներ, այդ թվում եւ Ֆրանսիան, ձգտում են շատ չփչացնել այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունները: Սա ապացույց է այն բանի, որ այդ երկրներում կան թե արեւմտյան եւ թե արեւելյան ուղղության կողմնակիցներ, որոնց բանավեճի արդյունքում էլ այդ երկրները ոչ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Ռուսաստանի ստրուկների դերում չեն հայտնվում: Դա մի կողմից զարգացում, իսկ մյուս կողմից էլ քաղաքական երկխոսության հնարավորություն է ապահովում:
Քանի դեռ երկիրն անկախ է, այն ունի արտաքին քաղաքական վեկտորի կամ կուրսի ընտրության հնարավորություն, եւ չի կարելի ասել, թե այս կամ այն ուղղությանն այլընտրանք չկա: Սա հավասարազոր է կապիտուլյացիայի, զենքը վայր դնելու, գոյության պայքարից հրաժարվելու: Նման բան կարող է հայտարարել միայն ամենաանպատասխանատու քաղաքական ուժը կամ անհատը, ամենաթույլը, ամենամարգինալը, հիշողությունից զուրկ, հոգնած գործիչը: Եվ կապ չունի, թե վեկտորի որ ուղղությունն է նա համարում միակ անշրջելին: Այդպիսի գործիչն ու նրա քաղաքական ուժը, միանշանակ, մարգինալացված են, որտեղ էլ ուզում է ծվարած լինեն, որ հարթակից էլ ուզում է ելույթ ունենան, ինչ էլ պահանջեն օրվա իշխանությունից:



Քանի գրոշ արժե քո «Սերժիկ, հեռացիր» բղավոցը, երբ դու հետեւյալ խոսքում արդեն հայտարարում ես, որ Սերժիկի ընտրած արտաքին քաղաքական վեկտորն անշրջելի է, կամ այդ վեկտորին այլընտրանք չկա: Էլ Սերժիկն ինչո՞ւ հեռանա, եթե մանավանդ նրա իշխանության օրոք լույս ու գազ կա, իսկ քո իշխանության օրոք դա էլ չի եղել: Սերժիկն էլ ինչո՞ւ հեռանա, մանավանդ, որ հարթակ ես ելել Սերժիկի հորեղբոր տղաների ու նրանց թիկնապահների հետ, որոնք Պուտին քեռու այլընտրանքի` Լուկաշենկոյի վկաներն են: Եվ այսքան բանից հետո գոռալ` «Սերժիկ, հեռացի՞ր»: Ախր ինչի՞ համար:
Սերժը, գոնե, եվրոպական երկրներ է այցելում, հյուրեր է ընդունում եվրոպական երկրներից, ահավասիկ, Սահմանադրության հայեցակարգը տարավ եւ հաստատեց Եվրոպայում, սուտ, թե ղորթ՝ ուզում է բան փոխել: Ինչո՞ւ եք, ախր, այդ մարդուն էլ ձեզ հետ մարգինալացնում:



Ո՞վ է հիմա պատասխանատու, որ Մինսկում ստորագրվեց Հայաստանի ղազագիրը: Այո, այո, հոկտեմբերի 10-ին: Սե՞րժը: Իհարկե Սերժը եւ ոչ մի դեպքում այն մարգինալները, ովքեր ժողովրդին լավ ապրելու խոստումներով լցրեցին Ազատության հրապարակ եւ, առիթից օգտվելով, իրենց անմնացորդ հպատակությունը հայտնեցին ցարին: Մարգինալի գործելակերպ է սա, երկրի քաղաքական կյանքում որեւէ այլ դերակատարում չունեցողի ճիչ: Հուսանք` վերջին ճիչ:



Այնտեղ, որտեղ կա ռուսալեզ սրիկաների մարգինալ գոյացություն, անխուսափելի են նաեւ եվրատավարները: Սրանք իրարից անբաժան են: Օրերս մի եվրատավար հայտարարել էր, որ մենք պարտավոր ենք ընտրել ոչ թե Ուկրաինայի, այլ Մոլդովայի ճանապարհը: Դե իսկ նրանք, ովքեր համաձայն չեն իր հետ` քուչի թուլա են: Ի՞նչ ասել այս ավանակին, որ դեռ մի բան էլ վիրավորվել է, որ ռուսալեզ սրիկաներն իրեն մարգինալ են անվանել: Բանն այն է, որ Մոլդովան ԵՄ-ի հետ ասոցացման եւ հատկապես Ռումինիայի հետ մերձեցման արդյունքում միանշանակ կորցնելու է Մերձդնեստրը, որ խորհրդային հարբած ղեկավարների որոշմամբ (դա փաստել է Նիկոլայ Ռիժկովը) նվիրաբերվել է Մոլդովային եւ չի համարվում նրա պատմական տարածքը: Իսկ Մոլդովայի ճանապարհը մեզ հուշող սույնը գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչ է զիջելու ինքը` ՆԱՏՕ-ին ու Թուրքիային միանալու դեպքում:



Ավարտելով` կուզենայի հարցնել` ինչո՞ւ ընտրել մարգինալացման ճանապարհը, ինչո՞ւ մարգինալացնել երկիրը, քանի դեռ այն անկախ է եւ ունի իր արտաքին քաղաքական վեկտորը իրավիճակին համեմատ կողմնորոշելու, բանակցելու, պայմանավորվելու, իր տեղն արեւի տակ պահպանելու բոլորին տրված իրավունքն ու հնարավորությունը: