Վարչապետի՞, թե՞ նախագահի հրաժարականն են պահանջում

Վարչապետի՞, թե՞ նախագահի հրաժարականն են պահանջում

Անցած ուրբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ «արմատականները» հարց են բարձրացրել իշխանափոխություն պահանջող ուժերին ու անձանց պատժելու, իրենց տեղը դնելու, շարժումն արմատախիլ անելու մասին: Երբ վրդովված կարծիքները գերակշռել են, եւ ակնհայտ է դարձել, որ իշխող կուսակցության մեջ որոշակի խուճապ կա, խոսել է ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ասել է՝ դուք ինչի՞ եք զայրանում, ըստ էության, իմ հրաժարականն են պահանջում: Նկատի է ունեցել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում խորհրդարանական նոր մեծամասնություն կձեւավորվի, որի ներկայացուցիչ վարչապետը ինքը չի կարող լինել: Մանավանդ որ իր եւ խնամու՝ Ծառուկյանի հարաբերությունները վատացել են այն օրվանից, երբ ԱԺ-ում հանդիմանելով ընդդիմությանը, նա ասաց. «Նոր մարտի մե՞կ եք ուզում»: ԳՄ նիստի մասնակիցներին վարչապետը հանգստացրել է, ասելով, որ ինքը խոսել է մարզպետների հետ՝ մարզերում շարժման շտաբներ չեն ձեւավորվում, եւ իշխանափոխությանն ուղղված այլ քայլեր էլ չկան:



Հավանաբար, այս լուրերն են պատճառ դարձել, որ նախօրեին արդեն ԲՀԿ-ականները, հանձին Ստեփան Մարգարյանի, հայտարարեցին, որ իրենք իշխանափոխություն ասելով՝ հասկանում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ի դեպ, վերջերս Գագիկ Ծառուկյանի աջ թեւը դարձած Ստեփան Մարգարյանի խոսքն այս շրջանում կարելի է համարել ԲՀԿ առաջնորդի, ուստիեւ եռյակի պաշտոնական տեսակետ: