Հնարավոր է գա մի օր, որ Հելոուինը նշեն հայ պաշտոնյաների դեմքերով

Հնարավոր է գա մի օր, որ Հելոուինը նշեն հայ պաշտոնյաների դեմքերով

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի բացառում, որ ինչպես Սուրբ Վալենտինը, այնպես էլ մյուս արեւմտյան տոները, այդ թվում՝ Հելոուինը, մի օր կփոխարինվեն մեր ազգայինով ու կհայկականացվեն: «Ես հիշում եմ Սուրբ Վալենտինի տոնը, որը տարիներ առաջ՝ 90-ականներին, շատ ակտիվ մտավ մեր իրականության մեջ, բայց հետո կամաց-կամաց մեր ազգայինով ինքը փոխարինվեց (նկատի ունի Սուրբ Սարգիսը` Վ. Մ.), ու եթե ուշադրություն դարձնեք, հիմա Սուրբ Սարգսի տոնը շատ ավելի հանրային ա՝ մի քանի անգամ ավելի»,-մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարարը, երբ նրա կարծիքը հարցրինք Հայաստանում Հելոուին տոնի մասին, որը բրիտանական ծագում ունի:



Նախարարը, սակայն, կարծում է, որ Հելոուինը մեր իրականության մեջ տեղ չի գտնի եւ շատ շուտ կվերանա հայկական իրականությունից: Մինչդեռ տարեցտարի այդ տոնի ավելի լայն ընդգրկում ստանալն ու հայ երիտասարդության կողմից առավել մեծ ոգեւորությամբ նշվելը հակառակն են փաստում: Մեր հարցին, թե Հելոուինի «ազգայնացվելու» դեպքում ինչպե՞ս պետք է այն նշվի, հնարավո՞ր է արեւմտյան սարսափազդու դիմակներին փոխարինեն, օրինակ, հայ տարբեր պաշտոնյաների դեմքերով դիմակները՝ դարձյալ որպես յուրատեսակ սարսափի նշան, Հասմիկ Պողոսյանը, ըստ էության, չբացառեց. «Գիտե՞ք ինչ կա, ամեն ինչ էլ հնարավոր ա: Բայց էդ մարդիկ, ովքեր մասնակցում են, մարդիկ են, չէ՞… ազատ երկիր ա, ինչ ուզում եք՝ արեք, ո՞վ ա ձեզ խանգարում»:



Նա նշեց նաեւ, որ մշակույթի նախարարությունն այս տոնի կազմակերպման հարցում որեւէ մասնակցություն չի ունեցել, ամեն ինչ երիտասարդների նախաձեռնությամբ է եղել:
«Ես հատուկ ազգային, մեր բոլոր ավանդույթների հանրահռչակման մասին բյուջեի քննարկման ժամանակ խոսեցի՝ ասելով, որ մենք էս ենք պրոպագանդում, մենք էս ենք աջակցում, մնացածը մեր հետ որեւէ կապ չունի: Բայց, գիտե՞ք ինչ կա, Ձեզ հետ կապ ունի՝ որպես անհատ, իմ հետ՝ որպես անհատ, էն մյուսի հետ՝ որպես անհատ, որովհետեւ մենք՝ որպես անհատներ… հասարակությունը՝ ընդհանուր առմամբ, պետք է ընդվզի, եթե դա սխալ ա, հասկանո՞ւմ եք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ չէ, որ կառավարվում է պետության կողմից: Նաեւ ավելացրեց, որ պետք է ժամանակ ունենալ այդ ընդվզման համար, իսկ մեզանից բոլորը չէ, որ դրա համար ժամանակ ունեն:



Հարցին՝ մենք հիմա գնալով կառչո՞ւմ ենք մեր արմատներին, թե՞, հակառակը՝ հեռանում, Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ով որ ինքը հակված ա իր արմատներին, դեպի արմատ գնալը՝ այո, ով որ չի ուզում ու ցանկացած ձեւ գտնում ա, որպեսզի հեռվանա, էդտեղ ոչ մի բան արդեն չես կարող անել»: