Խորհրդարանում նորից «հրաշալի քառյակ» է ձևավորվել

Խորհրդարանում նորից «հրաշալի քառյակ» է ձևավորվել

Տերպետրոսյանական «հրաշալի քառյակ» ձեւակերպումը նորից արդիական է դարձել: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը կրկին միավորել է խորհրդարանի ոչ իշխանական 4 ուժերին: ՀՅԴ-ՕԵԿ-ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներից արդեն աշխատանքային խումբ է ձեւավորվել, որն առաջիկա երկուշաբթիից լծվելու է ԸՕ-ն փոխելու աշխատանքներին: Թեպետ ԸՕ-ն փոփոխելու եւ հատկապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը տարբեր ժամանակներում ոչ իշխանական գրեթե բոլոր ուժերի համար օրակարգային է եղել, եւ ամեն անգամ իշխանությունները տապալել են այդ հարցով կազմակերպված ցանկացած նախաձեռնություն, բայց որոշել են «կրկին փորձել»:



Նախաձեռնողն ընդդիմության շարքերը վերջերս համալրած ՕԵԿ-ն է, որի պատգամավորների դեռ սեպտեմբերից առանձին-առանձին հանդիպումները խորհրդարանի իրենց գործընկերների հետ եւ առաջարկը՝ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու, փաստորեն, անարդյունք չանցավ: Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթվա ընթացքում, բայց, ինչպես պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, գործընկեր պատգամավորների գործուղումների պատճառով այն հետաձգվում է հաջորդ շաբաթ, եւ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի կամ երեքշաբթի օրը կտրվի մեկնարկը: Աշխատանքային խմբում ԲՀԿ-ից կլինի Տիգրան Ուրիխանյանը, նախնական պայմանավորվածությամբ, ՀՅԴ-ից կլինի Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Թեւան Պողոսյանը, եւ ՕԵԿ-ը կներկայացնի մեր զրուցակիցը: Պատգամավորը տեղեկացրեց, որ ԸՕ-ն բարելավելու եւ փոփոխություններ լսելու նպատակով ներառելու են ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլեւ հասարակական կառույցների, արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ միջազգային կառույցների, այդ թվում Վենետիկի հանձնաժողովականների՝ ԸՕ-ի վերաբերյալ ներկայացրած բոլոր լավ առաջարկները, կհրավիրվեն փորձագետներ, ոլորտի լավատեղյակներ: Իսկ ՀԱԿ-ը բոյկոտում է այս նախաձեռնությունը միայն ու միայն այն պատճառով, որ դա ՕԵԿ-ին է պատկանում, որից այստեղ, մեղմ ասած, զզվում են: Թեպետ Հովհաննես Մարգարյանն այդ բոյկոտը բացատրեց այն հանգամանքով, որ իբր վերջինները պատճառաբանում են, թե արդեն իսկ խորհրդարանում անցած քառօրյայից շրջանառության մեջ դրված է ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին որոշման նախագիծը:



Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարման ճգնաժամի մասին հայտարարության հետ միասին քառօրյայի օրակարգ ընդգրկվեց նաեւ Ռուբիկ Հակոբյանի՝ ԸՕ-ն բարեփոխելու մասին որոշման նախագիծը, որին կողմ էին խորհրդարանական ոչ իշխանականները: Եվ իսկապես, նման նախագծի առկայության պարագայում ի՞նչ իմաստ ունի հավաքվել եւ ինչ-որ բան անել, մեր հարցին ի պատասխան Մարգարյանն ակամայից հակասեց ՀԱԿ-ի բոյկոտի մասին իր մեկնաբանությանը: «Նախորդ քառօրյայի ընթացքում օրակարգ մտածը ոչ թե օրենքի նախագիծ է, այլ փոփոխություններ անելու որոշման նախագիծ: Ռուբիկ Հակոբյանը մեզ առաջարկեց, որ եկեք ԱԺ որոշմամբ ձեւավորենք այդ աշխատանքային խումբը, իսկ մենք, բնականաբար, դեմ չէինք, միայն թե խնդիրը լուծում ստանա, բայց արտահերթության կարգով մտավ քառօրյայի օրակարգ եւ չքննարկվեց, մենք պայմանավորվել էինք, որ եթե դա չքննարկվի ԱԺ-ում, ապա աշխատանքային խումբ ձեւավորելու մեր նախաձեռնությունն ինքնըստինքյան ուժի մեջ ենք դնելու»,- պարզաբանեց Մարգարյանը:



Ընտրական համակարգի փոփոխության շուրջ հիմնականում դրական կարծիքներ են հնչել, Մարգարյանն անձամբ նպատակահարմար է համարում անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ընտրական հանձնաժողովների կազմավորման նոր կարգ սահմանել, վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը բացառել, քվեարկության հաշվարկման համակարգը կատարելագործել, ընտրակաշառքի մեխանիզմների բացառում եւ այլն: «Օրինակ, մեզ համար անընդունելի է, որ ԸՕ-ն իրավունք է տալիս, որ 2 օր առաջ ներկայացրած դիմումի հիման վրա քաղաքացին քվեարկի ցանկացած ընտրատեղամասում, ոչ իր գրանցված վայրի տեղամասում: Հաջորդն ընտրացուցակների հրապարակման հարցն է, ըստ էության, դա կփարատի բոլոր կասկածները կամ ընտրական «կարուսել» կոչեցյալը վերացնելու մեխանիզմների քննարկումը եւ այլն, եւ այլն»,- մանրամասնեց Մարգարյանը: Թե երբ պատրաստ կլինի նախագիծը, պատգամավորը հստակ ասել չկարողացավ, դա կարող է շաբաթներ ու ամիսներ տեւել: Այս նախաձեռնությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտության մասին հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ բարձրաձայնել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ու եռյակի անդամները նշել էին, որ կարող են բանակցություններ սկսվել իշխանությունների հետ հենց այս խնդրի շուրջ: Մեր հարցին, թե հավատո՞ւմ է, որ իշխանությունները կգնան օրենսգրքի փոփոխության, ՕԵԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Կլինի կոնկրետ նախագիծ, մենք կշարադրենք մեր ասելիքը, ու երբ կլինի նրանց մոտեցումը, դիրքորոշումը, նոր դրա հետ կապված՝ մեր գնահատականները կտանք»:



Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ անդրադարձել է այս թեմային եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել. «Ընտրական օրենսգիրքը պատրաստ ենք փոխել իր ժամանակին: Մենք ավելի շատ այս պահին կառավարման մոդելի փոփոխություններ ենք… իրագործման ճանապարհին ենք, եւ մինչեւ հիմնական նյութը, տեքստը չլինի սահմանադրական փոփոխությունների կամ Սահմանադրության փոխվելու, բնականաբար, էդտեղ Ընտրական օրենսգիրք փոխելն աբսուրդ է, քանի որ պիտի բխի նաեւ այդ փոփոխությունները: Այս պահին նաեւ կառավարությունում հատուկ հանձնախումբ կա, որն ուսումնասիրում է, թե առաջիկայում սահմանադրական փոփոխությունների ֆոնին ինչպիսին կլինի Ընտրական օրենսգիրքը: Այդ առումով բոլոր խմբակցություններից հրավերներն ստացել են եւ մասնակցել են»: