Ինչու չեն միավորվում արևմտյան հոսանքին հարող «մարգինալները»

Ինչու չեն միավորվում արևմտյան հոսանքին հարող «մարգինալները»

Ոչ իշխանական եռյակի արտաքին եւ ներքին քաղաքական գծի մեջ չտեղավորվող ուժերն ու գործիչները նախորդ հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի կողմից մարգինալներ (լուսանցքային) անվանումն ստացան: «Մարգինալների ջղաձգումներին» Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանն ընդդիմանալու կոնտեքստում՝ հայտարարելով, որ ԵՏՄ-ին անդամակցությունն անշրջելի փաստ է, ինչին ի պատասխան, «մարգինալներից» մեկն ասում է. «Անշրջելին ծերությունն է»: Չնայած սրան, «լուսանցքային ուժերը» շարունակում են դատապարտել ԵՏՄ-ին անդամակցությունը եւ պնդել, որ ՀՀ-ի միակ ճշմարիտ ուղին Եվրամիություն գնալն է:



Արդեն տեղյակ եք, որ նոյեմբերի 17-18-ին ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրն ԱԺ-ում կդրվի քվեարկության: Ինչպես են գնահատում իրավիճակը ԵՏՄ-ին դեմ ուժերն ու գործիչները, արդյոք հնարավոր չե՞ն համարում միավորումը եւ միասնական ճակատով պայքարը: Առաջին նախագահի գնահատականների եւ որակումների վերաբերյալ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Արամ Սարգսյանի ու բոլորի մասով սահմաններն անցան, ովքեր իրենց հետ համաձայն չեն: Իմ կարծիքով, դա այսօրվա գործող իշխանության ոճն է, դեռ ավելի վատ, ինչ վերաբերում է համախմբվելուն, ապա խնդիրը չպետք է դնեն ոչ մեկ, ոչ էլ մյուս ուժերի շուրջ համախմբման մասով:



Այսինքն՝ ոչ ԵՏՄ, ոչ ԵՄ, այլ Հայաստանի շահերի շուրջ համախմբում»: Մակեյանը հիշեցնում է իր, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանի, Աշոտ Մանուչարյանի ու այլոց նախաձեռնությամբ ստեղծված շարժման մասին, որը դեռ խմորման փուլում է: «Ես անձամբ մասնակցում եմ, փորձում եմ աջակցել, եւ օր առաջ պետք է լինի Հայաստանը… ոչ Եվրասիական եւ ոչ արեւմտյան արժեհամակարգը, մենք փորձում ենք Հայաստանի արժեհամակարգն ստեղծել: Մենք փորձում ենք ընդլայնել մի ուղղություն, որը Հայաստանի շահերն է սպասարկելու»: Մակեյանն ակնարկում է, որ այդ շահերը համընկնում են արեւմտյան արժեքների հետ, քանի որ իրենց կուսակցություններն էլ դրա կրողն են, բայց համախմբման քայլերի մասին խոսք չկա: Արեւմտյան ճակատ ստեղծելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: «Նոր շարժումը, կարծում եմ, ձեւավորման ընթացքում է, հիմա մենք ինքնաբացահայտման ենք գնում: Սկզբից հայտարարում ենք, որ այդպես ենք մտածում, իսկ երբ կրիտիկական քանակը կձեւավորվի, վերջին հաշվով՝ նաեւ թիրախը, եւ կլինի պայքարը: Հիմա մտահղացումն է հայտնի, որին մենք դեմ ենք: Հակառակորդը նույնպես ձեւավորման ընթացքում է, մենք էլ չգիտենք, թե դեռ ինչ է դա նշանակում: Առայժմ դրանք հայտարարություններ են, որի դեմ մենք էլ ենք նույնն անում, հենց որ իրենք կանցնեն գործի, եւ Ասիան կներխուժի Հայաստան, այդ ժամանակ մենք էլ կկազմակերպվենք, համաչափ պայքար կսկսվի»:



Ըստ Ազատ Արշակյանի, առայժմ բացահայտվում են նրանք, ովքեր պատրաստ են զոհաբերությունների գնով պատրաստել ՀՀ-ի ինքնիշխանությունը: «Մենք չենք հայտարարում մեզ Եվրամիության կողմնակիցներ, քանի որ հայ մարդու կուլտուրան, արժեհամակարգը եվրոպական է, հակառակն ասիական է, եւ ստացվում է, ուրեմն, ընդունում են Չինգիզ խանի արժեհամակարգը: Մենք դեմ ենք մեզ պարտադրվող ասիական արժեհամակարգին»: Ըստ Ազատ Արշակյանի, դեպի ԵՄ միտինգների անհրաժեշտությունը բխելու է եռակողմ հարաբերություններից: «Այսինքն՝ մենք, եվրոպական ու ասիական համակարգը կլինի, եւ այս եռանկյունու մեջ պետք է ձեւավորվի մեր շարժումը, դա փոխկապակցված պայքար պետք է լինի, առայժմ մենք չենք տեսնում միավորվելու, ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը»: Ըստ մեր զրուցակցի, դեռեւս ինքնապաշտպանության հայտ են ներկայացնում: