Կառավարությունը հաճույքների վրա միլիոններ է վատնում, բայց խնայում է գյուղի փոքրիկ բյուջեից

Կառավարությունը հաճույքների վրա միլիոններ է վատնում, բայց խնայում է գյուղի փոքրիկ բյուջեից

Ավելի քան երեք տարի է, ինչ համայնքների խոշորացման ծրագիրը թմբկահարվում է որպես դարի բարեփոխում: Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած ծրագիրը Հովիկ Աբրահամյանի օրոք է կյանքի կոչվելու: Գյուղացիների վերաբերմունքն այս փոփոխությանը միանշանակ չէ, շատերը դժգոհում են, քանի որ բախվելու են մի գլխավոր խնդրի` բյուրոկրատական քաշքշուկների: Մի թղթի ու հարցի համար պիտի կիլոմետրեր կտրեն ու հասնեն գյուղապետարան, իսկ բազմաթիվ գյուղերում անգամ տրանսպորտ չի աշխատում, եղածն էլ շատ վատ է, էլ չենք խոսում ճանապարհների վիճակի մասին:



Բայց, տեխնիկական հարցերից բացի, սա հանգեցնելու է նաեւ գործազրկության, այսինքն՝ 14 գյուղի միավորման դեպքում լուծարվելու է գյուղապետարանի աշխատակազմը: 7-8 գյուղ միավորվելու է մեկ համայնքում, լինելու են մեկ գյուղապետ ու միավորվող գյուղերից մեկական ներկայացուցիչ: Խոշորացման հարցը մայիսի 17-ին հանրաքվեի կդրվի Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք գյուղերում` պարզելու համար, թե բնակիչները համաձա՞յն են արդյոք խոշորացմանը: Մարզպետարաններից արդեն հրահանգը կա՝ կողմ քվեարկել կառավարության բարեփոխմանը: Գյուղացիներին հուսադրել են, թե միավորվելու դեպքում բյուջեի տնտեսումների հաշվին ներդրումներ կլինեն, բիզնես ծրագրեր կիրականացվեն, եւ կարճ ժամանակ անց այն կդառնա տնտեսական ծաղկուն գոտի: Խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ. Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները կմիավորվեն «Թումանյան համայնք» անվանմամբ, համայնքի կենտրոնը կլինի Թումանյանը: Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները կմիավորվեն «Դիլիջան համայնք» անվանմամբ՝ Դիլիջան համայնքի կենտրոնով: Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները կմիավորվեն «Տաթեւի համայնք» անվանմամբ՝ Շինուհայր համայնքի կենտրոնով:



Վարչապետը երեկ հայտարարեց, որ այս համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու: Իսկ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստից հետո այն հարցին, թե ինչ նպատակով է խոշորացվում, խնայողություննե՞ր անելու, պատասխանեց. «Նաեւ միջոցների խնայում, մոտավորապես 50-60 տոկոս դրամական խնայողություն»: Այսինքն՝ խիստ սրտացավ կառավարությունը, որի պաշտոնական այցերը, միջոցառումները մի քանի տասնյակ միլիոններ են կազմում, որոշել է խնայողություն անել մի քանի հարյուր բնակչություն ունեցող գյուղապետարանների բյուջեի հաշվին՝ դրանք լուծարելով: Երիցյանը խոստացավ, թե աշխատատեղեր են ստեղծվելու:



Արդյոք խոշորացման հիմնական դրդապատճառն ահռելի արտագաղթը չէ՞, քանի որ մարզերը դատարկվում են, բնակիչները կամ կենտրոնացել են մայրաքաղաքում, կամ արտագաղթում են Ռուսաստան: «Մենք նաեւ պետք է մտածենք հետեւյալը. եթե խոշորացնում ենք, պիտի հաշվի առնենք ամենը՝ արտագաղթը, մյուսը, մյուսը, եւ ես առաջարկում եմ, որ մեր կողքին կանգնեք, ու միասին կարողանանք այդ խոշորացմանը գնալ»: Ինչ վերաբերում է տրանսպորտի խնդրին, վստահեցրեց՝ ներդրումներ են լինելու:
Լոռու մարզի Քարինջ գյուղը եւս միավորվողների թվում է: Լա՞վ է, թե՞ վատ համայնքների խոշորացումը՝ հետաքրքրվեցինք գյուղապետ Նորիկ Մկրտումյանից, առավել եւս, որ ինքն էլ զրկվելու է իր պաշտոնից: «Եվ լավ բաներ կարող են լինել, եւ չգիտեմ… կառավարման հարցը ոնց կլինի, 6-7 համայնքի կառավարման հարցով…. Դե, դրա նպատակը համայնքների զարգացումն է, աշխատանք էլ չենք ունենա, ուրիշ բանով կզբաղվենք՝ մեր տնտեսությամբ, հո էդ աշխատանքը չէ՞ր մենակ»:



Իր կարծիքով, ինչպե՞ս է խոշորացումը հանգեցնելու համայնքի զարգացմանը: «Դե, շատ պրոբլեմներ կան, աստիճանաբար կլուծվեն, ջրագծի, ճանապարհի վերանորոգում կանեն»: Գյուղացիների դժգոհությանն անդրադառնալով՝ նշեց. «Բնակիչները տեղեկանքներ տանել-բերելուց են դժգոհում, գնալ-գալուց, հենց կոնկրետ մեր գյուղը Դսեղի հետ է, համայնքի ղեկավարին դիմելուց 10-20 կիլոմետր գնալու են»: Փաստորեն, կառավարությունն իր հաճույքների վրա միլիոններ է վատնում պետբյուջեից, իսկ խնայելու փորձերն արվում են դատարկվող ու հեռավոր գյուղերի բնակիչների հաշվին: