Կամ հացն են թանկացնելու, կամ պայքարելու են, որ էլեկտրաէներգիան չթանկանա

Կամ հացն են թանկացնելու, կամ պայքարելու են, որ էլեկտրաէներգիան չթանկանա

Վարչապետի այն հայտարարությունը, որ էլեկտրաէներգիան 17 դրամի փոխարեն կթանկանա 9,3 դրամով, որոշ չափով հանգստացրել է հաց արտադրող ընկերություններին, բայց նրանք իրենց հերթին եւս մտածում են հացի գինը բարձրացնելու մասին։ Հացի փոքր արտադրամասի՝ «Դավիթ 84» ՍՊԸ-ի աշխատակցուհի տիկին Ալյոնան ասում է, որ եթե էլեկտրաէներգիան թանկացնեն, իրենք կամ պետք է հացի գինը բարձրացնեն, կամ արտադրամասը փակեն։ «Հնարավոր է թանկացնենք, բայց լավ կլիներ, որ թանկացում չլիներ, առանց այն էլ հացի սպառումը նվազել է»,-ասաց աշխատակցուհին։ Սեւանի հացի գործարանի սեփականատեր Աշոտ Ավետիսյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից կտուժեն հացի փոքր արտադրամասերը։ «Անկեղծ եթե լինեմ, ապա պետք է ասեմ, որ 6 դրամը մեր գործարանի համար էական ազդեցություն չի ունենա, բայց փոքր հացի արտադրամասերը կփակվեն։ Մարդիկ առանց այն էլ այսօրվա գներին չեն դիմանում։ Կան արտադրամասեր, որոնց հացաթխման տեխնիկան միայն հոսանքով է շահագործվում, դրանք այդ գների մեջ ընդհանրապես չեն տեղավորվի»,-ասաց Ավետիսյանը։ Հաց արտադրողներն ասում են, որ այս պահին միայն հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն, իսկ գազ օգտագործողները, հնարավոր է, գները չբարձրացնեն։ «Բայց եթե համատարած լինի, արդեն բոլոր արտադրամասերը հացի գինը կբարձրացնեն»,-ասաց «Երրորդ մաս» հացի փռի աշխատակից Կարենը։ Նա տեղեկացրեց, որ առայժմ չեն փակվի, բայց եթե նման կերպ շարունակվի, հնարավոր է, որ իրենք էլ փակվեն։ «Եթե հոսանքը թանկացավ, ալրաղացներն իրենց հերթին այլուրի նոր գին կսահմանեն, ձեթ արտադրողները՝ իրենց հերթին, ու էդպես շարունակ, նման պայմաններում, ասեք՝ իմանանք, մենք ո՞նց՝ հաց արտադրողներս, գին չբարձրացնենք։ Գիտենք, որ հացը թանկացրինք, մարդիկ սկսելու են քիչ օգտագործել, առանց այն էլ հացի սպառումն զգալիորեն նվազել է»,-ասաց Կարենը։
Մեկ այլ արտադրամասում էլ, որտեղ էլեկտրաէներգիա են օգտագործում, ասում են, որ իրենք որոշել են թանկացումից անմիջապես հետո գազ օգտագործել։
«Պետք է արտադրական միջոցները փոխենք ու անցնենք գազի կամ մեկ այլ բան մտածենք։ Բայց մենք չենք բացառում նաեւ, որ հիմա էլ գազը կթանկացնեն»,-ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ իրենց բիզնեսը դարձել է ոչ շահութաբեր, եւ իրենք մտածում են արդեն հացի գինը բարձրացնելու մասին՝ մոտավորապես 10-20 դրամով, բայց թե երբ, դժվարանում է ասել․ «Պետք է փոքր հացի արտադրամասերը միասին որոշեն՝ կամ հացը թանկացնում են, կամ պայքարում են, որ էլեկտրաէներգիան չթանկանա։ Հացը թանկացնելու դեպքում մենք հաճախորդ ենք կորցնելու, որը մեզ ձեռնտու չէ»։