Հիմա եկել եք, ուզում եք ներդրում անեք, որ ի՞նչ անեք

Հիմա եկել եք, ուզում եք ներդրում անեք, որ ի՞նչ անեք

Արդեն իսկ հայտնի է, որ կառավարությունը կմերժի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը:



Համաձայն այդ նախագծի՝ առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչության մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտները պետք է ազատվեն շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում՝ ամբողջությամբ: Ձեռնարկատերերն ազատվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, եւ մի շարք այլ արտոնություններ: Նպատակը, ինչպես տեսնում եք, բարի է: Այլ կերպ ասած` սա հարկային բեռի զգալի թեթեւացում է՝ մի կողմից, եւ ներդրումների համար բարենպաստ պայմանների առաջարկում՝ մյուս կողմից: Կառավարությունն էլ իր եզրակացության մեջ նշում է, որ ողջունելի է համարում ներդրումային միջավայրի բարելավմանը եւ համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Եվ պարզ հարց է առաջանում` ինչո՞ւ չանել դա:



Հայրենի կառավարությունը, սակայն, հենց այդ պարզ հարցի պատասխանը չունի: Եվ Հովիկ Աբրահամյանի կաբինետը, փոխանակ մտածելու մի լավ բան անելու մասին, սկսում է պատճառներ փնտրել այդ լավ բանը չանելու համար: Չէ՞ որ ամիսներ առաջ հարկերից ազատեցին սահմանամերձ գյուղերը; Ինչո՞ւ չմտածել ՀՀ մյուս մարզերի ու քաղաքների գործարար շրջանակներին եւս արտոնություններ տալու մասին:
Մենք համամիտ ենք կառավարության այն դիտարկմանը, որ ՕԵԿ-ի նախագիծը թերի է: Թերի է այն առումով, որ խիստ հատվածական մտածելակերպի արդյունք է: Կառավարությունը ճիշտ է ասում` ինչո՞ւ միայն Շիրակի մարզ եւ Գյումրի: Իսկ Լոռի՞ն, իսկ Վայոց Ձո՞րը: Այսքան բանը հասկանալով հանդերձ, մեր կառավարությունը ոչ թե փորձում է լրամշակել ՕԵԿ-ի օրինագիծը, այլ որոշում է մերժել: Սա ճիշտ այն բժշկի պատմությունն է, ով մտածում է` հիվանդի գլուխը որ կտրի, գլխացավը կանցնի:
Նորից տանք մեր պարզ հարցը` ինչո՞ւ չանել մի բան, որ կոչվում է հարկային բեռի թեթեւացում եւ միջոցների ներգրավման համար շահեկան միջավայրի ստեղծում, ընդ որում՝ ոչ միայն Շիրակում եւ Գյումրիում, այլեւ ողջ երկրում:



Կառավարությունը, որովհետեւ չի ցանկանում որեւէ լավ բան անել, սկսում է փիլիսոփայել. «Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ»: Այո, երբ չես ցանկանում որեւէ լավ բան անել, կարելի է նաեւ այսպիսի ապուշություններով խուսափել հարցից: Բոլորն էլ հասկանում են, որ պատերազմող ու տնտեսական շրջափակման մեջ ընկած երկրում ներդրումներ անելը միշտ էլ ռիսկային է: Բայց բոլորը նաեւ հասկանում են, որ պատերազմող, շրջափակված, աղքատությունից աչք չբացող, արտագաղթող երկրում այսպիսի տոտալ հարկահանություն իրականացնելը կամ հավկուրություն է, կամ նախորդ ձախողակ կառավարության կուրսի կրկնություն, որը կբերի միայն նորանոր ձախողումների:



Եթե Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ իր ֆիզիանոմիային նայելով օտարերկրյա ներդրողները վազելու են Հայաստան, ապա չարաչար սխալվում է: Ներդրողները, ի թիվս այլ պայմանների (ներառյալ նաեւ վարչապետի ֆիզիանոմիան), ուսումնասիրում են նաեւ տվյալ երկրի հարկային համակարգը, որպեսզի հասկանան, թե ինչ են շահելու իրենք: Ու երբ տեսնում են, որ իրենք աշխատելու են միայն հարկեր վճարելու համար, պարզապես մոռանում են այն հաճելի տպավորության մասին, որ իրենց վրա թողնում է այդ երկրի վարչապետը:



Վերցրեք Բաթումի օրինակը: Վրաստանը որքան էլ հրաշալի երկիր էր իր եվրակողմնորոշումներով ու ազատություններով, Բաթումում օտարերկրյա ընկերությունները հայտնվեցին այն բանից հետո, երբ 10 որոշ դեպքերում նույնիսկ 15 տարով նրանց ազատեցին հարկերից: Անցել է մոտ 5-6 տարի, եւ ցարական բանակի գեներալների ամառանոց համարվող Բաթումը դարձել է տարածաշրջանի ամենաբարեկեցիկ քաղաքներից մեկը, եթե ոչ ամենաբարեկեցիկը: Մինչդեռ հրաշք տեղի չի ունեցել, այլ Վրաստանի կառավարությունը գնացել է մի քայլի, որը, չնայած ռուս-վրացական հակամարտությանը, գրավիչ է դարձրել այդ քաղաքի ներդրումային ոլորտը:
Բաթումը Գյումրիի հետ չես համեմատի, թեեւ Գյումրին ժամանակին ավելի մեծ ու բազմամարդ էր, քան Բաթումը: Բաթումը, լինելով ծովափնյա քաղաք, ունի նաեւ իր յուրահատուկ գրավչությունները: Բայց նաեւ սխալ է մտածելը, որ ծով չունեցող Գյումրին չի կարելի գրավիչ դարձնել հարկային քաղաքականությամբ: Ես չգիտեմ, թե ով է Գյումրին փրկելու նպատակով բուհերը Գյումրի տանելու մտքի հեղինակը, բայց կարող եմ ասել, որ դա մեծագույն մոլորություն է:



Հարցը չի լուծի նույնիսկ մայրաքաղաքը Գյումրի տեղափոխելը: Այս ամենն աննպատակ ծախսերի հետ կապված հարցեր են: Փոխարենը Գյումրիի համար շատ ավելի կարեւոր է հարկերից ազատված կամ թեթեւացված հարկային բեռով արդյունաբերության զարգացումը: 10-15 տարով չինացիներին կառավարման տվեք այդ քաղաքը եւ ձեզ կվերադարձնեն բոլորովին այլ Գյումրի: Սա շատ բարդ հարց չէ, պարզապես 10-15 տարով պետք է զսպել գայլային ախորժակը եւ աղքատների հագից վերջին ցնցոտին չհանել՝ որպես պետությանը վճարվող հարկ:



Ամերիկացիները գնեցին Որոտանի կասկադը: Բոլորն ուրախ են, հպարտ, որ Ամերիկայի նման երկիրը Հայաստանում ներդրում արեց: Ամերիկացիները շատ այլ բաներ կգնեն, եթե հայաստանյան օրենքներն ու հարկային համակարգը չխանգարեն, եթե Հայաստանի կառավարությունն աշխատի հնարավորինս ոտքի տակ չընկնել եւ իր որոշումներով չարգելակել քաղաքների ու մարզերի զարգացումը:
Ի դեպ, Հայաստանին պե՞տք է կառավարություն, թե՞ ոչ: Եթե այն պետք է խանգարի եւ զբաղվի միայն նորանոր թանկացումներն օրինականացնելով, ապա այդպիսի կառավարության կարիքը մենք չունենք: Եվ պատկերացրեք, թե բյուջեն որքան լավ կզգա իրեն այդ բեռից ազատվելու դեպքում: Կարելի է, հազարավոր մեծ ու փոքր պաշտոնյաների եւ տասնյակներով շենքեր պահելու փոխարեն, պահել մի մասնագիտական խորհուրդ, որը թե օրենսդրական դաշտը եւ թե հարկային համակարգը կկարողանա գրավիչ ու ներդրումային դարձնել:



ՀԳ. Ներդրումների մասին խոսելիս մենք, հիմնականում, պատկերացնում ենք օտար ներդրողների: Սա ճիշտ մոտեցում չէ: Պետք է նկատի ունենալ նաեւ հայաստանյան կապիտալը, որ թափառում է աշխարհի տարբեր երկրներում` սկսած օֆշորներից, վերջացրած Հնդկաստանով, Չինաստանով ու Ռուսաստանով: Փող կա, բայց այդ փողը Հայաստանում շրջանառելու հնարավորությունները չկան` սա է մեր խնդիրը: Կառավարությունը մերժում է ամեն ինչ: Բայց ինչո՞ւ: