Ամեն ինչ վատ չէ, բայց վարդագույն էլ չէ․ փոխվարչապետ

Ամեն ինչ վատ չէ, բայց վարդագույն էլ չէ․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի ցանկանում տպավորություն թողնել, թե երկրում պատկերը վարևդագույն է, բայց նաև չի հերքում, որ կան խնդիրներ։



«Մենք չենք հերքում, որ կա արտագաղթ, կա աղքատություն: Այդ թվերը հրապարակվում են, իսկ մենք ուշի ուշով հետևում ենք այդ թվերի դինամիկային և այն ոլորտներին, որտեղ առկա խնդիրների լուծման համար մենք իրականացնում ենք միջոցառումներ: Ես չեմ ցանկանում տպավորություն թողնել, որ պատկերը վարդագույն է: Գիտեք, երբ ես ասում եմ, որ մենք կունենանք տնտեսության շատ դրական փոքր աճ, սկսում են ասել, թե վիճակն ահավոր վատ է: Երբ ես ասում եմ, որ դա ամեն դեպքում դրական աճ է լինելու, ասում են, թե ամեն ինչ վարդագույնով է ներկայացվում: Կառավարությունն ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են երկրում առկա խնդիրների լուծմանը, և այդ ուղղությամբ էական ջանքեր են գործադրվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Գաբրիելյանը:
Նա կոչ արեց չխոսել չեղած բաների մասին, չսարքել խրտվիլակ և ոչնչացնել այն․ «Որևէ մեկը չի պնդում, որ ամեն ինչ երկրում լավ է, և որևէ խնդիր չկա: Չկա նման բան, բայց, միևնույն ժամանակ չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, ինչպես հաճախ ներկայացվում է: Երբ մենք նայում ենք թվերին, տեսնում ենք, որ իրավիճակը բոլորովին էլ այդպիսին չէ»։



Դիտարկմանը, թե հանրությունը չի վստահում Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված թվերին, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Գիտե՞ք, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը ցույց է տալիս վատ վիճակագրություն, դուք միանգամից դրան հավատում եք, սակայն երբ լինում են լավ ցուցանիշներ, չեք հավատում»:



Ըստ Գաբրիելյանի՝ մամուլը նրա համար չէ, որ միայն վատը տեսնի և վերհանի: Նրա կարծիքով՝ մամուլը պետք է տեսնի և քննադատի վատը, սակայն պետք է նաև տեսնի լավը և դրվատի: «Եթե մենք գնանք միայն վատը վեր հանելու և լավն անտեսելու ճանապարհով, երբեք չենք կարողանալու հաջողություն արձանագրել»,- նշեց Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երկրորդ կիսամյակում մի շարք ծրագրեր ակտիվանան, որոնք կնպաստեն տնտեսական աճին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ