Խոշոր շահում` սահմանադրական բարեփոխումների փաթեթի տեսքով

Խոշոր շահում` սահմանադրական բարեփոխումների փաթեթի տեսքով

Հայրենի ընդդիմության կամ, ինչպես արդեն սովորեցինք ասել՝ ոչ իշխանական ուժերի բախտը բերել է: Նրանք կարծես խոշոր շահում ունեն՝ ի դեմս հրապարակ իջած սահմանադրական բարեփոխումների փաթեթի: Իսկ հաստատ շահել են, որովհետեւ այդ փաթեթը նրանց վերակենդանացման համար հիանալի հնարավորություններ է ստեղծում:
Հիմնավորեմ խոսքս: Փետրվարյան ցունամիից դեռ ուշքի չեկող եռյակի առանձին ներկայացուցիչներ սկսել են բերանները բացուխուփ անել եւ խոսել այն մասին, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Նրանք, ճիշտ է, մինչեւ «սեւ» փետրվարն էլ դեմ էին բարեփոխումներին, բայց խնդիրն այս պահին ոչ թե նրանց հայացքներին է վերաբերում, այլ ռեանիմացիային: Սա այն դեպքն է, երբ ինսուլտ տարած մարդն սկսում է կրկին բառեր շշնջալ:



Եթե ոչ իշխանական ուժերի գործերը մի քիչ լավ գնան, որոշ պրոգնոզներով, օգոստոսի կեսերին մենք կունենանք սահմանադրական բարեփոխումների դեմ վերամիավորվող ընդդիմություն: Ամենակարեւորը՝ խոսելու թեման, ինչպես ասացինք, պատրաստ է, մնում է այդ մասին խոսել միասին, նույն հարթակից, հավաքվել միմյանց գրասենյակներում, քննարկումներ անել, հետո, իմաստունի կեցվածք ընդունած, կանգնել լրատվամիջոցների առաջ ու մեկնաբանել հերթական նիստը, որի ընթացքում ազգի համար բախտորոշ հարց են քննել: Մի խոսքով՝ օգոստոսի կեսերից ոչ իշխանական սեկտորում վակուումը կարող է լցվել նկատելիորեն, ինչը եւ ուրախալի է, եւ ցանկալի:
Հարցնում եք՝ ինչու օգոստոսի կեսերի՞ց: Բանն այն է, որ հենց այդ ժամանակ են արտերկրյա զբոսավայրերից վերադառնալու ոչ իշխանական մտքի տիտանները: Այ, երբ նրանք վերադառնան արձակուրդից եւ մի թեթեւ ադապտացվեն հայաստանյան առօրյային, ընդդիմության վերամիավորման գործընթացը կսկսվի:



Ասում են՝ դժվարն սկսելն է: «Ժառանգությունից» մի շնորհալի երիտասարդ, անունը չտամ, մոտավորապես պատկերացնում է, թե ինչպես պետք է սկսել: Նրա խոսքով՝ մինչեւ լայն ճակատի ստեղծումը պետք է լինեն փակ խորհրդապահական հանդիպումներ, եւ լայն ճակատի ստեղծումից հետո նոր միասնական գործողություններ արվեն: Պետք չէ, որ ինչ-որ մեկը փորձի դիվիդենտներ ստանալու խնդիր լուծել եւ առաջինն ինչ-որ միջոցառումներ անի ու մյուսներին հրավիրի՝ միանալ իրեն: Նման մոտեցում չպետք է լինի, պետք է լինեն միասնական փակ քննարկումներ, հետո նոր ինչ-որ գործողությունների դիմեն:
Սա մեզ հիշեցնում է քառյակ-եռյակի գործելաոճը, այն տարբերությամբ միայն, որ խորհրդարանում հնարավոր չի լինի սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող որեւէ լուրջ (կամ հրաշալի) ձեւաչափ ապահովել: Լավագույն դեպքում դա կարող է լինել երկյակ, որովհետեւ մյուս ոչ իշխանականները (ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ) յուրովի են մոտենում խնդրին: Թե ինչ կստացվի ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունից այս պայմաններում, մի քիչ դժվար է գուշակել, որովհետեւ հույսները դրել են արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական շարժումների վրա, իսկ դրանք միշտ չէ, որ ոչ իշխանական են: ՀՀԿ-ն վերջին շրջանում, քանի դեռ ընդդիմադիր գլուխները մրափի մեջ են, քիչ գործ չի կատարել փողոցը խառնելու եւ շատերին այնտեղ իրենով անելու ուղղությամբ: Հենց միայն այն, որ քաղաքացիական շարժումներն իրենց հարթակին մոտ չէին թողնում Ժիրայր Սեֆիլյանի նման սիրված ընդդիմադիր գործչին, արդեն իսկ խոսուն փաստ է, որ ՀՀԿ-ն նաեւ փողոցում է աշխատում:



Իսկ ՀԱԿ-«Ժառանգություն» երկյակը կարո՞ղ է լայն ճակատ կազմել «հակաբարեփոխական» թերեւս ամենալուրջ ուժի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կարո՞ղ են, ինչպես իրենք են մտածում, փակ, խորհրդապահական հանդիպումներ անցկացնել նրա հետ, միասնական գործողությունների գնալ եւ այլն: Անձամբ ես թերահավատ եմ Լեւոն-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Ռոբերտ Քոչարյան հրաշալի եռյակի հարցում, բայց, ասում են, քաղաքականության մեջ ինչ ասես կարող է լինել, մանավանդ, երբ ձեռքի տակ որեւէ քաղաքագիտական վերլուծություն կա:
Այսուհանդերձ, պատկերացնենք, որ հակաբարեփոխականներին (չենք ասում՝ ոչ իշխանականներին) հաջողվի որեւէ (լայն կամ համեմատաբար նեղ) միասնական ճակատ ստեղծել. ինչպե՞ս են նրանք ժողովրդին ներքեւ բերելու եւ համոզելու՝ դեմ արտահայտվել մի բանի, որի հետ նա գուցե արդեն հույսեր է կապում՝ իր կյանքը բարեփոխելու իմաստով: Ուզում ենք ասել՝ սա այն վիճակը չէ, որ ոչ իշխանականները «Խոշոր շահումի» հերոսի՝ Գառնիկի պես գան, սիգնալ տան, ու ժողովուրդն իջնի: Այս դեպքում մարդիկ գցելու-բռնելու են, թե իրենց ինչ է տալիս գործող սահմանադրությունը, եւ ինչու են տվյալ ոչ իշխանականներն ատամներով պաշտպանում այն: Այսինքն, հակաբարեփոխականների ճակատն իր դռնփակ, խորհրդապահական նիստերի ժամանակ դեռ պետք է նաեւ մտածի եւ հիմնավոր պատճառներ գտնի, թե ինչու է դեմ բարեփոխումներին: